Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ երեկ ուշ երեկոյան ադրբեջանական կողմից գնդակոծություն է սկսվել Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 61-ամյա Վանիկ Ղուկասյանը:
Armlur.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Մանվել Կամենդատյանը հայտնեց, որ զոհված բնակիչը կրակոցների ժամանակ իր տանն է եղել: Նրա հետ են եղել նաև կինը՝ Անահիտ Ղուկասյանը, և որդին՝ Արսենը:
«Տնեցիները չեն տուժել, բարեբախտաբար: Գնդակը միանգամից Վանիկին է դիպել: Նախկինում էլ է պատահել, որ տների ուղղությամբ է կրակել հակառակորդը, սակայն ողբերգությամբ չէր ավարտվում: Արդեն տանդ մեջ նստած ժամանակ էլ հանգիստ չես կարող լինել, որ գնդակը քեզ չի դիպչի»,- վշտացած ասաց գյուղապետը՝ հավելելով, որ զոհված բնակիչը ևս մեկ որդի ու դուստր ունի, որոնք ամուսնացած են:
Վանիկ Ղուկասյանը, գյուղապետի փոխանցմամբ, հողագործությամբ էր զբաղվում, գյուղում գումարի դիմաց կոմբայն էր վարում:
Լուսանկարը՝ razminfo.am-ի