ՀԱՐՍԱՆԻՔ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի ընթերցողները կհիշեն ամիսներ առաջ երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանի հետ հարցազրույցը, որում երգչուհին ասել էր, թե հուլիսի վերջին կկայանա իր հարսանեկան շքեղ արարողությունը, որին արդեն քանի ամիս է՝ պատրաստվում են:  Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ. երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանի ու «Եվրոպա» հյուրանոցի սեփականատիրոջ որդու` Արման Մանուկյանի հարսանիքը չի կայանա: Երգչուհին այս հարցում բավականին գաղտնապահ է, ոչ մի ավելորդ բան չի խոսում իր անձնականից, պարզապես նշում է, որ երկկողմանի չհասկացան իրար: Բայց, ըստ շրջանառվող լուրերի, բաժանման պատճառը Մարիաննայի «կապրիզներն» են եղել: Իհարկե, երգչուհին պնդում է, որ դա չէ. «Պատճառը ես եմ եղել այնքանով, որ նշան հետ տալն իմ որոշումն է եղել, ընդամենը: Իսկ պատճառների մասին ես հաստատ հիմա չեմ բարձրաձայնի: Չեմ ուզում մանրամասները շեշտել, դա արդեն, իմ կարծիքով, խիստ անձնական է: Եթե այդպես է եղել, ուրեմն այդպես ենք ճիշտ գտել ես էլ, իմ նախկին ընկերոջ կողմն էլ»: Հարցին, թե արդյոք չի գտնում, որ սխալ է եղել, երգչուհին պատասխանել է. «Հավատացե՛ք, ես այս դրության մեջ հիմա ճիշտն ու սխալը փորձում եմ չփնտրել: Գուցե ես էլ եմ սխալ եղել, իրենք էլ: Ամեն մեկն էլ ցանկացած պատմության մեջ ունի իր ճիշտն ու սխալը: Ես հիմա չեմ փորձում մտածել, թե որն էր ճիշտը: Ամեն դեպքում, եթե մի բան պետք է լինի, ապա լինում է»:
Հիշեցնենք, որ Մարիաննան ու Արմանը ծանոթացել էին դեռ ուսանողական տարիներին, երբ նրանք երկուսն էլ սովորում էին ԵՊՀ-ում՝ Մարիաննան` ռոմանո-գերմանական ֆակուլտետում, իսկ Արմանը` իրավաբանական: Նրանց նշանադրությունը կայացավ անցյալ տարի նոյեմբերի 17-ին` Մարիաննայի ծննդյան օրը՝ 20-րդ տարեդարձին:




Լրահոս