ՀԱՐՑ. Պատահաբար ձեռքիս հայտնվեց ուզբեկական փող, բայց քանի որ այն ինձ պետք չէր, որոշեցի դրամի վերածել՝ վստահ, որ եթե ոչ մասնավոր բանկերում, ապա ԿԲ-ում այն շատ արագ կարող եմ դրամով փոխել: Ապշած աշխատակիցը մի պահ կարկամելուց հետո ճշտեց եւ ինձ պատասխանեց, որ նման գործարք հնարավոր չէ կատարել: Ուզում եմ իմանալ՝ մոտս եղած գումարը որեւէ կերպ հնարավոր է դրամի փոխել, եւ եթե այո, ապա որքա՞ն է ուզբեկական փողի կուրսը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան հարցմանը՝ հայտնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկում չեն իրականացվում արտարժույթի փոխանակման գործառնություններ. դա առեւտրային բանկերի կողմից իրականացվող գործառույթ է: Փոխարկման համար անհրաժեշտ է դիմել առեւտրային բանկերին:
Ինչ վերաբերում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակվող ուզբեկական սումի՝ արժութային շուկայում ձեւավորված միջին փոխարժեքին, հայտնում ենք, որ վերջինիս փոխարժեքը դրամի հանդեպ 18.07.2012թ. դրությամբ կազմում է 10 ուզբեկական սում-2,17 դրամ: Նկատենք, որ այս փոխարժեքը ձեւավորվում է հիմնականում ՀՀ-ում ԱՄՆ դոլար-դրամ գործարքների արդյունքում ձեւավորված միջին փոխարժեքի եւ միջազգային շուկաներում ԱՄՆ դոլար-ուզբեկական սում փոխարժեքի հարաբերման միջոցով ու ծառայում, ըստ անհրաժեշտության, միջպետական գործարքների հաշվարկի համար եւ ոչ ՀՀ ֆինանսական շուկայում տվյալ արժույթի փոխարկման համար:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավանականությունը զրոյի է հավասար, որ մեր ընթերցողը կկարողանա իր մոտ եղած արժույթը որեւէ առեւտրային բանկում դրամի վերածել: Խնդիրն այն է, որ մեզ հայտնի մի քանի արժույթի տեսակներից բացի, ՀՀ-ում մյուս դրամատեսակների փոխանակման հնարավորություն չկա: Սա նշանակում է, որ ՀՀ ժամանող զբոսաշրջիկները, բացի եվրոյից, դոլարից, ռուսական ռուբլուց ու, լավագույն դեպքում, վրացական լարիից, այլ արժույթ իրենց հետ Հայաստան բերելու հնարավորություն չունեն: