Azatutyun.am-ը գրում է. արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին իշխող Հանրապետական կուսակցությունում խոսել անգամ չեն ցանկանում։ Ըստ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, նոր իշխանություն կարող է ձևավորվել միայն հերթական ընտրությունների միջոցով. որ ուժը առավելագույն ձայներ հավաքի, նա էլ կլինի իշխող։
«Ազատության» հետ զրույցում Բաղդասարյանը համաձայնեց Գագիկ Ծառուկյանի այսօրվա դիտարկմանը, թե Հայաստանում մեկ ուժ է իշխում՝ ընդգծելով՝ դա իրենց ընտրությունը չէ, և որ Հանրապետականն այս պահին էլ պատրաստ է Ծառուկյանի ղեկավարած կուսակցության հետ կոալիցիա կազմել։
«Մեր դռները բաց են, ովքեր կկիսեն պատասխանատվությունը, և ոչ թե վերահսկողություն առանց պատասխանատվության, ովքեր կկիսեն, մենք պատրաստ ենք համագործակցելու», – ասաց Բաղդասարյանը։
Այսօր Ծառուկյանը հայտարարեց, որ գնդակը իշխանության դաշտում է, սակայն քայլերի համար տրված ժամկետն անսահմանափակ չէ։ Բաղդասարյանը հակադարձեց՝ գնդակը միշտ է իրենց մոտ եղել։
«Եթե իշխանություն է, բնականաբար, գնդակը միշտ է իր դաշտում, և իշխանությունը միշտ քայլեր կատարող է, հետևաբար ոչ իշխանական ուժերը հանրությանը դուր գալու համար կարող են անհնարին և անիրագործելի ցանկություններ ունենալ, բայց մենք չենք շեղվում մեր ծրագրերից, մեր զարգացման ծրագրերից, և այն, ինչը հասու է, հասանելի է և իրագործելի է, մենք իրագործում ենք դրանք», – ասաց Բաղդասարյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում