ԼՈՒԾՈՒՄԸ ՍԽԱԼՆ ԸՆԴՈՒՆԵԼՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կառավարությունն ընդամենը երեք ամսվա ընթացքում ստիպված է միեւնույն՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքի նույն դրույթի կիրառումը դադարեցնելու առաջարկով դիմել խորհրդարանին: Խոսքն օրենքի այն հատվածի մասին է, որը նախատեսում է տնտեսվարողների ողջ շրջանառության պարտադիր փաստաթղթավորում: Հիշեցնենք, որ օրենսդրական այս փաթեթը մշակվել եւ ԱԺ-ի հաստատմանն է ներկայացվել 2014 թվականի ամռանը: Ավելին՝ ոչ իշխանական եռյակի եւ, մասնավորապես, ԲՀԿ-ի պատգամավորները, որոնք վերջին օրերին իբր ողջունում եւ աջակցությունն են հայտնում օրենքի դեմ բողոքող ձեռներեցներին, ժամանակին ոչ միայն կողմ են քվեարկել համապատասխան օրինագծին, այլեւ մի բան էլ այն ողջունել են: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած Կառավարությունն այսօր, մեղմ ասած, անհեթեթ վիճակում է հայտնվել, քանի որ «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունը նրա Կառավարության կողմից նախաձեռնած առաջին լուրջ քայլն էր: Սակայն այսօր արդեն ակնհայտ է, որ Կառավարությունը հայտնվել է մի փոսում, որն ինքը կամ իր նախորդն է փորել, եւ դրանից դուրս գալու միակ ելքը նահանջելն է: Իսկ կգնա՞ն արդյոք դրան:

 

 

 

 
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Ճոյտի ձերբակալումը կապված է «Ուրախ եւ տխուր» ՍՊԸ-ի գործունեության հետ: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանի որդին՝ Արմեն Հակոբյանը: Հիշեցնենք, որ ըստ ֆինանսների նախարարության նախկինում տարածած պաշտոնական հաղորդագրության՝ «Ուրախ եւ տխուր» ՍՊԸ-ի դեմ կազմված ակտի գումարը եղել է 428.5 մլն դրամ: «Մենք հարկային այդ ակտը բողոքարկեցինք դատարանում, ու այդտեղից սկսեցին իրենց գործողությունները: Ամեն ինչ անում են, որ դատարանով չկարողանանք առաջ գնալ եւ մեր շահերը պաշտպանել: Գալիս էին, ՍՊԸ-ի աշխատակիցներին հարցնում էին՝ Հակոբյանը ձեր աշխատավարձ տվե՞լ է, ճի՞շտ է, որ ձեզ ծեծում է: Բոլորին այդպես գնացել, տանը ահաբեկել են: Մարդիկ ասել են, որ Հակոբյանն իրենց լավ է վերաբերվում, աշխատավարձը ժամանակին տալիս է: Հիմա ես կոնկրետ չգիտեմ, թե քանի մեղադրանք են առաջադրել հայրիկիս, բայց բոլորն անօրինական են»,- ասել է Հակոբ Հակոբյանի որդին:

 

 

 

 

 
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2014 թվականին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրիլիոն 127 միլիարդ 226 միլիոն դրամ: Մինչդեռ 2014 թվականի պետական բյուջեի մասին օրենքով անցած տարվա եկամուտները պետք է կազմեին 1 տրիլիոն 135 միլիարդ 902 միլիոն դրամ: Այսինքն՝ պետական բյուջեն ավելի քան ութ ու կես միլիարդով թերակատարվել է: Իսկ եթե հաշվի առնենք, որ պետական բյուջեի եկամուտներից 7 միլիարդը սնանկ ճանաչված «Արմավիայի» նախկինից կուտակած պարտքերն են, ապա ստացվում է, որ թերակատարումը կազմում է ավելի քան 15 միլիարդ դրամ: Ի դեպ, 2014-ի բյուջեի եկամուտներից հարկերն ու տուրքերը կազմել են 1 տրիլիոն 64 մլրդ 118 մլն 400 հազար դրամ: Հարկեր եւ տուրքերից ավելի քան 700 միլիարդը, կամ շուրջ 70 տոկոսը վճարել են խոշոր հարկատուները: Սա Հայաստանի տնտեսության հիվանդության՝ մենաշնորհվածության հիմնական ապացույցն է:

 

 

 

 

Ամիսներով պետական պաշտոնները թափուր պահելը Հայաստանում սկսում է ավանդույթի վերածվել: Ինչպես հայտնի է՝ անցած տարվա նոյեմբերի 21-ից, երբ Վահե Հակոբյանը հրաժարական ներկայացրեց, թափուր է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի պետի պաշտոնը: Ավելին՝ իշխանությունների կուլիսներում առկա զրույցների արդյունքում կարելի է կարծել, որ ոչ ոք չի ցանկանում այդ պաշտոնում նշանակվել: Սակայն ստեղծված իրավիճակն ունի շատ պարզ բացատրություն. ինքը՝ պաշտոնը, մի ամբողջ կոմիտեի ղեկավարի պաշտոն է, ըստ այդմ, նշանակվողը պետք է համապատասխան «վերաբերմունք» դրսեւորի: Սակայն այդ կառույցի ֆինանսական շրջանառությունը, հետեւաբար նաեւ՝ ապագայում ակնկալվող եկամուտներն այդքան չարժեն, ինչի արդյունքում պաշտոնը մնում է թափուր: Նկատենք, որ այս տեսանկյունից անվտանգության խորհուրդի քարտուղարի պաշտոնը բոլոր տեսակի ռեկորդները գերազանցել եւ գերազանցում է: Երկու ամսից կլրանա մեկ տարին, ինչ Հայաստանը նոր ԱԱԽՔ չունի:

 

 

 

 

 

ՉԵՆՔ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը Կոնգրեսին է ներկայացրել 2016թ. բյուջեի նախագիծը, որում Հայաստանին հատկացվող գումարը նվազեցված է աննախադեպ չափի: Գալիք տարվա համար Օբաման առաջարկել է Հայաստանին հատկացնել 18 միլիոն 360 հազար ԱՄՆ դոլար, ինչն ամենացածր հատկացումն է Հայաստանի անկախությունից ի վեր: Հիշեցնենք, որ ընդամենը 3 տարի առաջ` 2012-ին, Հայաստանին հատկացված ամերիկյան օգնությունը կազմում էր 40 միլիոն ԱՄն դոլար: 2013-ին այդ օգնությունը նվազեցվեց մինչեւ 27 միլիոն 219 հազար դոլարի, իսկ արդեն 2014-ին կազմեց 20 միլիոն դոլար:
Տարեցտարի ԱՄՆ վարչակազմի կողմից Հայաստանին հատկացվող օգնության նվազեցումը, թերեւս, միանգամայն տրամաբանական է եւ համահունչ այդ երկրի` Հայաստանի նկատմամբ ունեցած հետաքրքրության հետ: Օրինակ՝ 2003-ին, երբ ԱՄՆ-ը Հայաստանին տարեկան հատկացնում էր 174 միլիոն դոլար, ամերիկյան ազդեցությունը մեր երկրում շատ ավելի մեծ էր: Համենայնդեպս, այդ ազդեցության ամրապնդման համար դաշտը առավել բաց էր: Մինչդեռ հիմա, երբ մեր երկիրը ոչ միայն իր քաղաքական, այլեւ տնտեսական զարգացման հեռանկարը կապել է ԵՏՄ-ի հետ, ԱՄՆ-ը առանձնապես մեծ շահագրգռություն չպիտի ունենա Հայաստանին ցուցաբերվող տնտեսական օգնությունը չնվազեցնելու հարցում: Այնպես որ, Օբամայից դժգոհելու տեղ չունենք, հատկապես որ ի տարբերություն Ռուսաստանի՝ Միացյալ Նահանգները շարունակում է պահել հավասարակշռությունը Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հարցում, որն այս տարի նվազեցվել է՝ հասնելով 1 միլիոն 700 հազար դոլարի:
Մտահոգիչ է այն, որ այս տարի եւս ԱՄՆ վարչակազմի ներկայացրած բյուջեով չի նախատեսվում հատկացումներ կատարել Լեռնային Ղարաբաղին, եւ առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք անցած տարիների նման 2016-ին եւս Ղարաբաղը կստանա ԱՄՆ-ի Զարգացման միջազգային գործակալության հատկացրած 2 միլիոն դոլարի օգնությունը:
Ամեն դեպքում, երբ Ամերիկայի հայ ազգային կոմիտեն անում է հնարավորը` երկրի վարչակազմից Հայաստանի համար առավելագույն չափով հատկացումներ ստանալու համար, ակամայից զուգահեռներ են առաջանում Ռուսաստանում հայկական տարբեր կազմակերպությունների, օրինակ` Ռուսաստանի հայերի միության գործադրած ջանքերի, ավելի ճիշտ` դրանց բացակայության հետ: Թեեւ ծիծաղելի կլիներ սպասել, որ տնտեսական ճահճում հայտնված Ռուսաստանը ի վիճակի է որեւէ մեկին ֆինանսական օգնություն տրամադրել: Այդ երկիրը նույնիսկ մինչ այս ճգնաժամը պահանջեց եւ ետ ստացավ 2011-ին Հայաստանին տրված 500 միլիոն դոլարի վարկը, այն դեպում, երբ Արեւմուտքից վերցված միլիոնավոր դոլարների վարկերի վերադարձի մասին առայժմ խոսք չկա: Դե, իսկ սեպտեմբերի 3-ից հետո տարփողվող մնացած հայ-ռուսական ծրագրերը, համաձայն որոնց Ռուսաստանը պետք է 1,5 միլիարդի հասնող նախագծեր իրականացնի Հայաստանում, շարունակում են մնալ Գյուլնազ տատի սիրելի ժանրից:




Լրահոս