Հուվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած արյունալի բախման մասին քննարկումները չեն դադարում. քաղաքական ու հասարակական շրջանակները փորձում են հասկանալ, թե ինչու այդպես ստացվեց, կողմերից ում մեղքի բաժինն էր ավելի մեծ, սակայն վերջնական պատասխան, բնականաբար, որեւէ մեկին դեռ չի հաջողվել գտնել:
Ի՞նչ տեղի ունեցավ այդ օրը. «Հիմնադիր խորհրդարանի» անդամները «100-ամյակն առանց ռեժիմի» լոզունգով ավտոերթով շարժվեցին դեպի, իրենց բնութագրմամբ, Հայաստանի մարզերից մեկը՝ Արցախ: Այսինքն՝ նրանք ի սկզբանե հայտարարեցին, որ չեն ընդունում Արցախի անկախությունը: Բացի այդ՝ նրանց նախապես զգուշացվել էր, որ չեն թույլատրելու մտնել Արցախի տարածք, սակայն ակցիայի կազմակերպիչները համառեցին՝ բախվելով զինված ոստիկաններին ու արցախյան ազատամարտի մի խումբ մասնակիցների: Արցախյան կողմն այնպիսի գազանությամբ է ծեծել ավտոերթի մասնակիցներին, կարծես թե թշնամիների է հայտնաբերել սահմանին:
Թվում էր, որ կատարված վայրագությունից հետո ժողովրդավար Արցախի իշխանությունը, թմբիրից դուրս գալով, պետք է իրավիճակը շտկելուն ուղղված քայլեր աներ, սակայն ԼՂ նախագահ Բակո Սահակյանը երեկ միայն խորհրդակցություն հրավիրեց եւ փոխանակ հրահանգեր քրեական գործ հարուցել քաղաքացիներին ծեծի ենթարկելու, ուրիշի գույքը վնասելու առիթով, ընդամենը բավարարվեց ծառայողական քննություն նշանակելով: Այսինքն՝ Բակո Սահակյանի համար այդ ծեծի տեսարաններում դեռ մութ հարցեր են մնացել, որոնք պետք է պարզաբանվեն ծառայողական քննության ընթացքում: Հետաքրքիր է՝ ի՞նչ նոր բացահայտում պետք է անի այդ քննությունը, եթե տեսանյութերում ակնհայտ երեւում է, որ ոստիկաններն ու թեւկապներով ինչ-որ մարդիկ են ծեծում «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին ու կոտրում նրանց մեքենաները: Վերջիններս մի կերպ հետ են փախչում:
Հիմա փորձենք հասկանալ, թե այդ արյունալի իրադարձությունը ի՞նչ տվեց Հայաստանին ու Արցախին: Նախ՝ կրկին խորացրեց ՀՀ նախորդ իշխանության օրոք սկսված եւ գործող իշխանության օրերում առկա ղարաբաղցի-հայաստանցի անջրպետը, տեղիք տվեց խոսակցությունների, թե արդյո՞ք նրանց համար էին կռվում մեր տղաները, ղարաբաղցիները վատն են եւ այլն: Եւ բացի այդ՝ միջազգային՝ ադրբեջանական ու թուրքական լրատվամիջոցները հեղեղված են հրապարակումներով, թե տեսեք՝ ղարաբաղցիներն ինչպես են ծեծում հայերին, ագրեսոր են նրանք եւ այլն:
Իսկ ո՞ւմ կարող էր սա ձեռնտու լինել: Քիչ չեն կարծիքները, թե Ռուսաստանն է սարքել այդ ջարդը, որպեսզի Գյումրեցի ընտանիքի ոչնչացումը որեւէ կերպ արդարացնի, թե տեսեք՝ գազանությունն ամենուր է, նաեւ՝ ձեր մեջ: Ինչ խոսք, վարկածը կյանքի իրավունք ունի, բայց առավել մեծ է հավանականությունը, որ այս իրավիճակը ձեռնտու էր Թուրքիային:
Բանն այն է, որ «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռության անունն արդեն ամեն ինչ ասում է. իսկ նրանց ծեծելը նշանակում է, որ Հայաստանում ցեղասպանության հարցի շուրջ տարակարծություններ կան: Ընդ որում, այդ տարակարծություններն այնքան շատ են, որ անցել են գազանային ծեծի: Ա՛յ, սա արդեն ամենավտանգավոր բանն է, որ կարող է արձանագրվել Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին: Մինչդեռ այդ առիթով հայ հասարակության պաhանջը պետք է լինի միայն մեկը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դատապարտել եւ հատուցել:
Բայց պարզվում է, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Կառավարությունում 1997թ-ից. տեղեկատվության հրատարակությունների վարչության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Գարեգին Չուգասզյանը, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ նրա հիմնադրած «Սիվիլնեթ»-ի հետ մերձ հարաբերություններ ունեցող Կարո Եղնուկյանը, հիմնադիր խորհրդարանի այլ անդամների հետ միասին որոշել են ավտոերթ ու այլ հրապարակային միջոցառումներ անցկացնել հենց ապրիլի 24-ին՝ պահանջելով ռեժիմի՝ Սերժ Սարգսյանի հեռացումը: Ու եթե մինչ այս նրանց ազդեցությունը թերագնահատվում էր, ապա հիմա պետք է արձանագրել, որ բավականին մեծ աղմուկ բարձրացրեց այդ միավորը, մեծ ուշադրություն բեւեռեց իր վրա՝ փաստի առաջ կանգնեցնելով ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի իշխանություններին: Եւ հիմա էլ ասում են, թե Արցախը պետք է ազատագրել ռեժիմից:
Ի դեպ, կարծիքներ կան նաեւ, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին ծեծի ենթարկելով՝ Հայաստանի եւ Արցախի իշխանություններն ակնարկեցին, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե նրանք փորձեն ապրիլի 24-ին Հայաստանում որեւէ միջոցառում անցկացնել: Իսկ թե որքանով հաջողվեց իրագործել նրանց այդ նպատակը, դժվար է ասել, միայն պետք է փաստենք, որ Արցախ-Հայաստան սահմանին տեղի ունեցած ջարդը միաժամանակ կարող է շահարկվել նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, որտեղ, օրինակ, մեզ համար ոչ այդքան բարեկամ Ղազախստանը կարող է պահանջել նաեւ տնտեսական սահման դնել այդ հատվածում: Այսինքն՝ Արցախը բաժանել Հայաստանից, ինչն անցանկալի է յուրաքանչյուր հայի համար:
Մի խոսքով՝ շատ անհարմար բան ստացվեց:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԴԵՌ ՀԱԼԱԾՈՒՄ ԵՆ
Երեկ ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որում ընդգրկված է նաեւ «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Փոփոխությանը կողմ քվեարկեց 77 պատգամավոր, 17-ը՝ դեմ, իսկ 20-ը՝ ձեռնպահ: Նշենք, որ այդ նախագծով առաջարկվում է Ազգային ժողովին տալ բյուջետային վերահսկողություն իրականացնելու գործնական մեխանիզմ: Սա նշանակում է, որ վերահսկիչ պալատը նման գործառույթ իրականացնող միակ մարմինը չի լինի մեր երկրում: Օրենսդրական փաթեթը ներկայացրել են ԱԺ ՀՀԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ խմբակցությունները համատեղ: Իհարկե, դեռեւս հայտնի չէ, թե երբվանից այդ նորամուծությունը կսկսի գործել, քանի որ փաթեթը դեռ պետք է երկրորդ ընթերցմամբ եւս քննարկվի եւ ընդունվի: Այս նորամուծության ուժի մեջ մտնելուց հետո ԱԺ-ն հնարավորություն կունենա վերահսկելու ինչպես Կառավարությանը, այնպես էլ նույն՝ վերահսկիչ պալատին, որը մինչ այս եղել է միակ վերահսկողը: Հիշեցնենք, որ այս նախագծի հեղինակը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր, ում «կոշտուկները» տրորեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը՝ արդյունքում հասնելով Սարգսյանի պաշտոնանկությանը:
ԱՊՊԱ-Ն ԹԱՆԿԱՑԵ՞Լ Է
«Ժողովուրդ»-ը քաղաքացիներից դժգոհություններ է ստանում այն մասին, որ «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերությունը մեքենաների սպասարկման ծառայության տարեկան վճարը մոտ 2 տոկոսով թանկացրել է: Այդ ըներությունից մեզ պատասխանեցին, որ իրենց մոտ ոչ մի նոր թանկացում չի եղել: «Մեզ մոտ միայն ամռանն է թանկացում արձանագրվել, այն էլ օրենքի շրջանակներում է եղել: Դա 2010 թվականին հաստատված սակագների սահմաններում էր: Ամեն դեպքում, վերջին վեց ամիսների ընթացքում թանկացում չի եղել: Թանկացում կարող է կոնկրետ մարդու դեպքում լինել. «Բոնուս-Մալուս» համակարգը, ըստ որի՝ եթե վարորդը վթար է ունենում, ապա իր սակագինը հաշվարկելիս թանկացնող գործակից է կիրառվում: Դա կախված է, թե վարորդը քանի վթար է ունեցել: Իսկ «Կասկո» ապահովագրության դեպքում հաշվիչ է կիրառվում: Գուցե՞ այնտեղ փոփոխություններ եղած լինեն»,-բացատրեց ընկերության մամլո խոսնակ Էմմա Մոժարովան: Նա նաեւ հայտարարեց, որ ոչ մի ապահովագրական ընկերություն չի կարող ինքնուրույն սակագին վերանայել. «Դա բացառվում է, եթե սակագնի վերանայում լինի, ապա այդ հարցը պետք է Կառավարության մակարդակով որոշվի»,- ասաց Էմմա Մոժարովան:
ՀՀ ՊԱՐՏՔԸ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2014 թվականին Հայաստանի պետական պարտքը կազմել է 4 միլիարդ 441 միլիոն 524 հազար դոլար: Նշենք, որ 2014 թվականի վերջին՝ դեկտեմբեր ամսին, պետական պարտքն աճել է 26 միլիոն 847 հազար դոլարով: Ի դեպ, ՀՀ պետական պարտքից 3 միլիարդ 785 միլիոն 208 հազար դոլարը արտաքին պարտքն է: Արտաքին պարտքը 2014-ի վերջին ամսում աճել է 81 միլիոն 598 հազար դոլարով:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՈՒՇԱՑՈՒՄՈՎ` ՏՂԱՄԱՐԴԱՎԱՐԻ
Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը վերջապես դիմել է ՌԴ իր գործընկերոջը՝ Յուրի Չայկային` Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգության հիմնական մեղադրյալին՝ ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին ՀՀ արդարադատությանը փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ: Թե ինչ արձագանք կստանա այս միջնորդությունը, դժվար է ասել, քանի որ այն ուշացած նամակ է՝ ուղղված ռուսաց դատախազին: Նույնիսկ արդեն դիմելու իմաստը չկար, քանի որ ռուսական ամենատարբեր շրջանակներից տեղեկություններ են հաղորդվում, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը տեղի կունենա Հայաստանում ՌԴ ռազմաբազայի ռազմական կայազորում: Եւ այժմ համաձայնեցնում են Ռուսաստանի օրենսդրության հիման վրա համատեղ մեղադրական եզրակացությունը: Այնպես որ նրան Հայաստանի արդարադատությանը հանձնելու, առավել եւս փոխանցելու մասին խոսք լինել չի կարող: Ու պարզապես անհասկանալի է, թե ինչու Կոստանյանը որոշեց կես ամիս անց արդեն մոռացված ցավոտ դարձած «տղամարդկային խոստման» թեման թարմացնել:
ԴՈՒՐՍ ԵՆ ՄՆԱՑԵԼ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա Քլաբ» ընկերությունը հարկերի վճարման առումով իրեն ոչ բնորոշ ռեկորդ է սահմանել: Armlur.am-ը 1000 խոշոր հարկատուների ցանկն ուսումնասիրելիս պարզել է, որ 2013թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին այս ընկերությունը, որը շահագործում է «Փարավոն» հյուրանոցառեստորանային համալիրը, գտնվել է խոշոր հարկատուների ցանկի 96-րդ հորիզոնականում` վճարելով 1 մլրդ 248 մլն 178 հազար դրամ: Իսկ արդեն 2014թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ԲՀԿ նախագահին պատկանող ընկերությունը պետությանը վճարել է 4 մլրդ 624 մլն 708 հազար դրամ եւ գտնվում է 20-րդ հորիզոնականում: Ցուցակն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ Ծառուկյանին պատկանող երկու ընկերություններ` «Մուլտի Գրուպ»-ը եւ «Մուլտի Մոթորս»-ն առհասարակ դուրս են մնացել խոշոր հարկատուների ցանկից:
ԷԼԻ ԿՐԱԿԵԼ ԵՆ
Հակառակորդը փետրվարի 2-ի երեկոյան ժամը 19:30-ի սահմաններում գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղը: NEWS.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնել է, որ գնդակը կպել է գյուղի տներից մեկին: «Գյուղացիներից մեկի ավտոտնակն էլ վնասվել է»,- ավելացրեց գյուղապետը: Նրա խոսքով՝ այսօր հանգիստ է, գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն հնչում: