ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՉԻ ՀՐԱՎԻՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Սերժ Սարգսյանը շուրջ 100 երկրների նախագահների հրավիրել է Հայաստան` ապրիլի 24-ին հայ ժողովրդի հետ կիսելու մեր դարավոր վիշտը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան նշեց, որ Ուկրաինային առայժմ նման հրավեր չի ուղարկվել:

-Պարո՛ն Կուխտա, Դուք Հայաստանում ներկայացնում եք Ուկրաինան: Խնդրում եմ ասել, թե ի՞նչ գիտեք Հայոց ցեղասպանության մասին եւ, ընդհանրապես, ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը պատմական այդ արյունալի իրադարձությունների նկատմամբ:
-Ապրիլի 24-ը Հայաստանի համար սգո օր է, եւ մեծ ողբերգություն հայ ազգի համար: Հայաստանն ու Ուկրաինան բարեկամ երկրներ են: Մենք բոլորս էլ մեծ ցավով ենք նշում, որ տեղի է ունեցել նման իրադարձություն: Դատապարտում ենք ցանկացած տիպի ոճրագործություն. դա կլինի մեկ մարդու դեմ, թե այդքան թվով մարդկանց: Ուկրաինան եւ Հայաստանն ինչ-որ առումով նման պատմություններ ունեն: 1932-33 թվականներին Ստալինի ռեժիմի ներքո Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերը նմանություն ունեն հայկական դեպքերի հետ: Ուկրաինայում մարդիկ սովից մահանում էին: Շուրջ 4 միլիոն մարդ մահացավ այդ ժամանակ: Մենք մի շարք միջազգային կազմակերպություններում բարձրացնում ենք այդ հարցը եւ պահանջում, որ 1932-33 թվականներին Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերը որակվեն որպես ցեղասպանություն: 1915 թվականն ու 1932-33 թվականները շատ ընդհանրություններ ունեն: Ես համոզված եմ, որ թե՛ Ուկրաինան, թե՛ Հայաստանն ամեն ինչ անելու են, որ այդ դեպքերը մնան պատմության մեջ, սակայն երբեւէ չկրկնվեն:
-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` Սերժ Սարգսյանը շուրջ 100 երկրների նախագահների հրավիրել է Հայաստան` հայ ժողովրդի հետ կիսելու դարավոր վիշտը: Կցանկանայինք տեղեկանալ՝ Ձեր երկիրը ի՞նչ մակարդակով է ներկայացված լինելու ապրիլի 24-ին, արդյո՞ք Ուկրաինայի նախագահը կժամանի Հայաստան:
-Հենց այս պահին չեմ կարող ասել` ինչ մակարդակով Ուկրաինան կգա Հայաստան` մասնակցելու զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությյանը: Մենք դեռ հրավեր չենք ստացել Սերժ Սարգսյանի կողմից: Եթե Հայաստանը հարկ համարի մեզ այդ օրը Հայաստան հրավիրել, այդ ժամանակ էլ ճիշտ կլինի պատասխանել, թե ինչ մակարդակով կներկայանանք Հայաստան: Ես՝ որպես դեսպան, հայտնում եմ, որ դեռ հրավեր չենք ստացել: Հնարավոր է, որ հրավերն ուղարկվի Ուկրաինայի դեսպանատան միջոցով: Դեռ մի փոքր ժամանակ կա, եւ հենց արդեն հստակ լինի մեր` Հայաստան գալու հարցը, ես՝ որպես դեսպան, կտեղեկացնեմ բոլորին, թե մենք ինչ մակարդակով ենք գալու Հայաստան:
-Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի նախագահի քայլը` ապրիլի 24-ին շուրջ 102 պետությունների նախագահների հրավիրել Թուրքիա` մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառմանը: Հայտնի է, որ Գալիպոլիի մարտերը սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին եւ շարունակվել մինչեւ 1916 թվականի հունվարի վերջը: Ձեր կարծիքով` Թուրքիայի կողմից կատարված այս քայլը ի՞նչ նպատակ է հետապնդում: Կարծիք կա, որ այս ձեւով Թուրքիան փորձում է շեղել աշխարհի ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից եւ հայ ժողովրդի վշտից:
-Շատ վատ է, որ նման քայլեր են գործի դրվում: Պետք է ասեմ, որ Սարգսյանն ու Էրդողանն արդեն այդ թեմայի վերաբերյալ բազմիցս են խոսել: Կարծում եմ, որ այստեղ մեր տեսակետն այնքան էլ կարեւոր չէ, քանի որ սա արդեն քննարկված եւ արծարծված հարց է: Հայաստանի նախագահն առաջինն է Էրդողանին հրավիրել Հայաստան: Էրդողանն էլ իր հերթին է հրավեր ուղարկել հայկական կողմին, այնպես որ այս մասին չարժե խոսել: Ես՝ որպես Ուկրաինայի դեսպան, կարծում եմ` չունեմ այդ լիազորությունը՝ երկու նախագահների քայլերը մեկնաբանելու: Տեղյակ եմ այդ ողջ ընթացքից, բայց նպատակահարմար չեմ գտնում հանդես գալ որեւէ մեկնաբանությամբ:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

 

«ՊԵՆԱԼ» ԵՎ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Երեկ Ազգային ժողովում շարունակվեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Հարակից զեկուցմամբ հանդես եկավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ում ելույթին տեղից պարբերաբար արձագանքում էին պատգամավորները: Վերջիններս հարցեր ուղղեցին նաեւ հարակից զեկուցողին:

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր խոսքում ընդգծեց, որ փոքր եւ միջին ձեռներեցների հանդեպ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ այդ մարդիկ ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը: «Լավ օրից չէ, որ նրանք լքել են Հայաստանը, եւ, այո՛, անհամբեր սպասում են, թե երբ է Հայաստանում լինելու այնպիսի իշխանություն, որի գերխնդիրը փոքր եւ միջին բիզնեսի մեջքը կոտրելը չլինի, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ իրենց հայրենիք»,- նշեց Զոհրաբյանը:
Քննարկվող օրենքի մասին խոսեց նաեւ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Որեւէ մեկդ բլեֆ մի՛ արեք, թե պատրաստվում էիք օրենքի նախագիծը քննարկել: Եթե ժողովրդի ճնշումը չլիներ, օրենքը հոկտեմբերին ուժի մեջ կլիներ: Ընդվզումը եղավ, նահանջեցիք: 2 տարվա ընթացքում 7-8 ռեֆորմ եք արել, որոնք չեք հաջողել: Իսկ ռեֆորմները չեն հաջողվում, երբ լավ մատուցված չեն, երբ հասարակությունը չի հասկանում, երբ լավը չէ, կամ երբ լավ ռեֆորմի տակ վատ խութեր են հայտնվում: Ձեր վերջին ռեֆորմները դասվում են հենց այս շարքին», – ընդգծեց պատգամավորը:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ հայտարարեց, թե հարցն օրենքի հետաձգմամբ չի լուծվում: «Սոցիալապես ծանր վիճակում գտնվող քաղաքացիներն արդարացի նշում են, ասում են, թե, եղբա՛յր, այս նախագիծը դարձել է «Խաթաբալա» բարոյահոգեբանական ֆիլմի Մարգարիտը: Ինչքան ուզում եք պճնեք Մարգարիտին, միեւնույն է՝ էդ տղան Նատալյա էր ուզում: Հիմա մեր քաղաքացիները չեն ուզում, չեն ուզում փաստաթուղթ, ասում են՝ ինձ պրիմանկա մի՛ օգտագործեք, որ մեծին բռնեք»:
Այս հարցի վերաբերյալ իր ելույթում Վարդան Այվազյանը նշեց. «Եթե չի ուզում հարկ վճարել, ուրեմն ճիշտը ցույց չի տալիս: Այն դեպքը եղավ, էն որ ասում են՝ ի՞նչ ես կերե, ասում է՝ հեչ, մյուսն ասում է՝ վռիկ ապուր, չեղավ-չեղավ, քո վռիկի չա՞փ էլ չեղավ: Ուրեմն 0-ն ավելի վատ է, քան 3.5 տոկո՞սը: Մարդկանց ասում ենք՝ փող մի՛ տուր, ասում է՝ չէ, թողեք տամ»: Վարդան Այվազյանին սկսեց հակադարձել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ գոռալով, որ արդեն ուրիշ բաներ է խոսում: Այվազյանն էլ արձագանքեց. «Ոգեւորվել ես, չգիտեմ՝ ինչից ա, պարո՛ն Բագրատյան»: Վիճաբանությանը միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, որը հորդորեց Վարդան Այվազյանին, որ տեղից ռեպլիկներին չպատասխանի:
«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքից խոսելիս Հրանտ Բագրատյանն ասաց. «Պետք է մտածել շեմ, փոքր ու միջինից քիչ ուզել, դրանից ավելը շատ ուզել: Սա էր ձեզնից պահանջվում: Ընդ որում, այդ 58 մլն շեմը պետք է հարկվի նույն ձեւ, ոնց որ փոքրը: Պա՜րզ, հասարա՜կ, գեղեցի՜կ: Ընկերնե՛ր, ֆուտբոլային կոմբինացիա պետք չի, սա «պենալ» է: Պետք է «պենալը» խփեք, գնաք կառավարություն: Կոմբինացիա մի՛ մտածեք, պետք չի ունենալ կիսապաշտպան հենակետային, հասարակ լուծում է, ա՛յ մարդ: Ոչ մի դարպասապահ չկա, 7 մետր չի, 18 մետր է, 11 մետր հեռավորությունն է, 18 մետր դարպասն է, ոնց խփեք՝ մեջն ա մտնում, հասկանո՞ւմ եք: Սա է ձեզանից պահանջվում»: Դահլիճում սկսեցին ծափահարել Հրանտ Բագրատյանին այսպիսի պարզ բացատրության համար:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԽԱՂԱՄՈԼ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ
Այն, որ ՀՀ զինված ուժերում բավականին տարածված է փողի վրա թղթախաղը, խոսակցական լեզվով ասած` «ղումարը», գաղտնիք չէ: Այս երեւույթը բազմիցս պատճառ է դարձել թղթախաղում տարված զինվորների նկատմամբ բռնությունների կամ ոչ կանոնադրային հարաբերությունների այլ դրսեւորման: Ուշագրավ է, որ, այնուհանդերձ, լինում են դեպքեր, երբ զինծառայողներին թղթախաղի համար նաեւ պատասխանատվության են ենթարկում: Ահավասիք նման դեպերից մեկը:
Երեւանի բնակիչ, 1992թ. ծնված Նիկոլայ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, կոչումով կրտսեր սերժանտ, 2014թ. օգոստոս ամսից մինչեւ հոկտեմբեր ծառայության վայրում` գումարտակի ննջասենյակում, գումար ստանալու նպատակով նույն զորամասի զինծառայող, Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ, 1993թ. ծնված շարքային Կարեն Սարգսյանի հետ զբաղվել է մոլախաղով:
Կրտսեր սերժանտ Ն.Համբարձումյանը մոլախաղում հաղթելով շարքային Կ. Սարգսյանին՝ նրանից ստացել է 24 հազար դրամ: Երկուսին էլ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի 1-ին մասով: Ն. Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը, իսկ Կ. Սարգսյանի հանդեպ՝ չհեռանալու մասին ստորագրությունը: Հունվարի 20-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում դատավոր Զոյա Զաքինյանը նրանց մեղավոր է ճանաչել առաջադրված հոդվածում` յուրաքանչյուրին դատապարտելով մեկ ամիս ժամկետով կալանքի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ՆԱԽԱՐԱՐԻ  ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ
Երեկ ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «ՀՀ օրենսդրությամբ զինհաշմանդամների համար սահմանված սոցիալ-իրավական երաշխիքների ապահովման գործընթացի կատարելագործման ուղիները» թեմայով կլոր-սեղան քննարկում, որը վարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Քննարկմանը մասնակցել են պաշտպանության նախարարի եւ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, մի շարք վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ եւ ՀՀ ՊՆ հետ համագործակցող ՀԿ-երի ներկայացուցիչներ:
Դիմելով հանդիպմանը մասնակցող զինհաշմանդամներին` պաշտպանության նախարարը կարեւորել է զինծառայողների սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող գործունեությունը եւ հավաստիացրել, որ հաշմված զինվորականների, ազատամարտիկների եւ, առհասարակ, բոլոր զինծառայողների ու նրանց ընտանիքների սոցիալական խնդիրները մշտապես գտնվում են հանրապետության եւ զինված ուժերի ղեկավարության ուշադրության կենտրոնում եւ արվում է ամենայն հնարավորը՝ նրանց աջակցելու, սոցիալական հոգսերը մեղմելու եւ հատկապես բնակարանային ապահովման խնդիրները կարճ ժամկետներում լուծելու համար:




Լրահոս