«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա անցկացնող տաքսու վարորդներին կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը մեկառմեկ ճանաչում էր եւ հատ-հատ բոլոր վարորդների հարցերին պատասխանում, նույնիսկ գիտեր այն մարդկանց, ովքեր վարորդ չեն, այլ ուղղակի ՀԿ-ների նախագահ. «Գիտեք ինչքան ժամանակ հետները տալիս-առնում եմ, բոլորի դարդուցավին ծանոթ եմ: Քո ՀԿ-ն ո՞րն էր, էն օրը դո՞ւ չէիր «Արմենիայով» Նազենիի հյուրը, ինձ էնքան չեն կանչում ելույթի, ինչքան քեզ»:
Այս անգամ հավաքվել էին այն վարորդները, ովքեր դժգոհ են տաքսիների լիցենզավորման նոր օրենքից, որ ամսական պետք է 12 հազար դրամ վճարեն, եւ պահանջում էին արտոնություններ Բեգլարյանից: Նախարարը կառավարության նիստի գնալուց առաջ հանդիպեց տաքսիստներին, ու նրանց հետ քննարկումն այնքան երկարեց, որ այդպես էլ չկարողացավ ներկայանալ նիստին: Բեգլարյանը փորձում էր ապացուցել, որ նոր կարգով բավականին թեթեւացրել են նրանց հարկային բեռը, եւ ակցիան ինչ-որ մեկի կողմից հատուկ կազմակերպված է, քանի որ հավաքվել են 100 վարորդ միայն, իսկ 15 հազարն այս պահին փող է աշխատում. «Օրենքը շատ լավ օրենք է, եւ վարորդները պետք է գոհ լինեն: Այստեղ հավաքվածներիդ համար կապ չունի՝ օրենքը լավը կլինի, դաշտը հավասարեցված կլինի, միեւնույն է՝ դուք բողոքելու եք, թողեք, որ մյուսներն իրենց համար լավ պայմաններում աշխատեն: Առաջարկում եմ՝ գնացեք, 12 հազար դրամը վճարեք ու անհոգ աշխատեք»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: