«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««Հիմա, ինչպես և կարելի էր սպասել, Բերձորի դեպքերի շուրջ բազմաթիվ վերլուծություններ և քննարկումներ կան: Մարդիկ ուզում են հասկանալ տեղի ունեցածի խորքային իմաստը: Բայց ինչպես հաճախ է պատահում Հայաստանում, հաճախ վերլուծությունները հասնում են անհեթեթության մակարդակի: Բերձորի դեպքերը կապում են Գյումրիի դեպքերի հետ, Գյումրիի դեպքերից զնում-հասնում են Ամերիկա և Սիոն, Սիոնից գալիս-մտնում են թեժ աշուն, աշունից հետո գնում հոկտեմբերի 27, հոկտեմբերի 27-ից Երկրորդ համաշխարհային պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմից զալիս-հասնում Շրջանառության հարկ:
Բերձորի միջադեպի հետ կապված երկու մոլորություն կա, որոնց կարևոր ենք համարում անդրադառնալ: Առաջինն այն պնդումն է, թե նման բռնություններով իշխանությունը վնասում է ինքն իրեն և հանրությանը հանում իր դեմ: Խնդիրն այն է, որ Հայաստանում հանրությունը վաղուց է իշխանության դեմ դուրս եկած և հենց այսօրինակ բռնություններն են, որ արդեն մոտ քսան տարի ապահովում են իշխանության կայունությունը մի պայմաններում, երբ հանրության մեծամասնությունն իշխանափոխություն է փափագում: Դուք Հայաստանի պատմության մեջ չեք գտնի մի օրինակ, երբ բռնությունը թուլացրած լինի իշխանությանը: Չկա նման բան: Սա նաև նրանից է, որ ընդդիմությունը, ընդդիմադիր քաղաքական գործիչները միշտ սխալ են արձագանքել բռնությանը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: