
Հարավչինական Գուանդուն նահանգում առևտրի կենտրոններից մեկում հրդեհի արդյունքում զոհվել է 17 մարդ:
Իշխանությունների տվյալներով՝ չորսհարկանի շենքում հրդեհը բռնկվել է հինգշաբթի օրը: Մի քանի ժամ շարունակ ավելի քան 300 հրշեջներ փորձել են հանգցնել կրակը:
Ինչպես հայտնում են չինական ԶԼՄ-ները, հրդեհի պատճառների հետաքննության ընթացքում ձերբակալվել է 9 մարդ:
Չինաստանի ձեռնարկություններում անվտանգության կանոնները երբեմն չեն համապատասխանում ընդունված չափանիշներին, ինչի արդյունքում խոշոր գործարաններում ու հանքավայրերում հաճախ մահացու ելքով վթարներ են գրանցվում:
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ ավելի քան 100 մարդ էր զոհվել Չինաստանի հյուսիս-արևելքում թռչնաբուծական ֆերմայում գրանցված հրդեհի արդյունքում: