Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ամփոփեց քառօրյան և նշեց, որ ԱԺ կանոնակարգի խախտում է համարում այն, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը չներկայացավ Ազգային ժողով, երբ քննարկվում էր ՎՊ հաշվետվությունը:
Անդրադառնալով Բերձորի միջադեպին՝ Ռուստամյանը դատապարտեց կատարված բռնությունը.«Նախ պետք է իշխանություններն ու բոլորս էլ, այդ թվում ԼՂՀ իշխանություններն ընդունեն, որ անկախ պետություն է Ղարաբաղը, եկեք, օյիններ չանենք, մենք ընդունել ենք դա: Կա՛մ ընդունում ենք, որ կա այդպիսի անկախ պետություն, կա՛մ ոչ, եթե ընդունում ենք, ուրեմն այսպես Ադրբեջանի ջրաղացին ջուր ենք լցնում»:
Ըստ Ռուստամյանի՝ յուրաքանչյուր երկրում էլ կմերժեն, որ այլ երկրի քաղաքացիներ երթ անեն իրենց երկրում: «Ես չեմ ընդունում «Հիմնադիր խորհրդարանի» նպատակները , որ քաղաքական նպատակները կապվեն ցեղասպանության հարյուրամյակի հետ, մենք մեր մեջ կռիվ սկսե՞նք այդ օրերին, ու դրանով ուրախացնե՞նք մեր թշնամիներին, այլ ձև չկա՞»,-հարցրեց Ռուստամյանը: