ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը թռուցիկ հետևել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովի ընթացքին: Այս մասին նա նշեց այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին` նշելով, որ գնահատում է Ծառուկյանի ելույթը.
«Նախ մենք արդեն ասել էինք, որ մեզ համար ցանկացած ջանք, որ ուղղված է Հայաստանում շուտափույթ իշխանափոխության իրականացմանը, կողմ ենք: Մեզ համար ԲՀԿ-ն շատ վստահելի գործընկեր է, ում հետ համագործակցում ենք:
Ելութն իսկապես առաջընթաց է, առաջին անգամ ԲՀԿ-ն, Գագիկ Ծառուկյանը հրապարակայնորեն հարց դրեցին Հայաստանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման վերաբերյալ», -նշեց նա:
Զուրաբյանը շեշտեց, որ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի դաշինքը շատ արդյունավետ է, տարբեր մոտեցումներ կան մարտավարության հարցում, ՀԱԿ-ը կողնակից է ավելի արմատական լուծումների, և հիմա ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի դիրքորոշումներն աստիճանաբար մերձենում են:
«Մարտավարական տարբերությունները գնալով հարթվում են, և այդ տարբերությունը գնալով ավելի մեղմ է դառնում, Ծառուկյանի ելույթը ևս մեկ քայլ էր այդ տարբերությունը հարթելու ուղղությամբ»,-եզրափակեց նա: