Փետրվարի 4-ի լույսի 5-ի գիշերն ու ողջ օրվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Դրա հետևանքով ժամը 16:15-ի սահմաններում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող 24-ամյա Շեքսպիր Հակոբյանը:
Armlur.am-ը տեղեկացավ, որ զոհված զինծառայողը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի էր, ժամանակավորապես բնակվում էր Ջերմուկ քաղաքում: Քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն Armlur.am-ին հայտնեց, որ 2 տարի առաջ Շեքսպիր Հակոբյանը եկել էր Հայաստան՝ Զինված ուժերում ծառայելու: Նրա ընտանիքը՝ ծնողները, կինն ու որդին, Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում են բնակվում:
«Շեքսպիրի երկու տատիներն էլ Ջերմուկում են ապրում, նրանց մոտ էր գալիս-գնում: Հենց անմիջապես իմ հարևանն են: Նա, կարելի է ասել, Ջերմուկում այդքան չէր էլ լինում: 5 տարեկան էր, երբ ընտանիքով տեղափոխվեցին Վոլգոգրադ: Եկել էր՝ երկու տարի ծառայեր, պարտքը հայրենիքին տար, գնար»,- ասաց Վարդան Հովհաննիսյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ զոհված զինծառայողին կհուղարկավորեն ընտանեկան գերեզմանում:
Հիշեցնենք, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դեպքի օրը դիմել են համարժեք գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդը ևս կրել է կորուստներ: Մանրամասները ճշտվում են:
Իսկ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ազգային, ռասայական, կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայող, շարքային Շեքսպիր Մխիթարի Հակոբյանի սպանության դեպքի առթիվ։