Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Սիրեկան Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 28-ին Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Արագած գյուղում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը armlur .am-ին հայտնել է, որ այդ օրը ժամը 11.45-ի սահմաններում նույն գյուղի բնակիչ, 46-ամյա Վարդան Պետրոսյանը կախվելու միջոցով ինքնասպան էր եղել տան ավտոտնակին կից շինությունում: Արագած գյուղում ֆոտոլրագրողին պատմել են, որ ինքնասպանը ամուսնացած էր, ուներ 3 երեխա` 2 աղջիկ և 1 տղա, մասնագիտությամբ երաժիշտ էր և երգում էր հիմնականում խորտկարաններում: Գ.Շամշյանը հայտնել է, որ երեկ իրեն փոխանցել են նամակ Արագած գյուղից և հայտնել, որ այդ նամակի հեղինակը ինքնասպանություն գործած Վ.Պետրոսյանն էր: Այդ նամակը նրանք գտել են ինքնասպանության վայրում` մինչև Ոստիկանության օպերատիվ-քննչական խմբի ժամանումը:
Նամակում գրված է, որ Վ.Պետրոսյանն իր մահվան համար մեղադրում է կնոջը և այդ ծայրահեղ քայլին դիմել է կնոջ ,ինադուե: Գ.Շամշյանը հայտնել է, որ այսօր ինքը նշված նամակը փոխանցել է քննչական մարմնին:
Հավանաբար, քննիչի կողմից կնշանակվի ձեռագրաբանական փորձաքննություն` նշված նամակի հեղինակի ինքնությունը պարզելու համար:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի