2015թ. հունվարին, 2014-ի դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 4.5% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել սուրճի, թեյի, կակաոյի՝ 5.9%, մրգի՝8.4%, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 14.0% գնաճը:
Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.6-14.0% գնաճ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից:
Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2015թ. հունվարին, 2014թ. հունվարի համեմատ, արձանագրվել է 13.2% գնանկում, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ` 14.0% գնաճ: 2015թ. հունվարին, 2014թ. դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է սնկի` 0.3%, սխտորի` 1.5%, բողկի` 3.3%, ճակնդեղի` 6.8%, կանաչ սոխի` 8.3%, լոլիկի` 11.2%, գազարի` 12.4%, գլուխ սոխի` 13.6%, կաղամբի` 21.1%, ծաղկակաղամբի՝ 26.2%, սմբուկի` 27.6%, խառը կանաչեղենի` 29.1%, վարունգի` 35.8%, կանաչ պղպեղի 36.3% գնաճ:
Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է կարտոֆիլի 0.9% գնանկում: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 8.5-22.1%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձոր քաղաքում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, աճել է 12.1%-ով:
Մրգի ապրանքախմբում 2015թ. հունվարին, 2014թ. հունվարի համեմատ, արձանագրվել է 12.4%, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ` 8.4% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել է խնձորի` 10.4%, ադամաթզի` 14.3%, նռան` 16.5%, տանձի` 22.2%, մանդարինի` 35.5%, արքայանարնջի 40.8% գնաճը: 2015թ. հունվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է չորացած մրգերի՝ 1.1%, չամիչի՝ 2.8%, խաղողի`6.9%, կիտրոնի 7.7% գնաճ:
Դրան զուգընթաց՝ ընկույզի միջուկի գինը նվազել է 4.1%-ով, նարնջինը` 3.1%-ով: 2015թ. հունվարին, 2014-ի դեկտեմբերի համեմատ, հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում մրգի գներն աճել են 5.1-14.8%-ով, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում: Մայրաքաղաքում արձանագրվել է մրգի 7.9% գնաճ: 2015թ. հունվարին, 2014թ. հունվարի համեմատ, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբում գրանցվել է 12.8%, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ` 5.9% գնաճ: 2015թ. հունվարին, 2014թ. դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է թեյերի 1.8-3.0%, լուծվող սուրճի 4.7-6.7%, աղացած սուրճի 7.2% գնաճ: