Մարդկության դեմ հանցանքի ժխտումն անթույլատրելի է. Ֆրանսիայի դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան-Ֆրանսիա դիվանագիտական հարաբերությունների սկիզբը դրվել է դեռեւս 1992թ. փետրվարի 24-ից: Երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի մասին ակնառու կերպով վկայում են վերջին երկու տասնամյակների փոխադարձ դիվանագիտական այցերը, առեւտրային եւ մշակութային կապերը, ինչու չէ, նաեւ աշխարհում խոշորներից համարվող հայ համայնքի առկայությունը, որի անդամների թիվը կազմում է 900 հազար: Ֆրանսիան մեկն է այն 22 երկրներից, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ու թեեւ 2006թ. հոկտեմբերին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն այդպես էլ կյանքի չկոչվեց, այդուամենայնիվ, Ֆրանսիան շարունակում է մնալ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում Հայաստանի բարեկամ երկրների առաջին շարքերում: Եվ այդ մասին է վկայում նաեւ այն փաստը, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին լինելու է Երեւանում` հայ ժողովրդի կողքին:

Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ` «Ժողովուրդ» օրաթերթը նախաձեռնել է հարցազրույցների շարք եւ այդ առիթով մի քանի հարց ուղղել Հայաստանում Ֆրանսիաի արտակարգ եւ լիազոր դեսպան ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, ով տակավին վերջերս է ստանձնել իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

-Մեծարգո՛ դեսպան, Դուք Հայաստանում ներկայացնում ենք Ձեր երկիրը: Խնդրում ենք ասել, թե ի՞նչ գիտեք Հայոց ցեղասպանության մասին, եւ, ընդհանրապես, ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը պատմական այդ արյունալի իրադարձությանը:

-Օրեր առաջ՝ հունվարի 28-ին, Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների առաջ Հանրապետության Նախագահ Օլանդը եւս մեկ անգամ արտահայտեց Ֆրանսիայի դիրքորոշումն այս հարցի առնչությամբ: Նա նկարագրեց իրականացված ջարդերի գործընթացի տարբեր փուլերը: Նախ՝ զանգվածային սպանություններ՝ սկսած 1915-ի ապրիլի 24-ից, հետո՝ աքսոր դեպի Սիրիա, որի ճանապարհին շատ տեղահանված գերեվարվածներ զոհվեցին, վերջապես՝ ճամբարներ՝ «կանխագիտությամբ այլ ճամբարների», որտեղ հայերը մահացան հյուծվածությունից, քաղցից եւ ցրտից:
Դատելով ջարդերի ընդունած չափերից եւ այն փաստից, որ միայն հայ լինելը բավական էր սպանվելու համար, կասկած չկա, որ կատարվածը ցեղասպանություն էր: 2001-ի հունվարի 29-ին Ֆրանսիան նոր ուժ հաղորդեց ցեղասպանության ճանաչմանը՝ այն ճանաչելով օրենքի ուժով: Խոսքի ազատությունը, որն այդքան կարեւորում է Ֆրանսիան, ոչ մի պարագայում չի կարող ընկալվել որպես «մարդկության դեմ հանցանքի ժխտում» թույլատրող պատրվակ, ինչպես դա ցույց տվեցին վերջին շաբաթների ողբերգական դեպքերը:

-Որպես Հայաստանի հետ դիվանագիտական եւ բարեկամական սերտ հարաբերություններ ունեցող եւ հայ ժողովրդի բարեկամ երկիր՝ Ձեր կողմից Հայոց ցեղասպանությանը նվիրված որեւէ անդրադարձ լինելո՞ւ է՝ միջոցառման կամ հիշատակման այլ ձեւով:

-Իհարկե: Միջոցառումներ են նախատեսված ողջ երկրում: Ի դեպ, դրանց մեկնարկը տրվեց հունվարի 28-ին տեղի ունեցած ընթրիքի ժամանակ: Հանրապետության Նախագահի ելույթը զետեղվեց համացանցում, լուսաբանվեց ֆրանսիական մամուլի ազդեցիկ օրգանների կողմից: Փետրվար-մարտ ամիսներին կկազմակերպվեն համերգներ, ցուցահանդեսներ, գիտաժողովներ, թատերական բեմադրություններ եւ հավաքներ: Ապրիլի 24-ը՝ Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում նախատեսված տարբեր միջոցառումներով հանդերձ, ինքնըստինքյան կլինի հարյուրամյակի շուրջ համախմբման կիզակետը: Մշտարթուն հիշողությանն ուղղված այս մոտեցումը կշարունակվի մինչեւ տարեվերջ, կնշանավորվի Ցեղասպանության վերապրածներին նվիրված հուշարձանի բացումով:

-Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի նախագահի կողմից կատարված այն քայլը, որ նա ապրիլի 24-ին շուրջ 102 պետությունների նախագահների հրավիրել է Թուրքիա՝ մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառմանը: Մինչդեռ Գալիպոլիի մարտերը սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին եւ շարունակվել մինչեւ 1916 թվականի հունվարի վերջը: Ձեր կարծիքով՝ այդպիսով Թուրքիան ի՞նչ նպատակ է հետապնդում: Կարծիք կա, որ այս ձեւով Թուրքիան փորձում է շեղել աշխարհի ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից եւ հայ ժողովրդի վշտից:

-Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում ոգեկոչման արարողությունների կարգը եւ անցկացման ամսաթիվը: Նման ընտրությունը չի կարող մեկնաբանվել այլ երկրի պաշտոնական ներկայացուցչի կողմից:

-Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ պետք է անեն Հայաստանի բարեկամ պետություններն ու նրանց դիվանագիտական ներկայացուցչությունները՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ հատուցմանը հասնելու համար:

-Նախապես հայտարարելով, որ 2015-ի ապրիլի 24-ին լինելու է Երեւանում, նախագահ Օլանդն առանց երկիմաստության ուղերձ է հղել աշխարհի իր գործընկերներին: Ֆրանսիան հպարտանում է այդ ուղին ցույց տալու համար: Անցյալ տարի Հանրապետության Նախագահն իր գոհունակությունը հայտնեց նախագահ Էրդողանի՝ հայերին ուղղված ցավակցությունների համար՝ ընդգծելով, որ դա միայն առաջին քայլն է, եւ պետք է ավելի հեռուն գնալ: Մի կարեւոր նախադասություն մեջ բերեմ Նախագահի՝ հունվարի 28-ի ելույթից. «Ճշմարտության ջանքերը պիտի շարունակվեն /…/ ժամանակն է փշրել արգելքները, ժամանակն է, որ երկու ազգերը, Հայաստանը եւ Թուրքիան նոր մեկնակետ գտնեն»: Սրանից զատ՝ Նախագահը կրկնեց իր ցանկությունը հայ-թուրքական վերաբացված սահմանի մասին՝ համաձայն 2009-ին՝ Ցյուրիխում, նաեւ Ֆրանսիայի ներկայությամբ, ստորագրված արձանագրությունների: Երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր նախաձեռնություններն արժանի են միջազգային հանրության խրախուսանքին եւ սատարմանը:

ԹԱՄԱՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Լուսանկարը` Armenpress-ի




Լրահոս