Իշխանափոխության ճանապարհային քարտեզի որոշ նշաններ արդեն երևում են: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ ԲՀԿ-ի հրավիրած խորհրդաժողովին, այս մասին նշեց «Հայաստանի լիբերալ կուսակցության» նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, ով ևս մասնակցում էր խորհրդաժողովին:
«Ճանապարհային քարտեզի որոշ նշաններ արդեն երևում են: Երևում է արդեն այն ուղեգիծը, որով պետք է շարժումն առաջ գնա: Ես կարծում եմ, որ այստեղ հնչած բոլոր կարծիքները պետք է ավելի հանգիստ պայմաններում ուսումնասիրել, քննարկել», – նշեց նա:
Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ խորհրդաժողովի ժամանակ հնչած բոլոր տեսակետները պետք է ուսումնասիրել և դրա արդյունքում ձևավորել մի փաստաթուղթ, որը կլինի ոչ թե ճանապարհային քարտեզ, այլ՝ անելիքների, գործողությունների հետագա ծրագիր և ուղեցույց՝ հասարակության համար:
«Ես միշտ ասել եմ, որ հասարակությանը պետք է մասնակից դարձնել այս ամենին: Համաժողովրդական շարժման խնդիրն այն է, որ մարդկանց մասնակից դարձնենք այս ամենին: Էնպես չի, որ մի խումբ մարդիկ, կուսակցություններ ասում են՝ այս իշխանությունը լավը չի, դուք գնացե՛ք, մենք կգանք, լավ կլինի: Եթե անունը համաժողովրդական շարժում է, և եթե ուզում ենք, որ ժողովրդի ձեռքից վերցված իշխանությունը վերադարձվի ժողովրդին, մենք պետք է առաջնորդենք և նրանց ցանկացածը կյանքի կոչենք»,- ընդգծեց «Հայաստանի լիբերալ կուսակցության» ղեկավարը:
Հովհ. Հովհաննիսյանը շեշտեց, որ մի քանի ամիս առաջ են միացել համաժողովրդական շարժմանը և նորմալ համագործակցում են:
«Թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ԲՀԿ-ի առաջնորդը շատ բաց մարդիկ են, ովքեր պատրաստ են համագործակցության: Համաժողովը դրա ապացույցն է: Այս համագործակցությունը պետք է ավելի բարձր մակարդակի վրա կանգնի», – եզրափակեց նա: