100 ռուբլու պատճառով արգելել են մուտք գործել ՌԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանից արտաքսված հայ միգրանտների խնդիրը հետզհետե ավելի մեծ տարածում է ստանում: Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիայի պետական ծառայության տրամադրած տվյալների` անցնող օրերին եւս մի քանի հազար քաղաքացի Ռուսաստանի Դաշնություն մեկնելու արգելանքի տակ է հայտնվել: Վերջին տվյալներով դեպի ՌԴ մուտք գործելու իրավունք չունեցող հայ միգրանտների թիվը հասնում է 50 հազարի:

Այս թիվն անշուշտ աճելու միտում ունի, հատկապես եթե հաշվի առնենք, որ մարտին, ապրիլին սպասվում է արտագնա աշխատանքի մեկնողների նոր խմբաքանակի նկատմամբ արգելանքների կիրառումը:

Երեկ «Ժողովուրդ»-ը եղավ ՀՀ միգրացիոն պետական ծառայությունում՝ պարզելու, թե ինչ քայլեր են ձեռնարկում անելանելի վիճակում հայտնված միգրանտները: Մեր զրուցակիցները, որպես իրենց նկատմամբ կիրառված արգելանքի հիմնավորումներ, ներկայացրին ամենատարբեր եւ մինչեւ անգամ զավեշտի հասնող պատճառաբանություններ: Պարզվում է, որ Ռուսաստանի Դաշնության միգրացիոն պետական ծառայությունը մարդկանց վրա արգելանքներ է սահմանում անգամ հետին թվով:

Մեր զրուցակիցներից մեկը՝ Վալերի Միրզոյանը, ՀՀ Արարատի մարզի Ոսկետափ համայնքի բնակիչ է: Նա արտագնա աշխատանքի սկսել է մեկնել 2012 թվականից: Վալերիի պատմելով՝ հենց 2012 թվականին էլ ինքը խախտում է կատարել, սակայն այդ մասին տեղեկացել է միայն 2014 թվականին: Ընդ որում, մինչ այդ նա առանց խնդրի 2013 թվականին մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի: «Ճանապարհային երթեւեկության հետ կապված խախտում եմ կատարել՝ ամրագոտին չեմ կապել եւ որպես տուգանք վճարել եմ 100 ռուբլի: Սակայն 2012 թվականին կատարած խախտման համար հիմա ընկել եմ կրակը: Մոտ բարեկամներ, ծանոթներ ունեմ, ովքեր խախտումներ են արել, նույնիսկ չեն մուծել տուգանքը, բայց այսօր ոչ միայն սեւ ցուցակում չեն, այլեւ հանգիստ մեկնել են ՌԴ ու աշխատում են: Իսկ ես օրենքով եմ ապրել, աշխատել, նույնիսկ ինձ մոտ եմ պահել բոլոր տեսակի կտրոնները: Ստացվում է, որ 100 ռուբլու պատճառով արգելել են: Եթե մուծած չլինեի, համաձայն եմ՝ թող արգելեին, իրենց երկիրն է, բայց վճարել եմ»,- վրդովված նկատեց Վալերի Միրզոյանը:
Վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց նաեւ, որ դեպի ՌԴ իր մուտքի արգելքի մասին տեղեկացել է այն ժամանակ, երբ անհրաժեշտ փաստաթղթերը հավաքել եւ դիմել է ՌԴ-ի միգրացիոն պետական ծառայություն՝ ռուսական անձնագիր ստանալու հարցով. «Տոմսը գնեցի, հասա այնտեղ, ու պարզվեց, որ իմ մուտքն արգելված է»: Միրզոյանից հետաքրքրվեցինք, թե այս երկու տարիների ընթացքում ինչ միջոցներով է իր ընտանիքը պահել. «Մի կերպ յոլա ենք գնացել: Պարապություն, հողագործություն, աշխատատեղ չկա, ինչ պետք է անեինք: Հիմա սպասում եմ հուլիսին, երբ արգելքը հանվի, շտապ մեկնեմ ՌԴ»:

Իսկ մեկ այլ քաղաքացի՝ 50-ամյա Արայիկ Վարդանյանը, 12 տարի է, ինչ մեկնում է արտագնա աշխատանքի: Վերջինս ՌԴ-ում շինարարությամբ է զբաղվել: Նրան դեպի ՌԴ մուտքն արգելվել է մեկ տարով: «Նախկինում ամեն ինչ կարգին էր, իսկ հիմա ամեն բան խառնել են իրար: Իմ արգելքի պատճառն այն է, որ որտեղ ապրել եմ, այնտեղ չեմ գրանցվել: Մի հատ բարձրահարկ շենք եմ կիսատ թողել, տեսնեմ՝ ինչպես կարող եմ այս հարցը լուծել, որ գնամ ու շարունակեմ: Ճիշտ է՝ գործ կա այնտեղ, բայց ռուբլու արժեզրկման պատճառով մեր աշխատավարձն էլ կոպեկներ է դարձել: 10 հազար ռուբլին հիմա 60 հազար դրամ է կազմում, իսկ այն ժամանակ 120 հազար դրամ էր: Բայց ստիպված ենք նույնիսկ այս պայմաններով գնալ, միայն թե գնալ»,- մտահոգվեց Ա. Վարդանյանը:

Նկատենք, որ այս խնդիրը սոցիալական պայթյունի վտանգ է իր մեջ պարունակում, քանի որ բացարձակապես առանց աշխատանքի, գումարի մնացած եւ վերջին պահին փաստի առաջ հայտնված մարդիկ, բառիս բուն իմաստով, ընտանիքը կերակրելու խնդրի առաջ են կանգնել:

Ուղիղ մեկ տարի առաջ ռուսական իշխանությունը ոչ պակաս տարօրինակ պայմաններ սահմանեց այդ երկրում 90 օր մնալու եւ դրանից հետո 90 օրով երկիրը լքելու վերաբերյալ, բայց մեր իշխանությունների կողմից տարված բանակցությունների միջոցով հնարավոր եղավ հասնել նրան, որ աշխատանքային պայմանները ՀՀ քաղաքացիների համար զգալիորեն մեղմացվեցին:

Եվ քանի որ մարդիկ նույնիսկ այս պայմաններում ստիպված են մեկնել ՌԴ՝ արժեզրկված ռուբլիով աշխատելու եւ գումար վաստակելու, իրենց ընտանիքները բացառապես արտագնա աշխատանքի միջոցով պահող բազմահազար ՀՀ քաղաքացիները հայաստանյան իշխանություններից ակնկալում են, որ վերջիններս նույնատիպ բանակցություններ սկսեն այս անգամ համաներում հայտարարելու շուրջ: Առավել եւս, որ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը շատ լուրջ իրավախախտումներ չի կատարել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս