Փետրվարի 6-ին Աղվերանում մեկնարկել է «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» խորագրով երկօրյա աշխատանքային խորհրդաժողովը: Այն կազմակերպվել էր ՀՀ արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի կողմից:
Խորհրդաժողովին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ դատական դեպարտամենտի, ՀՀ արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչներ:
Խորհրդաժողովի նպատակն էր բարելավել մասնակիցների հմտությունները Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածների առանձնահատկությունների վերաբերյալ: Դասընթացը վարել են ԵԽ միջազգային հեղինակավոր փորձագետներ Խուան Կառլոս դա Սիլվան, Էրիկ Սվանիձեն և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը:
Նախարարի տեղակալը ողջունելով մասնակիցներին, նշել է, որ նման քննարկումները հնարավորություն են տալիս ոչ միայն ամրապնդել տեսական գիտելիքները, այլև զարգացնել գործնական հմտությունները, որոնք հետագայում կնպաստեն աշխատանքի որակի բարձրացմանն ու միջգերատեսչական արդյունավետ համագործակցության խթանմանը:
ՀՀ ԱՆ մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Արտյոմ Սեդրակյանն ընդգծել է, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս զարգացնել նաև վերլուծական հմտությունները, խորացնել այս կամ այն իրավական խնդրի կամ գործընթացի վերաբերյալ խորքային և համակողմանի պատկերացումները:
Խորհրդաժողովի մասնակիցները ողջունել են նախաձեռնությունը և համագործակցության խորացման պատրաստակամություն հայտնել թե՛ տեսական, թե՛ գործնական մակարդակներում:
Խուան Կառլոս դա Սիլվան ներկայացրել է քրեական դատավարության շրջանակում առանձին կատեգորիայի անձանց ազատության սահմանափակմանն առնչվող հիմնախնդիրները: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել օտարերկրացիների, անչափահասների, հոգեկան հիվանդություն ունեցող անձանց իրավունքների ապահովման առանձնահատկություններին:
Էրիկ Սվանիձեն միջոցառման մասնակիցների հետ քննարկել է քրեական վարույթի շրջանակում անձանց ազատությունից զրկելու, նրանց անհրաժեշտ դատավարական երաշխիքներով օժտելու հետ կապված խնդիրները: Ներկայացվել է այդ ոլորտի միջազգային առաջավոր փորձը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան և զարգացման միտումները:
Խորհրդաժողովի երկրորդ օրը քննարկվել են խոշտանգումների կանխարգելմանն առնչվող հարցեր:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն