Ում էր ձեռնտու Արցախյան ջարդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած արյունալի բախման մասին քննարկումները չեն դադարում. քաղաքական ու հասարակական շրջանակները փորձում են հասկանալ, թե ինչու այդպես ստացվեց, կողմերից ում մեղքի բաժինն էր ավելի մեծ, սակայն վերջնական պատասխան, բնականաբար, որեւէ մեկին դեռ չի հաջողվել գտնել:
Ի՞նչ տեղի ունեցավ այդ օրը. «Հիմնադիր խորհրդարանի» անդամները «100-ամյակն առանց ռեժիմի» լոզունգով ավտոերթով շարժվեցին դեպի, իրենց բնութագրմամբ, Հայաստանի մարզերից մեկը՝ Արցախ: Այսինքն՝ նրանք ի սկզբանե հայտարարեցին, որ չեն ընդունում Արցախի անկախությունը: Բացի այդ՝ նրանց նախապես զգուշացվել էր, որ չեն թույլատրելու մտնել Արցախի տարածք, սակայն ակցիայի կազմակերպիչները համառեցին՝ բախվելով զինված ոստիկաններին ու արցախյան ազատամարտի մի խումբ մասնակիցների: Արցախյան կողմն այնպիսի գազանությամբ է ծեծել ավտոերթի մասնակիցներին, կարծես թե թշնամիների է հայտնաբերել սահմանին:

Թվում էր, որ կատարված վայրագությունից հետո ժողովրդավար Արցախի իշխանությունը, թմբիրից դուրս գալով, պետք է իրավիճակը շտկելուն ուղղված քայլեր աներ, սակայն ԼՂ նախագահ Բակո Սահակյանը երեկ միայն խորհրդակցություն հրավիրեց եւ փոխանակ հրահանգեր քրեական գործ հարուցել քաղաքացիներին ծեծի ենթարկելու, ուրիշի գույքը վնասելու առիթով, ընդամենը բավարարվեց ծառայողական քննություն նշանակելով: Այսինքն՝ Բակո Սահակյանի համար այդ ծեծի տեսարաններում դեռ մութ հարցեր են մնացել, որոնք պետք է պարզաբանվեն ծառայողական քննության ընթացքում: Հետաքրքիր է՝ ի՞նչ նոր բացահայտում պետք է անի այդ քննությունը, եթե տեսանյութերում ակնհայտ երեւում է, որ ոստիկաններն ու թեւկապներով ինչ-որ մարդիկ են ծեծում «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին ու կոտրում նրանց մեքենաները: Վերջիններս մի կերպ հետ են փախչում:

Հիմա փորձենք հասկանալ, թե այդ արյունալի իրադարձությունը ի՞նչ տվեց Հայաստանին ու Արցախին: Նախ՝ կրկին խորացրեց ՀՀ նախորդ իշխանության օրոք սկսված եւ գործող իշխանության օրերում առկա ղարաբաղցի-հայաստանցի անջրպետը, տեղիք տվեց խոսակցությունների, թե արդյո՞ք նրանց համար էին կռվում մեր տղաները, ղարաբաղցիները վատն են եւ այլն: Եւ բացի այդ՝ միջազգային՝ ադրբեջանական ու թուրքական լրատվամիջոցները հեղեղված են հրապարակումներով, թե տեսեք՝ ղարաբաղցիներն ինչպես են ծեծում հայերին, ագրեսոր են նրանք ու այլն:

Իսկ ո՞ւմ կարող էր սա ձեռնտու լինել: Քիչ չեն կարծիքները, թե Ռուսաստանն է սարքել այդ ջարդը, որպեսզի Գյումրեցի ընտանիքի ոչնչացումը որեւէ կերպ արդարացնի, թե տեսեք՝ գազանությունն ամենուր է, նաեւ՝ ձեր մեջ: Ինչ խոսք, վարկածը կյանքի իրավունք ունի, բայց առավել մեծ է հավանականությունը, որ այս իրավիճակը ձեռնտու էր Թուրքիային:

Բանն այն է, որ «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռության անունն արդեն ամեն ինչ ասում է. իսկ նրանց ծեծելը նշանակում է, որ Հայաստանում ցեղասպանության հարցի շուրջ տարակարծություններ կան: Ընդ որում, այդ տարակարծություններն այնքան շատ են, որ անցել են գազանային ծեծի: Ա՛յ, սա արդեն ամենավտանգավոր բանն է, որ կարող է արձանագրվել Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին: Մինչդեռ այդ առիթով հայ հասարակության պաhանջը պետք է լինի միայն մեկը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դատապարտել եւ հատուցել:

Բայց պարզվում է, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Կառավարությունում 1997թ-ից. տեղեկատվության հրատարակությունների վարչության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Գարեգին Չուգասզյանը, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ նրա հիմնադրած «Սիվիլնեթ»-ի հետ մերձ հարաբերություններ ունեցող Կարո Եղնուկյանը, հիմնադիր խորհրդարանի այլ անդամների հետ միասին որոշել են ավտոերթ ու այլ հրապարակային միջոցառումներ անցկացնել հենց ապրիլի 24-ին՝ պահանջելով ռեժիմի՝ Սերժ Սարգսյանի հեռացումը: Ու եթե մինչ այս նրանց ազդեցությունը թերագնահատվում էր, ապա հիմա պետք է արձանագրել, որ բավականին մեծ աղմուկ բարձրացրեց այդ միավորը, մեծ ուշադրություն բեւեռեց իր վրա՝ փաստի առաջ կանգնեցնելով ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի իշխանություններին: Եւ հիմա էլ ասում են, թե Արցախը պետք է ազատագրել ռեժիմից:
Ի դեպ, կարծիքներ կան նաեւ, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին ծեծի ենթարկելով՝ Հայաստանի եւ Արցախի իշխանություններն ակնարկեցին, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե նրանք փորձեն ապրիլի 24-ին Հայաստանում որեւէ միջոցառում անցկացնել: Իսկ թե որքանով հաջողվեց իրագործել նրանց այդ նպատակը, դժվար է ասել, միայն պետք է փաստենք, որ Արցախ-Հայաստան սահմանին տեղի ունեցած ջարդը միաժամանակ կարող է շահարկվել նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, որտեղ, օրինակ, մեզ համար ոչ այդքան բարեկամ Ղազախստանը կարող է պահանջել նաեւ տնտեսական սահման դնել այդ հատվածում: Այսինքն՝ Արցախը բաժանել Հայաստանից, ինչն անցանկալի է յուրաքանչյուր հայի համար: Մի խոսքով՝ շատ անհարմար բան ստացվեց:

Թամարա Միքայելյան




Լրահոս