Բրիտանական Daily Mail-ը տպագրել է Քարդաշյանների հայտնի ընտանիքի նախնիների լուսանկարների արխիվը: Նրանց մի ճյուղը փրկվել էր Էրզրումի ջարդերից, իսկ մյուսը, ըստ լեգենդի, մարգարեություն լսելով գալիք պատերազմի մասին ու հավատալով դրան, Ռուսական կայսրությունից ԱՄՆ էր հեռացել: Այսպիսով, Քարդաշյանների նախնիներին հաջողվել է փրկվել 1914-1918թթ. առաջին աշխարհամարտից, 1915 թ.-ին սկսած Հայոց ցեղասպանությունից և 1917 թ.-ին ռուսական հեղափոխությունից: Պարբերականը պատմում է այսօրվա աստղային ընտանիքի նախնիների ճակատագրի մասին, հատնում է armeniangenocide100.org-ն:
Ցեղասպանության ժամանակ Էրզրումը լքած հայերի թվում էին Քարդաշյան ընտանիքի նախնիների մյուս կողմը՝ Քիմի ապուպապը Հովհաննես Միրոյանն էր: Նա 1867-ին ամուսնացել էր Լուսիակ Չորբաջյանի հետ, 1886-ին նրանք Վարդանուշ անունով աղջիկ էին ունեցել, ու 20-րդ դարի սկզբին՝ Ցեղասպանության ժամանակ, նրա հետ փախել ԱՄՆ: Վարդանուշի՝ 1917թ.-ին ծնված աղջիկը՝ Հայկուհի Առաքելյանը, որը հայտնի էր որպես Հելեն, Քիմի տատիկն էր:
Վերջինս էլ ամուսնացել էր Արթուր Քարդաշյանի հետ, որը Կալիֆորնիայում մսի փաթեթավորման բիզնես ուներ: Հելենի և Արթուրի որդին՝ Ռոբերտը, հայտնի փաստաբան էր, որն ամուսնացել էր Քրիս Հոութոնի հետ և դարձել 21-րդ դարի ամենահայտնի հեռուստատեսային աստղերի՝ Քորթնիի, Քլոեի, Ռոբերտ-կրտսերի և Քիմի հայրը: Նա մահացել է քաղցկեղից՝ 2003 թվականին:
Իսկ Քարդաշյանների ընտանիքն արմատներով Ռուսական կայսրության տիրապետության տակ գտնվող տարածքից էր: Նրանք էթնիկ հայեր էին, բայց կրոնական հարցերում տարաձայնություններ ունեին տարածված հավատքի հետ և ճնշումների էին ենթարկվում համագյուղացիների կողմից, գրում է պարբերականը: Ընտանիքը բողոքի նամակ էր գրել Նիկոլայ 2-րդին, որն էլ հրաման էր արձակել, որով ընտանիքը տեղափոխվել էր ռուսական ռազմաբազային մոտ գտնվող Քարաքալե գյուղ: Այնտեղ նրանք մտերմացել էին տարածաշրջանում ապրող մոլոկանների համայնքի հետ:
Ըստ լեգենդի, 1850-ականներին գյուղի բնակիչ, այն ժամանակ՝ 11-ամյա Էֆիմ Կլուբնիկինը, չնայած անգրագետ լինելուն, գուշակել էր մի մեծ պատերազմ: Նույն մարգարեությունը նա կրկին արել էր 20-րդ դարասկզբին՝ նշելով, որ հատկապես հայերին ահավոր ժամանակներ էին սպասվում: Նա տեղացիներին հավաստիցրել էր, որ պետք է կտրեն-անցնեն Ատլանտյան օվկիանոսը, հասնեն ԱՄՆ և շարժվեն դեպի Արևմտյան ափ: Բացի այդ, Կլուբնիկինը կոչ էր անում արագ հեռանալ, քանի որ կանխազգում էր՝ «Ռուսաստանի դարպասները կարող էին փակվել», ու երկիրը լքել անհնար կդառնար:
Քարդաշյանների նախնիները լսեցին Կլուբնիկինին ու հեռացան ցարական Ռուսաստանից: Նրանց հետ հեռացան շատերը՝ վաճառելով տները կամ պարզապես փախչելով վերահաս աղետից: Իսկ գյուղի այն բնակիչներն, որոնք չլսեցին Կլուբնիկինի հորդորը, տարիներ անց կյանքով վճարեցին այն չլքելու համար:
Ըստ փաստաթղթերի, Արթուր Քարդաշյանը և Քիմի ապուպապը՝ Թաթոսը, ծնվել են Քարաքալեում: 1913-ին նա հեռացել էր Գերմանիա, այնտեղից՝ Բոսթոն, իսկ ավելի ուշ՝ Լոս Անջելես: ԱՄՆ-ում Թաթոսն աղբահավաքի բիզնես ուներ ու ամուսնացել էր Քալաքալեից մեկ այլ փախստականի՝ Հաննա Շաքարյանի հետ: Ինչպես արդեն նշվեց, նրանց որդին ու Քարդաշյանների ներկա սերնդի պապ Արթուրը 1938-ին ամուսնացավ աստղերի տատ Հելեն Առաքելյանի հետ:
«Այն, ինչից փախան Քարդաշյանները, Հայոց ցեղասպանությունն էր՝ հայերի ջարդը, հայկական հոլոքոստը: Իրենց նախնիների տան փլուզումից 100 տարի անց Քարդաշյանները դարձել են ԱՄՆ-ի ամենաազդեցիկ ընտանիքներից մեկը: Նրանցից ամենահայտնին Քիմն է, որը որոշել է այս տարի Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ առաջին անգամ այցելել Հայաստան: Բայց նրա հագեցած կյանքը, թանկարժեք տները, թվիթերում հետևորդների բանակը, երաժշտական գերաստղի հետ ամուսնությունը չէին լինի, եթե նրա նախնիները չհետևեին փոքրիկ մարգարեի զգուշացմանը», – գրում է պարբերականը: