«Հայաստանում առաջ գնալու տեղ չկար»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական մի շարք հիթերի հեղինակ, գործիքավորող Լազզարոն տեղափոխվել է ԱՄՆ եւ այնտեղ ստեղծագործում է արդեն արտերկրի աստղերի համար: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ իր ոլորտում Հայաստանում այլեւս առաջ գնալու տեղ չկար: Ու չնայած այն հանգամանքին, որ Լազզարոն հայրենիքում ամենաթանկ վարձատրվող գործիքավորողներից մեկն էր, այնուամենայնիվ, նա այն կարծիքին է, որ ստեղծագործող մարդը չի կարող երկար գոյատեւել փոքր շուկայի պայմաններում:

lazzaro4

-Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք բնակություն հաստատել Նյու Յորքում, հայրենիքից հեռանալու պատճառը ո՞րն էր:

-Նյու Յորք գալու եւ այստեղ աշխատելու առիթ ունեցա նախորդ տարում: Երկարատեւ ժամկետով եմ տեղափոխվել, գուցե ընթացքում որոշեմ մշտական բնակություն հաստատել այս քաղաքում, որն ինձ շատ է տրամադրում եւ ոգեւորում: Առհասարակ, միշտ նպատակ եմ ունեցել մի օր աշխատել հանրահայտ աստղերի հետ, եւ ասեմ, որ հիմա հենց այդ ուղու վրա եմ: Նյու Յորքում բնակվող իմ գործընկերոջ հետ ստեղծել ենք փրոդաքշըն-թիմ: Թե՛ ես՝ Հայաստանում, թե՛ նա՝ ԱՄՆ-ում, մեր աշխատանքի մեջ արդեն հասել ենք որոշակի հաջողությունների, ուստի որոշեցինք մեր հնարավորությունները միավորելով՝ ստեղծել ավելի հզոր թիմ, որը կարող է հեռուն գնալ եւ մեծ ձեռքբերումներ գրանցել ամերիկյան եւ համաշխարհային շոու-բիզնեսում:

-Այսինքն՝ Հայաստանում հնարավորությունները պրոֆեսիոնալ գործիքավորողի համար սահմանափա՞կ են:

-Եթե հաշվի առնենք, որ մեր գործում բարձր մակարդակ ցուցաբերելու համար պետք է առաջին հերթին ունենալ լավ լսողություն, իսկ դրա համար որոշակի թանկարժեք սարքավորումների պակաս կա, ապա կարող ենք ասել, որ, այո՛, այդ առումով Հայաստանը բարենպաստ երկիր չէ գործիքավորողների եւ երաժիշտների համար: Այդ ամենը դժվար է Հայաստանում ձեռք բերել՝ լինելով միայն գործիքավորող կամ երաժիշտ:

lazzaro2

-Բայց Հայաստանում էլ Ձեր գործերը վատ չէին…

-Կարող եմ վստահ ասել, որ իմ ոլորտում Հայաստանում այլեւս առաջ գնալու տեղ չկար: Ճիշտ է՝ աշխատանքի պակաս երբեք չեմ ունեցել, եւ, կարելի է ասել, եղել եմ ամենաթանկ վարձատրվող գործիքավորողներից մեկը վերջին մի քանի տարում, այնուամենայնիվ, մեր շուկան շատ փոքր է եւ միայն մեզ համար է, իսկ ստեղծագործող մարդը չի կարող երկար գոյատեւել այդ պայմաններում:

-Իսկ ԱՄՆ հայերի հետ կհամագործակցե՞ք:

-Ո՛չ, ես այստեղ ոչ մի կապ չունեմ հայ երգիչների հետ: Հիմա ավելի հեռուն գնացող նպատակներ ունեմ…

-Հայաստանում Դուք էիք ընտրում այն աստղերին, որոնց հետ պետք է համագործակցեիք: Արտերկրի երգիչների դեպքում եւս նույն սկզբունքը կկիրառե՞ք:

-Ո՛չ, այստեղ արդեն Record Label-ն է որոշողը, եւ ոչ՝ գործիքավորողը կամ աստղը:

lazzaro8

-Պարզ է, որ հայ աստղերից ոչ բոլորի հետ է հաջողվել աշխատել եւ ընդհանուր լեզու գտնել: Նրանց շրջանում կա՞ մի ընդհանուր միտում, որը մտահոգում է Ձեզ:

-Կասեմ կարճ՝ պրոֆեսիոնալիզմի պակասը: Դա շատ ակնհայտ է Հայաստանում:

-Հայկական շոու-բիզնեսում տեսնո՞ւմ եք որեւէ կատարողի, ով ունի արտերկրի շուկա դուրս գալու բոլոր հնարավորությունները:

-Մենք ունենք շատ տաղանդավոր երգիչ-երգչուհիներ, եւ վստահ եմ, որ նոր սերունդը շատ ավելի լավն է լինելու: Հույս ունեմ, որ շուտով կունենանք մի երգչուհի, որը միջազգային շուկա դուրս կգա եւ կդառնա հանրաճանաչ, սակայն չեմ ուզում անուն նշել:

-Ամեն դեպքում, դժվար թե նա հայաստանցի լինի…

-Հայաստանում լսարանը շատ փոքր է, եւ չկան կապեր ոչ միջազգային Record Label-ների, ոչ էլ արտիստ-մենեջմենթների հետ, այդ պատճառով էլ Հայաստանում ստեղծագործողները չունեն իրենց աշխատանքն ավելի մեծ լսարանի ներկայացնելու հնարավորություն:

-Իսկ ի՞նչ է պետք, որպեսզի, ի վերջո, Հայաստանում շոու-բիզնես հասկացությունը կայանա:

-Մեզ նման փոքր երկրի համար դա շատ դժվար հարց է…Նախ՝ հարկավոր է ավելի առաջադեմ մտածել: Մեզ համար դա բարդ է, քանի որ հայերս, ամեն դեպքում, սիրում ենք ռաբիս երաժշտությունը եւ դա մեր միջից դժվար թե կարողանանք հանել: Իսկ այդ տեսակի երաժշտությունը, բացի հայերից, ուրիշ ոչ ոք չի լսում, այդ պատճառով էլ դրսում լսարան դեռ չենք ունենա:

-Նշեցիք, որ ԱՄՆ-ի հետ կապված հեռահար նպատակներ ունեք, իսկ ո՞ր դեպքում կվերադառնաք Հայաստան:

-Այդ մասին դեռ չեմ հասցրել մտածել: Հիմա այստեղ շատ անելիքներ ունեմ: Անչափ ոգեւորված եմ եւ վստահ, որ «Grammy» մրցանակը այնքան էլ հեռու չէ ինձնից (ժպտում է…

 

Աննա Բաբաջանյան

Լուսանկարները՝ Armstar.am-ի




Լրահոս