«Ինչո՞ւ թողեցիք, որ պայթյուն լինի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 31-ին Բերձորի հատվածում հատուկ ջոկատայինները եւ ոստիկանությունը հարձակվել էին «Հիմնադիր խորհրդարանի»՝ Լեռնային Ղարաբաղ մեկնող ավտոերթի մասնակիցների վրա եւ ծեծի ենթարկել նրանց, ջարդել մեքենաների ապակիները, պոկել դրոշները: «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության մասին իրազեկող Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր ՍԷֆիլյանը եւ երթի մյուս մասնակիցները ստացել էին մարմնական վնասվածքներ:

Միջադեպից հետո հայ հանրության շրջանում բուռն քննարկումների ալիք բարձրացավ: Հատկապես սոցցանցերում օգտատերերը բաժանվեցին երկու հատվածի. նրանց մի մասը միանշանակ դատապարտեց ոստիկանության գործողությունը՝ որակելով այն որպես բռնարարք, մյուս մասն էլ բացատրեց, որ դա արվել է հնարավոր զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով: «Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցել է խնդրով մտահոգ արվեստագետների հետ:

Արձակագիր, դրամատուրգ Ռուբեն Հովսեփյանն, օրինակ, չի արդարացնում ո՛չ ավտոերթի մասնակիցների, ո՛չ ոստիկանների գործողությունները. «Ինձ համար նման դեպքերում ամենամտահոգիչն այն է, որ մեզանում չի գործում կանխարգելման անհրաժեշտության գիտակցումը, մենք չենք մտածում, թե ինչ կլինի տվյալ քայլից հետո, այլ սպասում ենք, որ ավերածություն լինի, հետո, օրինակ, պատգամավորներով որոշեն, որ գնալու են, կողմերին հաշտեցնեն… Ինչո՞ւ թողեցիք, որ պայթյուն լինի, ինչո՞ւ երթի մասնակիցներին Արցախ գնալու ճանապարհին չէր զգուշացվել, որ չէր կարելի մուտք գործել այնտեղ, ինչո՞ւ չէին նրանց հորդորել, համոզել: Ավելի քիչ էներգիա ծախսելով՝ կարելի էր չհասնել այս պայթյունին…»,-կարծիք հայտնեց նա:

Երգիչ, երգահան Վախթանգ Հարությունյանն էլ այն համոզման է, որ կատարվածի ետեւում պետք է փնտրել նրան, ով կուզենար սեպ խրել երեւանցի, ղարաբաղցի, այլ մարզեցիների արանքում, իսկ սեպ խրողին նա տեսնում է մեզանից դուրս. «Երկու կողմում էլ հայեր են կանգնած, եւ եթե գոյություն ունի պառակտման ձեւաչափ, ապա ավելի քան համոզված եմ, որ դա ինչ-որ մեկին պետք է…Ցանկացած երեւույթի մեջ փնտրենք հայի տեսակը կապող օղակներ, ոչ թե պառակտող»,-ասաց նա՝ զերծ մնալով փակագծերը բացելուց:

Վախթանգ Հարությունյանը նաեւ նշեց, որ չէր ցանկանա` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի թեման, մեր ընդհանուր ցավը քաղաքականացվեր, մտցվեր գործող ռեժիմի դեմ պայքարի շրջանակ, չարաշահվեր ու ծառայեցվեր սեփական նպատակներին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս