Տուրիստական գործակալությունները փակման եզրին են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոյի եւ դոլարի փոխարժեքի բարձրացման արդյունքում թանկացումներ արձանագրվեցին նաեւ ավիատոմսերի շուկայում, ինչի հետեւանքով որոշ տուրիստական գործակալություններ հայտնվել են փակման եզրին: Հիմնականում թանկացել են դեպի եվրոպական երկրներ ավիատոմսերի գները: «Գոլդ թրավել» տուրիստական գործակալությունից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ դեպի եվրոպական երկրներ ավիատոմսերի գներն անմիջական կապ ունեն եվրոյի փոխարժեքի հետ: «Իսկ եթե եվրոն բարձրանում է, չի կարող ավիատոմսի արժեքը նույնը մնալ: Դա կախված է այն տուրիստական ընկերությունից, ումից որ ձեռք ենք բերում այդ տոմսերը: Տեղյակ չենք՝ առաջիկայում տվյալ ընկերությունը կթանկացնի՞ ավիատոմսերի մինիմալ արժեքը, թե՞ ոչ: Պարզ գիտեք, որ դեկտեմբերին, երբ դոլարի ու եվրոյի փոխարժեքը կտրուկ բարձրացան ավիատոմսերն էլ հինգ րոպեի ընթացքում բարձրանում էին: Ապագայի մասով այս պահին կանխատեսել չենք կարող»,- պարզաբանեցին ընկերությունից:

Իսկ, ահա, «Ջոյ տուր» տուրիստական գործակալությունից փոխանցեցին, որ դեպի Իտալիա եւ Իսպանիա ավիատոմսերի գները 20-30 եվրոյով թանկացել են: Ընկերությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ ամռանը տոմսերն ավելի կթանկանան, այս անգամ` սեզոնային գործոնի պատճառով:

«Այս շրջանում ճամփորդական փաթեթներն ավելի էժան են: Բացի այս՝ թանկացումը կախված է եվրոպական երկրների տուրիստական ընկերություններից: Եւ եթե նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին եվրոյի փոխարժեքի բարձրացման արդյունքում վնաս են կրել, ապա միայն դա փոխհատուցելու համար կթանկացնեն իրենց ճամփորդական փաթեթները»,-տեղեկացրին ընկերությունից: Իսկ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության ազդեցության մասով տուրիստական գործակալություններն առայժմ զերծ են մնում կարծիք հայտնելուց: Միայն «Ջոյ տուր» ընկերությունից վստահեցրին, որ այն քաղաքացիները, ովքեր զբոսաշրջության նպատակով ՀՀ-ից մեկնում են, հեշտությամբ են կարողանում եվրոպական դեսպանատներից վիզա ստանալ:
Տուրիստական գործակալությունների փակման դեպքերի եւ ոլորտում առկա այլ խնդիրների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Զբոսաշրջային ավիագործակալների ազգային ասոցացիայի խորհուրդի» նախագահ Անդրանիկ Վանցյանի հետ, ով նկատեց, որ զբոսաշրջային ոլորտը բացարձակապես բարձիթողի վիճակում է գտնվում:

«Չկա ոչ մի չափորոշիչ, այսինքն՝ մարդն այդ գործունեությունը սկսելու նախադրյալներ ունի, բայց քանի որ ավիաշուկայում դաժան մրցակցություն է, այս պատճառով չեն գոյատեւում: Այս գործունեությամբ զբաղվող առաջատար ընկերությունները ձեւավորվել են շատ վաղուց, իսկ շուկա նոր մուտք գործողները հաշվարկելով՝ իրենց ծախսերն ու ակնկալվող եկամուտները միառժամանակ հետո փաստի առաջ են կանգնում: Եթե շուկան խորը ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ հին կազմակերպությունները չեն փակվում: Իսկ եթե դրանք փակվում էլ են, ապա իրենց աշխատանքային չմտածված գործունեության, մեծ ներդրումների, չարդարացված ծախսերի հետեւանքով»,-բացատրեց ոլորտում տասնյակ տարիների գործունեության փորձ ունեցող մեր զրուցակիցը:

Անդրանիկ Վանցյանի պնդմամբ՝ շուկան վաղուց ձեւավորված է, եւ հին կազմակերպություններն արդեն իսկ ունեն իրենց հաճախորդների հավաքագրված կայուն բազան: Արդյունքում՝ նորաբաց տուրիստական գործակալությունները նման պայմաններում ուղղակի չեն կարողանում գոյատեւել:

«Ես շատ եմ հանդիպել եւ զրուցել նոր տուրիստական գործակալություն բացող քաղաքացիների հետ: Ես իրենցից պահանջել եմ ներկայացնել բիզնես-ծրագիրը, բայց պարզվել է, որ նրանցից մեծ մասը չունեն սեփական տարածք: Արդյունքում նախ պետք է վարձակալեն այն, մի քանի աշխատակից պետք է ունենան, նաեւ պետք է կապի ծախսերը, հարկային պարտավորությունները կատարեն: Հաշվում են ծախսերը եւ ակնկալվող եկամուտը, իրար համեմատելուց հետո հասկանում են, որ վնասով են աշխատելու: Ահա, նման կերպ բացվում են, սկսում են աշխատել, հետո շատ արագ փակվում են: Իսկ կայացած կազմակերպությունները կարողանում են գոյատեւել, քանի որ շուկայում գործընկերներ, հաճախորդներ ունեն»,-նկատեց մասնագետը:

Վանցյանը հիասթափված նկատեց, որ այս տարիների ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունը երբեւէ չի փորձել համագործակցել «Զբոսաշրջային ավիագործակալների ազգային ասոցացիայի խորհուրդի» անդամ-գործակալների հետ: «Մենք ինքներս ենք զբաղվում մեր խնդիրներով եւ փորձում ինքներս դրանք լուծել: Իսկ էկոնոմիկայի նախարարությունում գործող տուրիզմի վարչությունից ոչ մի անգամ հրավեր չեմ ստացել, ոչ էլ՝ աջակցություն: Թեեւ տասնյակ տարիներ է, ինչ այս ոլորտում եմ»,- հավելեց Վանցյանը:

«Ժողովուրդ»-ը զրույցի ավարտին Ա. Վանցյանից հետաքրքրվեց՝ Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցությունը ինչպես կանդրադառնա հայկական ավիաշուկայի վրա այն դեպքում, երբ նշված քայլը եվրոպական երկրների կողմից ոգեւորությամբ չի ընդունվել: «Հիմա մենք հունվարի 1-ից, կարծես թե, գտնվում ենք ԵՏՄ անդամ երկրների շարքում, բայց ոչ մի դրական եւ բացասական փոփոխույթուն դեռ չկա: Թանկացումներ հնարվոր է՝ լինեն մոնոպոլ ուղղությունների վրա, դրանք կարող են բարձր սակագին թելադրել: Այնուամենայնիվ, թե ինչ կփոխվի առաջիկայում, դժվար է ասել, դեռ վաղ է այս մասին խոսել»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս