Ի՞նչ էր իրականում տեղի ունեցել ազատամարտիկի սպանության օրը, և ինչո՞ւ լռեց Մանվել Գրիգորյանը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա հուլիսի 13-ին Նոր Նորքի 7-րդ զանգվածի Կարախանյան 7 տան մոտ վիճաբանություն էր տեղի ունեցել: Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն` Գևորգ Սարգսյանը (նա ավելի հայտնի է Ջունգլ մականվամբ), նրա հայրը՝ Բաբկեն Սարգսյանն ու Վիկտոր անունով ևս մեկ քաղաքացի ծեծի են ենթարկել 55-ամյա ազատամարտիկ Վարդան Թումանյանին: Օրեր անց վերջինս մահացել էր: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, Գևորգ Սարգսյանը կալանավորված է, նրա հայրը՝ Բաբկեն Սարգսյանը, ազատության մեջ է՝ ստորագրությամբ չբացակայելու պայմանով, իսկ Վիկտորի նկատմամբ իրավապահ մարմինները հետախուզում են հայտարարել:

Armlur.am-ը տեղեկացավ, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, իսկ Ջունգլն արդեն 8 ամիս է` կալանավորված է: Այս պահին նա գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:

Մեզ ահազանգած Գևորգ Սարգսյանի մայրը` Անահիտ Սարգսյանը, վրդովված նշեց, որ հանրությունը և նախկինում իրենց շահագրգիռ կողմ հայտարարած անձինք տևական ժամանակ է` լռում են, մոռացել են այս դեպքը: Պատճառը, ըստ մեր զրուցակցի, այն է, որ գործով գլխավոր մեղադրյալ իր որդին կալանավորված է: «Իսկ ինչո՞ւ անպատասխանատու հայտարարություններ անելիս այդ մարդիկ հաշվի չեն առել դեպքի բոլոր հանգամանքներն ու մանրամասները: Եթե կա զոհ, դեռ չի նշանակում, որ պատճառը միայն մեկը կարող է լինել»,- շարունակեց մեր զրուցակիցը` վստահեցնելով, թե իրականում տեղի ունեցած վիճաբանությունից հետո տուժող Վարդան Թումանյանը այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ և հետազոտվել համապատասխան բուժանձնակազմի կողմից, իսկ հետազոտության արդյունքում Թումանյանի մոտ հայտնաբերվել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Ստանալով համապատասխան ամբուլատոր բուժում` Վարդան Թումանյանը նույն օրը դուրս է գրվել, ապա՝ հաջորդ օրը, տեղափոխվել վերը նշված ԲԿ, և բուժզննման արդյունքում վերջինիս մոտ ախտորոշվել է ինսուլտ:

«Վարդան Թումանյանը նախկինում ևս տառապել է սրտային հիվանդությամբ, որի պատճառով էլ հանդիսացել է երրորդ կարգի հաշմանդամ: Դեպքից միայն մեկ շաբաթ անց են Վարդան Թումանյանին վիրահատել, իսկ հաջորդ օրը նա մահացել է: Ու հենց նույն օրը վարույթն իրականացնող մարմինը, չունենալով համապատասխան ապացույցներ, տուժողի հարազատների կրքին հագուրդ տալով և բորբոքված կրքերը հանդարտեցնելու նպատակով ձերբակալել են եղբորս: Ու տուժողի հարազատներն էլ, քաջատեղյակ լինելով գործի հանգամանքներին, ցանկացած եղանակով, մահվան փաստը վիճարկելով` փորձում էին այն քաղաքականացնել, իրարամերժ հոլովակներ, տարաբնույթ բողոքներ հրապարակել` փորձելով այս ամենին ինչ-որ երանգ և հնչեղություն տալ: Մարդկանց վիշտը շահարկելով ուրախանում էին, հրճվում: Նմանատիպ գործերի արդյունքում խեղաթյուրված իրականության հետևանքով ինչքան կործանված ճակատագրեր կան»,-նշեց Գևորգ Սարգսյանի մայրը:

Զուգահեռներ՝ «Հարսնաքարում» տեղի ունեցած ոճրագործության հետ

harsnaqar

Հիշեցնենք, որ տեղի ունեցածը որոշ ժամանակ հանրության շրջանում բուռն քննարկումների տեղատարափի առիթ տվեց: Շատերն այս դեպքն անգամ համեմատում էին 2012 թվականին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատողների կողմից զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանին ծեծի ենթարկելու դեպքի հետ: Վահե Ավետյանը ևս օրեր անց մահացավ:

«Հարսնաքարի» ֆենոմենը, ինչպես այդ ընթացքում լրատվամիջոցներն էին ներկայացնում, ոմանց հանգիստ չէր տալիս: Այդ անգամ մասիվցի մուսկուլավորները դաժան ծեծով սպանել էին ազատամարտիկ, 55-ամյա Վարդան Թումանյանին, ով մարտական ընկերների շրջանում հայտնի էր «Ձի Վարդան» անունով։ Ազատամարտիկի հարազատները հայտարարում էին, թե Վարդան Թումանյանին այդ վիճակին հասցնողները Նոր Նորքի «ԷԼԼԱ» գիշերային ակումբի անվտանգության աշխատակիցներն են:

Այսպես, նախնական տարածված լուրերի համաձայն` «ախրաննիկների» հովանավորները դատախազներ են։ Գլխավոր «հերոսը» Ջունգլն է, ում հոր հետ հանգուցյալը վեճի է բռնվել, ու տղան էլ կանգնել է հոր թասիբին, իսկ նրան օգնել են բարեկամներ Սարգիսն ու Վիկտորը և իր հայրը՝ Բաբկենը։ Ջունգլը հեռուստաեթերի «աստղ», գուշակ Անահիտի որդին է։

Ինչպես է տեղի ունեցել դեպքը` ըստ ազատամարտիկի ականատես հարազատների

Untitled-443

Վարդան Թումանյանի կնոջ` Տանյայի և դստեր` Վիկտորիայի ներկայացրած պատմության համաձայն` չարաբաստիկ այդ օրը հանգուցյալն ընթրել է քույրերի տանը և տուն վերադառնալիս որոշել է մի փոքր լիցքաթափվել իրենց բակին հարակից զրուցարանում: Այստեղ թաղի տղամարդկանցից ոմն Բաբկեն, որին այս ընտանիքը միայն դեմքով է ճանաչել, ընկերոջ հետ շախմատ խաղալիս է եղել ու մի փոքր վիճաբանել է խաղի շրջանակներում: Վարդանը հետևել է ընկերների «կռվին» ու կատակով միջամտել. «Երկու ապարանցիները չեն կարողանում կռվել», Բաբկենը շուռ է եկել Վարդանի  կողմ ու ասել՝ «թուրքերը կարողանում են»:

Վերջինը ճշտել է՝ ի՞նչ նկատի ունի: «Քեզ, դու թուրք ես»,- հրահրել է Բաբկենը: Վարդանը կարգի է հրավիրել նրան ու զայրանալով խառնել է շախմատի խաղաքարերը. «Վե՛րջ, էլ չե՛ք խաղում, դո՛ւրս եկեք»: Բաբկենը վերցրել է խաղատախտակն ու հարձակվել Վարդանի վրա: «Բաբկենի խաղընկերն իր ցուցմունքում նշում է, որ Վարդանը չի խփել, այլ հրել է, ու նա ընկել է»,- պատմել է ազատամարտիկի կինը: Իսկ միջադեպից 15-20 րոպե անց ամուսնուն տեսել է շքամուտքում, անտրամադիր և գույնը գցած։

4786401421211337
Գևորգ Սարգսյան (Ջունգլ)

 

Հենց այդ ժամանակ շքամուտք են մտել Բաբկենի ուղարկած «ռեմբոները» և Վարդանին կանչել հաշիվ մաքրելու. «Երկու երիտասարդ մոտեցան ու հարցրին՝ Վարդանն ո՞վ ա, որտե՞ղ ա ապրում, ամուսինս ասաց՝ ես եմ: Հլը արի՝ կոշտ ասացին նրանք, որից սիրտս անհանգստություն մտավ, ու դանդաղ քայլերով շարժվեցի նրանց հետևից: Տղաներն ասում էին՝ ներողություն պիտի խնդրես, ամուսինս փորձում էր ճշտել՝ ինչի՞ համար պետք է խնդրեմ, բայց երկու բառ էր արտասանել, երբ բռունցքն իջավ նրա բերանին՝ «կխնդրես»: Ամուսինս հանկարծակի հարվածից թռավ ու ընկավ»:

1405670966,6721
Վարդան Թումանյանի կինը՝ Տանյան

 

Վարդանը գլխի սալջարդ է ստացել և դեպքից 2 օր անց հիվանդանոցում մահացել, անգամ վիրահատությունը չի փրկել նրա կյանքը։ «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում փորձել են բժշկական եզրակացության մեջ գրել, որ մահը վրա է հասել ինսուլտից՝ ասելով, որ Վարդանը հիվանդանոց է տեղափոխվել բարձր ճնշմամբ: «Բայց եղբայրս հիպերտոնիկ հիվանդ է եղել, եւ նրա մոտ միշտ ճնշումը 170-180-ից ցածր չի եղել: Ամենազարմանալին այն է, որ Վարդանի վրա գրեթե կապտուկ չկար, այն դեպքում, երբ խփելու ժամանակ աղջիկը տեսել է, թե ինչպես է արյան մեջ կորած, անգամ ականջներից է արյուն եկել»,- պատմել է մահացածի քույրը և բացատրում. «Իրենք բռնցքամարտիկ են և գիտեն` ինչպես խփել, որ կապտուկ չառաջանա, մենակ բացվածք կա այտոսկրի վրա»։

Ինչո՞ւ սկսվեց շրջանառվել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԵԿՄ անդամ Մանվել Գրիգորյանի անունը

Untitled-373

Մահացած ազատամարտիկի քրոջ` Մարիետա Թումանյանի պնդմամբ` եղբորը ծեծի ենթարկած հայր և որդի Սարգսյանները ԵԿՄ անդամներ են ու մտերիմ հարաբերությունների մեջ են ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հետ: ԵԿՄ-ից էլ հայր ու որդի բարեկամացել են Մանվել Գրիգորյանի հետ: Տարածված լուրերի համաձայն` այդ բարեկամությունն այնքան խորն է, որ Ջունգլի ավտոմեքենաների վրա նույն պետհամարանիշն է (45 045), ինչ գեներալ Մանվելինը և Երկրապահի որոշ անդամներինը:

«Ջունգլի հայրը՝ Բաբկենը, Երկրապահի անդամ է: Կեղծ թուղթ է հանել, կեղծ մեդալներ է տարել ցույց տվել ու այդպես դարձել է Երկրապահի անդամ: Իսկ այս դեպքերից հետո նա գնացել է Երկրապահ, որ իր և որդու համար բնութագիր վերցնի՝ ներկայացնելու նախաքննական մարմնին, սակայն Երկրապահից մերժել են»,- ավելի վաղ ասել է Մարիետա Թումանյանը:

Հ.Գ. Բնավ զարմանալի չէ, որ դեպքից հետո և մինչ օրս Երկրապահը այս հանգամանքը որևէ կերպ չմեկնաբանեց: Միգուցե Մանվել Գրիգորյանի կողմից արված որևէ պարզաբանում կամ խոսք ամեն բան իր տեղում դներ: Իսկ ավելի զարմանալի է այն հանգամանքը, որ մեղադրյալի հարազատները փաստում են, թե տուժած ազատամարտիկը նախկինում ևս սրտի հետ կապված առողջական խնդիրներ ուներ, իսկ մյուս կողմի հարազատներն այս հանգամանքը երբևէ չեն նշում:

Տաթև Հարությունյան




Լրահոս