ՉԻ ԱՓՍՈՍՈՒՄ ԿՆՈՋԸ ՍՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

70-ամյա կնոջ կորստի համար ափսոսում են ոչ միայն հարազատներն ու բարեկամները, այլեւ հարեւանները: Սակայն կնոջը սպանող ամուսինն այդպես էլ չի զղջում իր արածի համար: Իսկ սպանության պատճառը խանդն է եղել:
Հիշեցնենք, որ 2012-ի հուլիսի 9-ին Երեւանի Շահումյան 4-րդ փողոցի (Ախպարաշեն) թիվ 66 տան բնակիչ 74-ամյա Ռոբերտ Թադեւոսյանն իր «ՄՌ-18-Մ-Մ» տեսակի 12 տրամաչափի մեկփողանի հարթափող հրացանից կրակել է կնոջ` 70-ամյա Սիրանույշ Հաջաթյանի գոտկատեղին, ինչի հետեւանքով նա մահացել է: Ռ. Թադեւոսյանը ձերբակալված է:
Տեղեկացնենք, որ Ռ. Թադեւոսյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Տարոն» գեղագիտական կենտրոնի ղեկավար Հովհաննես Թադեւոսյանի եղբայրն է: Նա որսորդների միության անդամ է եւ հրացանը ձեռք է բերել հենց այդ հիմքերով:
Ամուսիններն ունեին 3 երեխա. 2 տղաներն այժմ գտնվում են Գերմանիայում, իսկ աղջիկն ամուսնացել եւ բնակվում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում:
«Ժողովուրդ»-ը, հարեւաններին հարցուփորձ անելով, պարզեց, որ սպանված Սիրանույշը վերջերս էր վերադարձել Գերմանիայից. նա տղաներին հյուր էր գնացել: Փաստորեն, այս անգամվա նրա ճամփորդությունը վերջինը եղավ: Բանն այն է, որ անցյալ տարի մայիսին Ռոբերտը նորից խանդի հողի վրա կնոջը խոհանոցային դանակով 3 տեղից ծակել էր: Այդ դանակահարությունից հետո պարզվել էր, որ Ռոբերտը հոգեկան խնդիրներ ունի: «Անցյալ տարի մայիս ամիսն էր, որ դանակով խփեց Սիրանույշին: Մի քանի օր պառկեց հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Բայց խղճաց իր ամուսնուն ու չբողոքեց: Այդ ժամանակ միայն ոստիկանությունը տարավ, հարցաքննեց ու հետո շուտ բաց թողեց: Դե այդքան շատ շփում չունեինք իրենց հետ, դրա համար էլ մանրամասները չգիտենք»,-մեզ հետ զրույցում պատմեցին հարեւանները: Ըստ նրանց՝ ամուսինները վերջին 5 տարիների ընթացքում շարունակ վիճաբանել են, եւ մշտապես մեղավոր կողմը եղել է Ռոբերտը:
Հարեւանները պատմեցին, որ ժամանակին Ռոբերտն իր տան մի հատվածը վաճառել է հարեւանին, որն ունի 25 տարեկան մի տղա՝ Հովիկ անունով: «Հովոն բանիմաց, խելոք տղա է: Կոմպյուտերներից լավ հասկանում է: Էս Ռոբերտին էլ միշտ թվացել է, որ իր կինն էդ ջահելի հետ է կապված: Բայց Սիրանույշը շատ հանգիստ մարդ էր, համարյա թե ոչ ոքի հետ չէր շփվում: Ռոբերտն էլ մեզանից եւ ոչ ոքի հետ երբեւէ չի շփվել, տանից դուրս չէր գալիս, ամեն օր աշխատում էր, իսկի խանութ չէր գնում»,-նշեց մի տղամարդ՝ խնդրելով իր անունը չհրապարակել: Պարզվում է՝ Ռ. Թադեւոսյանը կահույքագործ է եւ նրան իր աշխատանքում օգնել է  կինը: «Առավոտից իրիկուն աշխատում էին: Իրենք ամբողջ կյանքում տանջվեցին, բայց ոչ մի լավ օր չտեսան: Երեւանում մի քանի տներ էին գնել իրենց երեխաների համար: Պայմաններ էլ ունեին լավ ապրելու, երբեք ֆինանսի կարիք չեն զգացել, իրենց տղաներն էլ միշտ օգնել են: Բայց դե տեսե՛ք՝ ինչ եղավ ու ինչի համար»,-ներկայացրին հարեւանները:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Ռոբերտի մշտական «խանդի թիրախի»` 25-ամյա Հովոյի հետ. «Ոչ մի բան չեմ կարող ասել: Ավելի ճիշտ, չեմ ուզում խոսել այդ մասին: Ես ոչնչից տեղյակ չեմ: Միայն կարող եմ ասել, որ լուրջ չեմ վերաբերում այդ մարդու մեղադրանքներին: Բացի այդ, պետք չէ մարդկանց դժբախտության վրա շոու սարքել»:
Սպանված տիկնոջ հարեւաններից մեկը մեզ հետ զրույցում նկատեց. «Հիշում եմ, երբ իրենց այս տան ապրանքները տեղափոխում էին մյուս տուն, ապրանքների մեջ տեսանք երեք լվացքի մեքենա, բայց ինքը ձեռքով էր լվացք անում: Խեղճ կինը տանջվեց այդ մարդու ձեռքին»: Իսկ այդ բակում գտնվող խանութի վաճառողուհին, որը չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում նկարագրեց. «Իսկական հայ կին էր Սիրանույշը: Չէր ուզում իր համար մի բան գնել: Առաջին հերթին մտածում էր իր ընտանիքի անդամների մասին: Հիշում եմ՝ այդ դեպքից մի երկու օր առաջ եկավ ու մածուն գնեց: Ասաց` տանեմ, սպաս սարքեմ, որ Ռոբերտն ուտի: Ու այդքան բանից հետո ինչ պատասխան ստացավ այդ խեղճը»:
Տեղեկացնենք, որ ամուսինը ձերբակալվելուց հետո հայտարարել է, որ չի զղջում իր արածի համար. «Իմ միսիան կատարել եմ»: Այսինքն` իր միակ նպատակն իրականացրել է՝ կինն այլեւս կենդանի չէ: Այսպիսի ամոթալի պատմություն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս