ՆԱԽԱԳԱՀԻ ԽՆԱՄԻՆ ՈՒ ՄՇՏԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի՞նչ կլիներ ԱԺ ՀՀԿ խմբակցության վիճակը, եթե այնտեղ չլիներ Վոլոդյա Բադալյանը` Ռոբերտ Քոչարյանի խնամին, խոշոր գործարարը, խորհրդարանում սպիտակյան «թեւի» պաշտպանը… Երեւի շատ բան այլ կերպ լիներ խորհրդարանում, որովհետեւ Բադալյանն էլ մեկն է նրանցից, որոնք ներկայացնում են ՀՀԿ այսպես կոչված պահպանողական թեւը՝ չընդունելով երիտասարդ ու կոմսոմոլի հոգեբանություն ունեցող կուսակիցներին:
Ուշագրավն այն է, որ Վ. Բադալյանը մինչեւ այսօր էլ իրեն խորհրդարանում այնպես է պահում, ասես Ռ. Քոչարյանն է նախագահը, ու մյուսների խոսքն իր համար նշանակություն չունի: Իհարկե, երբեմն «ոմանք» չեն հասկանում նրա այս առավելությունն ու փորձում են ներքաշել ինչ-որ պատմությունների մեջ, բայց Բադալյանը փորձված մարդ է ու գիտե, թե որտեղ իրեն ինչպես պահել: Մեկ տարի առաջ՝ 2011-ի հուլիսին, Վ. Բադալյանի հարազատներից մեկին մեղադրեցին ծանր հանցագործության մեջ. նա վերադարձավ Հայաստան, հայտարարեց, որ ինքը ոչնչից տեղյակ չէ, որ իզուր են կապում իր անվան հետ, եւ որոշ ժամանակ անց հաջողացրեց այդ գործը «ջրել»:  
Նշենք, որ 64-ամյա պատգամավորը կյանքի հետաքրքիր ճանապարհ է անցել, այնպես որ, ամեն ինչին չէ, որ հասել է խնամու աջակցությամբ: 1983թ.՝ 35 տարեկան հասակում, ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-շինարար է: Տասնութ տարեկանից աշխատել է Սպիտակի շաքարի գործարանում, 1969-ին տեղափոխվել է Երեւան եւ աշխատանքի անցել որպես Երքաղխորհրդի գործկոմի ջրմուղ-կոյուղու գլխավոր վարչության Լենինյան շրջանի տեխնիկ, ավագ վարպետ, գլխավոր ճարտարագետ, պետ: 1981-1995թթ. Երեւանի քիմիական ռեակտիվների գործարանում եղել է ճարտարագետ, տեղամասի պետ, փոխտնօրեն, տնօրեն, 1995-1999թթ.՝ «Քիմռեակտիվ» ԲԲԸ նախագահ, 2001թ.՝ Ագրոարդյունաբերողների եւ սերմնաբույծների միության նախագահ, 2002թ.՝ «Հայ աշխատավոր» ՀԿ համանախագահ: Իհարկե, չգիտենք, թե ինչու բանակում չի ծառայել, բայց ուրախալի է, որ ամբողջ կյանքում աշխատել է, պաշտոններ զբաղեցրել, անգամ այն ժամանակ, երբ պատգամավոր է եղել: Իսկ նրա պատգամավորական կենսագրությունը սկսվում է դեռեւս 1990-ից, երբ Երեւանում էր ապրում ու աշխատում, բայց պատգամավոր դարձավ հայրենի Սպիտակից: 1995-ին եւս Վ. Բադալյանը խորհրդարան եկավ. երկու անգամ էլ ընտրվեց մեծամասնականով:
Սկզբում ՀՀՇ-ի հետ էր, դրա համար էլ տեղ էր զբաղեցրել «Հանրապետություն» խմբակցությունում, 1999-ին խորհրդարան եկավ «Միասնության» համամասնական ցուցակով, ապա  հեռացավ «Միասնություն»-ից, որեւէ խմբի ու խմբակցության անդամ չդարձավ, բայց հետո Ռ. Քոչարյանի հորդորներով ստանձնեց «Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում» պատգամավորական խմբի ղեկավարումը: Անհրաժեշտ էր, որպեսզի գործարարներին մեկը «սանձեր»: Եւ այդ վստահելի մարդը խնամին էր: ՀՀԿ-ն Վ. Բադալյանին 2003-ին իր համամասնական ցուցակում չընդգրկեց, բայց դրանից նա չտխրեց, որովհետեւ թիվ 35 ընտրատարածքից դարձավ պատգամավոր եւ գործեց ազատ ու ինքնիշխան՝ դարձյալ որեւէ խմբի ու խմբակցության մեջ չմտնելով:
2007-ին ՀՀԿ-ն ուղղեց սխալն ու Բադալյանին ընդգրկեց իր ցուցակում, նրա ներկայությունն ապահովեց նաեւ 2012 թվականին… Ստացվում է, որ Վ. Բադալյանն անփոխարինելի է, որ 1990-ից ի վեր պատգամավոր է դառնում: Այսինքն՝ 22 տարի: Թվում էր՝ 22 տարվա մեջ նա պիտի դառնար ամենաարհեստավարժ պատգամավորը, աչքի ընկներ իր կողմից ստեղծված օրինագծերի առատությամբ: Սակայն այս բոլոր տարիներին Բադալյանի գլխավոր խնդիրը ոչ թե օրենքներն էին, այլ սեփական բիզնեսի ապահովությունը: Պատահական չէ, որ նա խորհրդարանում հայ-վրացական կապերի պատասխանատուն է, իսկ սա նշանակում է, որ նրա համար չափազանց հեշտ էր Բաթումում սեփական բիզնեսներ ստեղծելը: Իսկ հայ-վրացական հանձնաժողովը գրեթե ոչինչ չի արել. ամեն անգամ մոռացության են տրվել Ջավախքի խնդիրները, հանդիպումների ժամանակ չեն քննարկվել բռնազավթված եկեղեցիների հարցերը եւ այլն: Նշանակում է՝ իսկապես այս հանձնաժողովը կոչված է եղել ոչ թե լուրջ միջպետական հարցերի քննարկմանը, այլ միայն ու միայն նեղ-անձնական շահերի կարգավորմանը:
Հիշենք ռուսական մամուլում տպագրված «Հայաստանը թալանողները» վերտառությամբ հոդվածը, ուր Բադալյանի մասին գրված է. «Ռոբերտ Քոչարյանի խնամի, նրա խոշոր գործընկեր, ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանը Սպիտակի շաքարի գործարանի նախկին տնօրենն է: Նրա ձեռքի տակով է անցել այնպիսի խոշոր քիմիական ձեռնարկությունների սեփականաշնորհումն ու վերավաճառումը, ինչպիսիք են «Քիմռեակտիվ»-ը եւ «Պոլիվինիլացետատ»-ը: 2001-ին ստացված հունական 10-միլիոնանոց վարկի հափշտակիչներից մեկն է: Վարկը «Արդշինբանկ»-ի միջոցով յուրացվել է ՀՀ ագրոարդյունաբերողների եւ սերմնաբուծության միության կողմից: Բադալյանը նաեւ եղել է Քոչարյանի ու Սահակաշվիլիի միջեւ կնքված հայ-վրացական գաղտնի գործարքների կնքահայրը: Այդ բարեկամության եւ հովանավորչության շնորհիվ միջնորդավորված անձանց միջոցով վրացական կապիտալը լվացման համար ներթափանցել է ՀՀ, իսկ հայկականը` Վրաստան: Հայ-ռուսական գործարար համագործակցության ասոցիացիայի անդամ է ՀՀ-ի կողմից, որի միջոցով Քոչարյանն իր քաղաքական եւ տնտեսական շահերի լոբբինգ էր իրականացնում ՌԴ-ում»:
Այս ամենին ավելացնենք մի քանի ուշագրավ փաստեր եւս, որպեսզի ամբողջանա «գլխավոր խնամու» եւ 22 տարվա պատգամավորի «աշխատանքային կերպարը». Երեւանի Կինոյի տան վրա եւ հարեւանությամբ կառուցվող երկու բարձրահարկ շենքերը պատկանում են հենց Վ. Բադալյանին եւ օրենբուրգցի Սամվելին: Բադալյանին է պատկանում նաեւ Առեւտրի պալատի շենքը, որ սեփականաշնորհել է: Նա նաեւ Վրաստանում սիգարետի եւ շոկոլադի համատեղ արտադրություն ունի:
Բադալյանը Բաթումում խոշոր հողատարածքներ է գնել: Երբ նա գործարարներից կազմված պատվիրակություն էր տարել Վրաստան, նրանցից գումարներ էր վերցրել` խոստանալով, որ նրանք Վրաստանում կհանդիպեն այդ երկրի բարձրագույն իշխանավորների հետ, նրանց հետ տարբեր ոլորտներում բիզնես սկսելու համաձայնություն եւ աջակցություն կստանան: Սակայն այդպես էլ ոչ մի հանդիպում չէր եղել…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս