ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՆԵԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի՛ պարոն Սերժ Սարգսյան, հեռուստատեսությամբ լսում ենք Ձեր ելույթը արդարության, իրավական, դատական համակարգի, որեւէ մեկի՝ թեկուզ պաշտոնյա լինելու եւ հանցանք կատարելու դեպքում անպատիժ չմնալու մասին եւ խորհում ենք, որ միգուցե Դուք տեղյակ չեք կատարվածից, միգուցե Ձեզ խեղաթյուրված են ներկայացնում այս քրեական գործի ընթացքը, միգուցե Ձեզ չեն հասնում մեր բազմաթիվ դիմում-բողոքները, այլ դեպքում Դուք՝ որպես ՀՀ նախագահ, թույլ չէիք տա, որ անպատիժ մնան հայրենիքի իսկական դավաճանները, որոնց անունները Կարեն Մեհրաբյանը հայտնում է դատարանում, միջնորդում հրավիրել նրանց դատարան, սակայն առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որի մութ կենսագրության մասին կարդացել էինք «Ժողովուրդ» օրաթերթում, դատախազը՝ Արամ Ամիրզադյանը, որն ավազի վրա գործ է կառուցել, անտեսում են այդ միջնորդությունները: Ավելի վատ, Կ. Մեհրաբյանը հայտնում է, որ հեռախոսային խոսակցություն ունի իր քրեական գործում, բայց դատավորը շատ հանգիստ հայտնեց, որ այդ սկավառակը չկա, եւ դատախազը լռում է դրա մասին:
Կ. Մեհրաբյանը դատարանում հայտարարեց, որ ԱԱԾ «քննիչ» Արմեն Թեւանյանը համոզել է, որ եթե ինքն ասի, որ Աշոտ Չտրկյանը գիտեր իր գործունեության մասին, ապա իր հետ մեղմ կլինեն, եւ խոստումներ է տվել: Ինչո՞ւ էր դա անհրաժեշտ քննիչին, որովհետեւ գործ էր սարքում անտեր, անհայր, պաշտոնյա հայր չունեցող Ա. Չտրկյանի դեմ: Քանակ էր ապահովում, արդեն բարձրաձայնել էր հանրապետությունով մեկ, որ «աշխատանք է կատարել», դավաճաններ է բռնել, մեկի վրա պիտի բարդեր, մյուսներին՝ ՏԵՐՈՎՆԵՐԻՆ, պիտի թաքցներ:
Ասում էին, որ բոլոր ալիքներով պետք է ցուցադրեն, որ ամբողջ հայ ազգն իմանա, թե ինչ է դավաճանությունը, եւ վախենա: Ինչո՞ւ չհեռարձակեցին, անգամ բոլոր հեռուստաալիքներին խնդրեցինք, որ դատական ընթացքը նկարահանեն եւ հեռարձակեն, բայց բոլորը, ԱԱԾ-ից եւ դատախազությունից վախեցած, լռում էին:
Ա. Չտրկյանին ձերբակալելուց հետո քննիչ Ա. Թեւանյանը ազգային անվտանգությունում նրան պահելու համար մտացածին հիմք է ստեղծում՝ մեղադրելով 299 հոդվածի 1-ին մասով՝ հայրենիքի դավաճանություն, անհիմն մեղադրանքներ է գրում, որի համար ոչ մի ապացույց չի կարողանում գտնել, ոչ մի հեռախոսային լսում, ոչ մի վկա, ոչ մի գործողություն, որ ապացուցի Չտրկյանի մեղքը: Եւ իր սեւ գործը շարունակելու համար «քննիչ» Թեւանյանը հոդված ոնց լինի կգտներ, կարեւորը մարդու էր ձերբակալել: Ոչինչ, որ անմեղ մարդ է դատապարտելու, խորտակելու է եւս մի երիտասարդ կյանք, որի հայրը ՆԳ աշխատակից է եղել եւ մահացել է ինֆարկտից, երբ Աշոտը 4 տարեկան է եղել (ավելի լավ՝ «անտեր տղա է»), ոչինչ, որ երիտասարդ մի ընտանիք եւս կքայքայվի, ոչինչ, որ Աշոտի 3 տարեկան երեխան որբ կմեծանա՝ հոր չարած մեղքն էլ վրան խարանված: Ու գտնում է նոր հոդված` 38/299՝ հայրենիքի դավաճանին օժանդակող, եւ հայտարարում է. «Բրթելով էլ լինի, քեզ դատելու եմ, որ Թուրքիա ես գնացել՝ աշխատելու»: Այդ դեպքում ինչո՞ւ քննիչը չի դատապարտում հայ ազգի 50%-ին:
Ինչո՞ւ էր ուզում քննիչը անպայման «բրթելով դատել» Աշոտին, ի՞նչ էր թաքցնում, ինչո՞ւ է «անտեր տղաներ» գտել, առանց փաստի, առանց հիմքերի մեղադրական գործ ստեղծել, արագ փակել: Մի՞թե ազգային անվտանգությունն այնքան թույլ էր աշխատում, որ չկարողացավ որեւէ վկա, որեւէ հեռախոսային խոսակցություն, որեւէ նկարահանում գտնել՝ ապացուցելու Աշոտի մեղքը: Ո՛չ, թույլ չի աշխատում, այլ փաստեր չկան, բայց վստահ էին՝ «անտեր տղա է», «բրթելով» կդատեն ու վերջ:
Ինչո՞ւ էր շտապում քննիչը, որ անգամ չսպասեց, որ նորմալ քրեական գործ ստեղծի, որովհետեւ Կ. Մեհրաբյանի՝ Թուրքիա տարվող տեղեկությունն ազգային անվտանգության կողմից էր տրվել եւ ոչինչ էր, թող թույլ տային՝ շարունակվեին Կարենի գործողությունները, հիմնավոր փաստեր հավաքեին, իսկական դավաճաններին բռնեին, ի՞նչն էր քննիչի շտապողականության պատճառը, եւ դատախազ Արամ Ամիրզադյանն էլ, առանց գործը ստուգելու, հաստատել եւ ինքն իր արածի ձեռքը կրակն էր ընկել: Առանց փաստի, առանց ապացույցի, առանց վկայի մեղադրական է կարդում, երբ ինքն էլ ամեն ինչին դատալսումների ընթացքում ծանոթացավ՝ կմկմալով կարդալով:
Ո՞ր փաստի կամ ապացույցի հիմքով են դատում անմեղ մարդուն: Ո՞վ պետք է պատասխանի այս հարցերին, ո՞վ պետք է կանխի այս անարդարությունը: Գլխավոր դատախազին բազմիցս նամակներով խնդրեցինք ներկա լինել դատերին, կանխել անարդարությունը, բայց իմ կարծիքով՝ նա եւս գիտի այս ամոթալի, անփաստ, անապացույց, խախտումներով լի գործի մասին եւ խուսափում է:
Հարգելի՛ պարոն նախագահ, խնդրում եմ՝ վերահսկե՛ք այս անարդար քրեական գործը, թույլ մի՛ տվեք՝ անարդարություն կատարվի:
Ճշմարտությունը սա է եւ միակը՝ իրոք ոչ մի ապացույց չկա որդուս դեմ, այնքան անտեր են համարել որդուս, որ անգամ, փառք Աստծո, չեն ջանացել գոնե մի կեղծ ապացույց ստեղծել: Նրանք հույս ունեին՝ ինչպիսի կարկատած գործ էին ստեղծել, այդպես էլ արագ դատալսում կանցկացնեին, եւ ամեն ինչ կանցներ ջրի տակ: Եւ փառք փաստաբաններ Հարություն Բաղդասարյանին (Ա. Չտրկյանի փաստաբան) եւ Սարգիս Ասլանյանին (Ռոման Մաթեւոսյանի փաստաբան), որ ամբողջ քրեական գործը պարզաբանեցին եւ ապացուցեցին իրենց պաշտպանյալների անմեղությունը:
Ահա դատական համակարգի անարդար, շինծու գործի մի վառ ապացույց:

ԱՆԱՀԻՏ ՉՏՐԿՅԱՆ
23.07.2012թ.




Լրահոս