ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ երկու ամիս է՝ Նոյեմբերյան-Երեւան-Նոյեմբերյան միկրոավտոբուսային երթուղում խառը, անկազմակերպ վիճակ է: Մեքենաների անսարքության պատճառով շատ ուղերթեր չեն կայանում: Արդեն վատ ավանդույթ է դարձել, որ առավոտյան Նոյեմբերյան-Երեւան 2 ուղերթի փոխարեն կայանում է մեկը: Դրա պատճառով մեքենաները երթեւեկում են գերբեռնված, 5-6 ուղեւոր ստիպված նստում է փոքրիկ աթոռներին: Հուլիսի 23-ին, նման աթոռին նստած, Նոյեմբերյանից Երեւան հասավ նաեւ կողբեցի Վարդան Թանդիլյանը: Նա ատաղձագործ է, ինքն է պատրաստել այդ աթոռները: Վարդանը, երեքուկես ժամ անցկացնելով «սեփական արտադրանքի» վրա, ստուգեց իր պատրաստած աթոռի որակն ու հուսալիությունը:
Հուլիսի 23-ին՝ կեսօրից հետո, Երեւանից երկու միկրոավտոբուս պիտի մեկներ Նոյեմբերյան՝ ժամը 14:30-ին եւ 16-ին: Սակայն մեկնեց միայն մեկը՝ ժամը 15-ին: Փաստորեն, հերթական անգամ ուղեւորներին թյուրիմացության մեջ գցեցին: Հուլիսի 24-ի առավոտյան երկուսի փոխարեն Նոյեմբերյանից Երեւան մեկ ուղերթ կատարվեց: Ամառվա շոգին 5 ուղեւոր 200 կմ-ը հաղթահարեց, «չարչարանաց ուղին» անցավ՝ փայտե փոքրիկ աթոռին կառչած: Վերջին ամսվա ընթացքում բազմաթիվ ուղերթերի չեղյալ համարելը հարուցել է ուղեւորների զայրույթը: Անցյալ տարվա սեպտեմբերից Երեւանի կենտրոնական ավտոկայարանի տոմսարկղում այս երթուղու համար տոմսեր չեն վաճառվում, ուղեւորները ստիպված վարորդին խնդրում են, որ իրենց համար մեքենայում «տեղ պահի»:
Զարմանալի է, որ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունը չի հետեւում, որպեսզի այս երթուղում ուղեւորափոխադրումներն օրինական հիմունքներով կատարվեն, եւ ուղերթերը հաճախ չեղյալ չհամարվեն: Նոյեմբերյան-Երեւան-Նոյեմբերյան ուղերթն իրականացնում է «Բագրատաշենի մաքսային պահեստ» ՍՊԸ-ն: Հետաքրքիր է, որ այս ուղերթում տիրող «բարդակի» կապակցությամբ, քթի տակ փնթփնթալուց բացի, ուղեւորները քայլեր չեն ձեռնարկում իրենց իրավունքները պաշտպանելու համար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս