Եգիպտոսի արտգործնախարարը բարձր է գնահատել հայ համայնքի դերակատարությունը իր երկրի զարգացման գործում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուկրիին։

Զրույցի ընթացքում նախարարները հանգամանալից քննարկեցին հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների զարգացման նպատակով համատեղ ձեռնարկվելիք քայլերը, բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը:

Եգիպտոսի արտգործնախարարը բարձր գնահատեց հայ համայնքի դերակատարությունը և ներդրումը՝ իր երկրի զարգացման և բարգավաճման գործում։

Սամեհ Շուկրին ներկայացրեց Եգիպտոսի իշխանությունների՝ երկրում կայունության ապահովմանն ուղղված ջանքերը, իրականացվող բարեփոխումները, խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։

Նախարարները մտքեր փոխանակեցին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների, ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության քայլերի շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը եգիպտացի գործընկերոջը ներկայացրեց տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Սամեհ Շուկրիին հրավիրեց այցելել Հայաստան։




Լրահոս