Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը շատ մտահոգ է հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա լարվածությամբ:
«Անցած գիշեր եւս մեկ զինվոր է եւ մեկ քաղաքացիական անձ են սպանվել: Իրականում, այո՛, մտահոգ ենք, ամեն կերպ փորձում ենք աջակցել կարգավորմանը: Պաշտպանում ենք այն հայտարարությունը, որն Կրակովում արեցին ՄԽ համանախագահները այն մասին, որ պետք է լարվածությունը թուլացնել եւ հակամարտությանը տալ խաղաղ կարգավորում` բանակցությունների սեղանի շուրջ գտնելով խաղաղ լուծում»,- ասաց դեսպանը:
-Հարգելի՛ տիկին Լիչ, 2015թ. սկզբից լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին ոչ մի կերպ չի հանդարտվում, իսկ միջազգային կառույցները, այդ թվում՝ Մինսկի խումբը, բացի հորդորներից, խոսքերից՝ որեւէ քայլ չեն կատարում: Արդյո՞ք նրանց անգործության հետեւանք չէ նաեւ, որ ունենք այս պատկերը:
-Կրկնում եմ՝ Մինսկի խումբը միայն միջնորդ է հանդիսանում, դա երկու երկների պատասխանատվությունն է՝ խաղաղության մասին պայմանավորվելու, ու երբ որ պատրաստ կլինեն, Մինսկի խումբը կկարողանա օգնել, օժանդակել, որ այդ պայմանավորվածությանը կարողանան հասնել: Չեմ կարծում, որ Մինսկի խմբի երկրները ոչինչ չեն անում: Անցած տարի երեք երկրներն էլ ջանացին, որպեսզի բարձր մակարդակի հանդիպումներ կայանան այնպես, որ իրենք իրենց ջանքերը գործադրեն, որպեսզի այս հարցն առաջ տարվի:
-Ակնհայտ է, որ ագրեսորն Ադրբեջանն է. զորավարժությունների ժամանակ ուղղաթիռ են պայթեցնում, կրակում են խաղաղ բնակիչներին, անգամ ավանակին սպանեցին: Երեկ էլ Ներքին Կարմիրաղբյուրի բնակչի տան ուղղությամբ են կրակել եւ մահացու վիրավորել գյուղացուն: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Ադրբեջանն ագրեսիվացել:
-Այս հարցը ինձ չպետք է ուղղեք: Ես ինչպես կարող եմ ասել, թե ինչու է Ադրբեջանն այդպես վարվում: Չեմ կարող ասել:
-Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի զինվորականի կողմից քնած ընտանիքի 7 անդամների սպանությունից հետո առավել ակտիվացան Հայաստանում եւ Ռուսաստանում խոսակցություններն այն մասին, որ անհրաժեշտ է ռազմաբազան հեռացնել: Եթե այդպես լինի, եւ Հայաստանը դիմի ՆԱՏՕ-ին՝ ռուսական ռազմաբազայի փոխարեն նրա խաղաղապահ ուժերը Հայաստանում տեղակայելու համար, կաջակցի՞ արդյոք ՆԱՏՕ-ն:
-Իրականում չեմ կարծում, որ այդպիսի բան կլինի: Նաեւ թույլ տվեք ասել, որ իմ խորին ցավակցություններն եմ հայտնում ընտանիքի անդամներին, բարեկամներին հարազատներին: Պետք է նշեմ՝ նաեւ չեմ կարծում, որ այս փոքրիկ միջադեպը կկարողանա ազդել Հայաստանի եւ Ռուսաստանի հետագա հարաբերությունների վրա: Կարծում եմ, որ Հայաստանը եւ Ռուսաստանը ձեւեր կգտնեն այս հարցը կագրավորելու եւ համատեղ աշխատելու համար:
-Քաղաքական դաշտում տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանը Հայաստանում սահմանադրական բարեփոխումները ցանկանում է իրականացնել, քանի որ եվրոպական որոշ երկրների ներկայացուցիչներին այդ առնչությամբ խոստումներ է տվել: Պատահական չէ, որ սեպտեմբերի 3-ին հայտարարեց ԵՏՄ մտնելու մասին, այդ հայտարարությունից որոշ ժամանակ անց ՍԴ բարեփոխումների հայեցակարգը սկսվեց մշակվել: Ի՞նչ կասեք այս մասին:
-Հայաստանի նման երիտասարդ երկրի համար շատ նորմալ է, որ Սահմանադրությունը ժամանակ առ ժամանակ փոփոխության է ենթարկվում: Ուստի չեմ կարծում, որ ճիշտ է Ձեր կամ վերլուծաբանների եզրահանգումը, թե դա արվում է Եվրոպային ինչ-որ բան ցույց տալու համար:
Քնար Մանուկյան