ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության հետ կապված բավական ուշագրավ բացահայտում է արել: Դեպքի մասին նախարարն ասել է. «Ոգելից խմիչքների օգտագործում է եղել, այնուհետեւ՝ վիճաբանություն Հայկազ Բարսեղյանի եւ այլ կուրսանտի միջեւ: Վիճաբանության արդյունքում մի քանի անգամ տեղի է ունեցել ծեծկռտուք, եւ այն վեր է ածվել սպանության»: Այսպիսով՝ նախարարը խոստովանում է, որ հայ սպաների հիմնական դարբնոցում անտերություն է տիրում: Մեկուկես տարի առաջ նույն ինստիտուտում տեղի էր ունեցել մեկ այլ սպանություն: 2013թ. հունիսի 1-ին ռազմական ինստիտուտի 3-րդ կուրսի կուրսանտ Արմեն Մելքումյանը համակուրսեցի Սիփան Մովսիսյանի հետ վիճելու ժամանակ կրակել էր վերջինիս ուղղությամբ եւ սպանել: Ինստիտուտի պետ Մարտին Կարապետյանն այն ժամանակ էլ հրաժարական տվեց, սակայն Սեյրան Օհանյանը չընդունեց դիմումը: Ստացվում է, որ տեղի ունեցածի հիմնական պատասխանատուն հենց Սեյրան Օհանյանն է, ում թողտվությամբ հայ սպաների հիմնական դարբնոցում տարիներ շարունակ «բարդակ» է տիրում: Բայց ինչպես երեւում է՝ Օհանյանը ոչ միայն իր, այլ նաեւ իր ենթակաների պատասխանատվության չափը չի զգում տեղի ունեցածի համար: Եւ անհասկանալի է, թե «բարդակում» կազմավորված սպան ինչպես պետք է վաղը բանակում կարգ ու կանոն հաստատի: Նման սպան զորամաս գնալով՝ շարունակելու է, օրինակ, հարբել, արատավոր ավանդույթները տարածել արդեն իր ենթակայության զինվորների շրջանում: Իսկ եթե այս ամենը Սեյրան Օհանյանը չի գիտակցում, ապա Հայաստանի բանակի համար միակ արդյունավետ քայլը կլինի նրա հրաժարականը:
Պարզվում է՝ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը մի քանի ամիս է, ինչ լքել է «Նախախորհրդարան»-ի, ներկայիս՝ «Հիմնադիր խորհրդարանի» շարքերը: Այս մասին Խզմալյանն ասաց «Ժողովուրդ»-ի հետ զրույցում: «Մենք լավ հարաբերություններ ունենք Ժիրայր Սէֆիլյանի հետ, տարաձայնությունները զուտ քաղաքական տեխնոլոգիաների, գործողությունների ներկայացման եւ հերթականության մասին է: Մենք երկուսս էլ համարում ենք, որ Հայաստանի փրկությունը համակարգային փոփոխությունն է, որոշակի տարաձայնություններ ունենք դրանց ժամկետների ու ձեւի մասին»,- պարզաբանել է Տիգրան Խզմալյանը: Բերձորի հայտնի դեպքերից հետո իշխանական շրջանակները սկսեցին «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սէֆիլյանին մեղադրել «դրսի» պատվեր կատարելու մեջ: Այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան՝ Խզմալյանն ասաց. «Ես կապտակեմ այն սրիկային, ով կհամարձակվի իմ ներկայությամբ հայտարարել, որ Ժ. Սէֆիլյանը որեւիցե անգամ, որեւէ մեկի պատվերն է կատարել»:
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը երեկ եւս չներկայացավ խորհրդարան՝ այս անգամ արդեն ՎՊ-ի 2014 թվականի տարեկան հաշվետվությունը ներկայացնելու համար: Հիշեցնենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ՎՊ հաշվետվությունը խորհրդարանին կարող է ներկայացնել միայն ՎՊ նախագահը, նույնիսկ նրա տեղակալին նման լիազորություն տրված չէ: Սակայն ո՛չ Զաքարյանը եւ ո՛չ էլ նրա տեղակալ Լեւոն Յոլյանն այդպես էլ ԱԺ չմտան: Իրենց փոխարեն խորհրդարան էին ուղարկել ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանին: Իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այնքան թույլ է որպես պաշտոնյա, որ այդպես էլ չկարողացավ պատգամավորներին պարզաբանել, թե Զաքարյանը ինչու չի ներկայացել խորհրդարան: Արդյունքում՝ ԱԺ ոչ իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորները հրաժարվեցին մասնակցել ՎՊ հաշվետվության քննարկմանը եւ լքեցին նիստերի դահլիճը: ՎՊ լրատվականից «Ժողովուրդ»-ին ասացին, որ Իշխան Զաքարյանը փետրվարի 2-ից 15 օրով արձակուրդ է գնացել:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցած տարի Հայաստանից արտահանվել է 1 միլիարդ 519 միլիոն 295 հազար դոլարի ապրանք: Անցած տարվա համեմատ՝ արտահանումն աճել է 2,7 տոկոսով կամ նույն է թե՝ 40 միլիոն 547 հազար դոլարով: Սակայն ուշագրավն այն է, որ Հայաստանի արտահանման հիմնական շուկաների ուղղությամբ անկում է արձանագրվել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ հիմնական աճն արձանագրվել է դեպի Չինաստան իրականացվող արտահանման ծավալների ավելացման հաշվին: Եթե 2013-ին դեպի Հայաստանից Չինաստան է արտահանվել 68 միլիոն 838 հազար դոլարի ապրանք, ապա 2014-ին այդ թիվն ավելացել է 2,5 անգամ եւ հասել 170 միլիոն 954 հազար դոլարի: Այսպիսով՝ ողջ աշխարհին ապրանք մատակարարող Չինաստանն ինքն է Հայաստանից ինչ-որ ապրանքներ ներկրում: Ասվածը որքան որ կատակ է, նույնքան էլ լուրջ, քանի որ տվյալ դեպքում Հայաստանից Չինաստան արտահանվող հիմնական ապրանքը պղնձի խտանյութն է, որի գինն այս տարվա սկզբից կտրուկ նվազել է: Ուստի առաջիկայում դեպի Չինաստան արտահանման ցուցանիշն էլ կնվազի:
ԾԱԾԿԱԴՄՓՈՑԱՄԻՏ
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում դատապարտել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին` Բերձորում կատարված խայտառակությունը պատկերող տեսանյութը տարածելու համար: «Ինչե՜ր կանեի, որ դա չհայտնվեր համացանցում, չեք պատկերացնում, եւ ոչ միայն ես, շատ շատերը…»,- ասել է Աղաբեկյանը։
Նախ այն, որ ԼՂ իշխանություններն առանց այդ էլ շատ բան արեցին, որ նման տեսանյութ չհայտնվեր, ակնհայտ դարձավ ավտոերթը լուսաբանող լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունից, նրանցից երեք պրոֆեսիոնալ տեսախցիկները խլելուց, ապա նաեւ՝ երթի մասնակիցներից շատերի հեռախոսներն ու տեսանկարահանող սարքերը հափշտակելուց: Սակայն իրենց մտածողության մեջ դեռեւս անցած դարի իննսունականներում մնացած ԼՂ (նաեւ` ՀՀ) պաշտոնյաներն այդպես էլ չեն հասկանում մի պարզ իրողություն. աշխարհը փոխվել է, եւ նոր տեխնոլոգիաների պայմաններում յուրաքանչյուր քաղաքացի, որն իր ձեռքին ունի համացանցին միացված հեռախոս, արդեն իսկ հանդիսանում է տեղեկատվության տարածման հնարավոր սուբյեկտ: Ուստի նմանատիպ ակցիաների ժամանակ լրագրողների նկատմամբ կիրառվող բռնություններն ու նրանցից տեսախցիկների առգրավումը ոչ միայն չեն կարող երաշխավորել, որ կատարվածը չի հրապարակվի, այլեւ է՛լ ավելի են ընդգծում բռնարարքների դիմող իշխանությունների հանցավոր էությունը:
Այս հարցում, սակայն, առավել կարեւոր է այն, որ հենց նույն՝ Բերձորի դեպքում Աղաբաբյանն, օրինակ, չի ասում` ինչեր չէի անի, որ նման բախում չլիներ, նրան ավելի շատ, փաստորեն, անհանգստացնում է ոչ թե այդ վայրագության փաստն ինքնին, այլեւ այդ ամենն արձանագրող տեսանյութի տարածումը: Սա մեղմ ասած` անընդունելի մտածելակերպ է, որը կարծրացած է ՀՀ գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների ուղեղում: Հիշենք, թե ինչպես տարիներ առաջ, երբ առաջին անգամ հրապարակվեց շարքային զինծառայողին ստորացնող հրամանատարի լկտի պահվածքը ներկայացնող տեսանյութը, ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, փոխանակ հայտարարելու, որ նման տականքները տեղ չունեն հայոց զինված ուժերում, սպառնաց, թե ամեն ինչ անելու են, որպեսզի գտնեն եւ պատժեն տեսանյութի հեղինակին: Միգուցե, եթե ժամանակին գործեր հակառակ` կատարվածը ոչ թե կոծկելու, այլ իրական մեղավորներին պատժելու քաղաքականությունը, մենք չունենայինք, օրինակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործությունը: Ի վերջո, դիակները թաքցնելն անհնար է, իսկ կատարված ակնհայտ սպանությունը կոծկելն էլ` երբեմն չափազանց դժվար, անգամ այդ գործում մեծ փորձ ունեցողների համար:
Ժամանակն է, որ մեր իշխանությունները հասկանան` ճշմարտությունը թաքցնելու եւ խեղաթյուրելու իրենց ջանքերը ոչ միայն հանցավոր են, այլեւ արդեն պարզապես անօգուտ: