«ՍԱ ԼԱՎ ԱՌԻԹ Է` ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայրենի խորհրդարանը սկսեց քննարկել վերահսկիչ պալատի 2014 թվականի տարեկան հաշվետվությունը: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւս խորհրդարան էր եկել` ներկայացնելու այն խախտումները, որոնք ՎՊ-ն հայտնաբերել է իր ղեկավարած գերատեսչությունում:

«Այն խնդիրները, անճշտությունները, որոնք հայտնաբերվել են՝ կապված հանրակրթական ուսումնառության հետ, բոլորը կա՛մ շտկվել են, կա՛մ էլ տեղափոխվել են 2015թ` շտկվելու ակնկալիքով: 2014թ. հայտնաբերվել են սննդի հետ կապված խնդիրներ, որոնք շտկվել են: Հայտնաբերվել են նաեւ խնդիրներ՝ կապված ուսանողների եւ աշակերտների թվաքանակի հետ, դրանք նույնպես շուտափույթ ձեւով շտկվել են»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց նախարարը:
«Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ՝ պարզելու համար, թե որքանով է նախարարը ՎՊ-ի աշխատանքներն օբյեկտիվ եւ իրավաչափ համարում:
-Պարո՛ն նախարար, վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացրել նաեւ ԿԳ նախարարությունում, որոնց արդյունքում մի քանի խախտումներ է հայտնաբերել: Ինչպե՞ս եք գնահատում ՎՊ-ի աշխատանքները Ձեր ղեկավարած գերատեսչությունում:
-Ես կարծում եմ, որ վերահսկիչ պալատը ներկայացրել է Կառավարության գործունեության գնահատականը, իսկ ինչ վերաբերում է մեր գերատեսչությանը, ապա, կարծում եմ, իրենց զեկույցում հավաքական գնահատական կար, նաեւ` իրավական գնահատական մեր գերատեսչության մասով: Ես չեմ կարծում, որ մնացած տեղերում կան շատ աղաղակող ինչ-որ բաներ, չեմ հետեւել, բայց վստահ եմ, որ լուրջ խնդիրներ չկան, քանի որ վստահ եմ իմ պրոֆեսիոնալ գործընկերների վարած քաղաքականության վրա:
-Բայց մյուս գերատեսչությունների գործունեության հետ կապված՝ աղաղակող բացահայտումներ եղել են, դրանց հիման վրա անգամ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել:
-Նորմալ է, քանի որ վերահսկիչ պալատի գործունեության արդյունքում անպայման պետք է լինեն հետեւանքներ: Իսկ հետեւանքները կարող են լինել օրենքի փոփոխությունից մինչեւ քրեական գործերի հարուցումը: Ի վերջո, ինչո՞ւ է ստեղծվել այդ մարմինը, միայն պետք է զեկույցներ ներկայացնի ու վե՞րջ: Ո՛չ, պետք է լինեն հետեւանքներ, իսկ այդ հետեւանքները պետք է շտկվեն: Բայց հետեւանքները պետք է լինեն նաեւ վերահսկիչ պալատի մասով, քանի որ, վստահաբար, իրենց աշխատանքը նույնպես կատարելագործման կարիք ունի:
-Կարծես թե Ձեր տեսակետը չեն կիսում մյուս գերատեսչությունների ղեկավարները, որոնց համոզմամբ՝ ՎՊ-ն պետք է ստուգումներ իրականացնի, բայց չբարձրաձայնի դրանց արդյունքների մասին` այդպիսով իրենց գործունեությունը չվարկաբեկելով: Չե՞ք կարծում, որ այդ դեպքում վերահսկիչ պալատի գործունեությունն ուղղակի անիմաստ կլիներ, ինչո՞ւ չեք հանդուրժում քննադատությունը:
-Ես արդեն նշել եմ, որ երբ մենք տեսնում ենք առաջարկություններ, որոնք վերաբերում են ոչ թե պետական միջոցների ծախսմանն, այլ կրթական բարեփոխումներին այս կամ այն հատվածում, բնականաբար, մենք չենք ընդունում այն առաջարկությունները, որոնք ՎՊ մանդատից դուրս են ու միաժամանակ չեն համապատասխանում մեր քաղաքականությանը կրթության ոլորտում: Բայց եղել են նաեւ բազմաթիվ դեպքեր, երբ իրավացիորեն գտել են խնդիրներ, եւ այդ խնդիրները շտկվել են, անգամ՝ հընթացս:
-Միեւնույն է` սրերով են ընդունվում վերահսկիչ պալատի բոլոր աղաղակող բացահայտումները…
-Ես սրերով չեմ դիմավորում անգամ ընդդիմադիր քաղաքական ուժերին, ընդդիմադիր լրատվամիջոցներին, ուր մնաց, թե սրերով դիմավորեմ պետական մարմնին: Իրենց համար դա աննպատակային ծախս է, բայց ինձ համար շատ նպատակային ծախս է, որովհետեւ ես եմ կրթության եւ գիտության նախարարությունը ղեկավարում ու ես եմ կրում քաղաքական որոշումների պատասխանատվությունը: Եթե պետք է անել այս կամ այն ծրագիրը, մենք անում ենք: Բնականաբար, իրենք էլ լինելով պետական մարմին՝ իրավասու են հայտնաբերելու խախտումներ, եթե այդպիսիք կան ինչ-որ մի գործունեության շրջանակներում:
-ԱԺ ոչ իշխանական ուժերը պահանջում են, որ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն անձամբ գա խորհրդարան ու ներկայացնի տարեկան հաշվետվությունը: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Ի. Զաքարյանը հրաժարվել խորհրդարան ներկայանալուց:
-Ինձ զարմացնում է ընդդիմության պահանջը, ցավում եմ, որ շատ քաղաքական կուսակցություններ, ոչ իշխանական ուժեր գերադասում են ձեւը բովանդակությունից: Սա ամենալավ առիթն է քննադատելու իշխանություններին, Կառավարությանը, խոսելու փաստերով, որոնք ոչ թե ընդդիմության երեւակայության արդյունք են, այլ տվյալ պարագայում արձանագրված փաստեր` պետական մարմնի վերաբերյալ: Ուղղակի զարմանալի է. սա նշանակում է, որ իրենք կա՛մ ունակ չեն պրոֆեսիոնալ աշխատանքի, կա՛մ գերադասում են շոուն եւ ոչ թե արդյունավետությունը: Ասելիքը չպետք է կախված լինի նրանից՝ դա Ի. Զաքարյանն է, թե Ս. Ավագյանը: Հակառակը, ենթադրում եմ, որ տեղակալը մի քիչ ավելի թույլ է լինում (իհարկե, Ավագյանին չի վերաբերվում), ուստի նրանք էլ կարող են ավելի շատ քննադատել, ավելի լավ իրենց համար: Սա զավեշտ է:

 

 

 

 
ՍԷՖԻԼՅԱՆԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԱԶԳԻ ՊԱՏՎԵՐԸ

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը մի քանի ամիս է, ինչ դուրս է եկել նախկին «Նախախորհրդարան»-ից եւ խզել է իր կապը ներկայիս «Հիմնադիր խորհրդարանի» անդամների հետ: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է կինոռեժիսորի հետ՝ պարզելու համար, թե այժմ ինչո՞ւ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի հետ չէ:

-Պարո՛ն Խզմալյան, ինչո՞ւ եք որոշել լքել «Նախախորհրդարանի»՝ ներկայիս «Հիմնադիր խորհրդարանի» շարքերը, ի՞նչ տարաձայնություններ ունեք նրանց հետ:
-Ես «Նախախորհրդարանից» դուրս եմ եկել մի քանի ամիս առաջ ու չեմ առաջարկվել «Հիմնադիր խորհրդարանի» շարքերում լինելու համար: Կան մարտավարական որոշ հարցեր, որոնք անհամաձայնություն են առաջացրել իմ եւ իմ ընկերների միջեւ: Մենք շարունակում ենք մնալ ընկերներ, սակայն տարբեր որոշումների կայացմանը հիմա չեմ մասնակցում ու չեմ էլ մասնակցում որոշակի գործողությունների:
-Տեղեկություններ կան, որ Դուք տարաձայնություններ ունեք Ժ. Սէֆիլյանի հետ, ի՞նչ տարաձայնությունների մասին է խոսքը:
-Ո՛չ, խոսքը բոլորովին անձնական չէ, մենք լավ հարաբերություններ ունենք Ժիրայր Սէֆիլյանի հետ, տարաձայնությունները զուտ քաղաքական տեխնոլոգիաների, գործողությունների ներկայացման եւ հերթականության շուրջ են: Մենք երկուսս էլ համարում ենք, որ Հայաստանի փրկությունը համակարգային փոփոխությունն է, որոշակի տարաձայնություններ ունենք դրանց ժամկետների ու ձեւի հարցում:
-Իսկ ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած խայտառակ միջադեպի շուրջ: Ըստ Ձեզ` որքանով էր նման իրավիճակում տեղին դեպի Արցախ կազմակերպված ավտոերթը:
-Ընդհանրապես ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը երաշխավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, առնվազն ՀՀ տարածքում ու նաեւ Արցախում: Ես միանշանակ համարում եմ, որ դա պետական ահաբեկչության ակտ էր:
-Այնուամենայնիվ, չնայած ԼՂ ոստիկանների անթույլատրելի պահվածքին՝ կատարվածը միանշանակ չընդունվեց, քանի որ շատերը «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սէֆիլյանին եւ նրա ընկերներին համարում են «դրսի» պատվերով անկայունություն ներմուծող գործիչներ: Ճանաչելով Ժ. Սէֆիլյանին՝ ի՞նչ եք կարծում, նման բան հնարավո՞ր է:
-Ես կապտակեմ այն սրիկային, ով կհամարձակվի իմ ներկայությամբ հայտարարել, որ Ժ. Սէֆիլյանը որեւիցե անգամ, որեւէ մեկի պատվերն է կատարում: Մեկ բացառությամբ, որ Ժ. Սէֆիլյանն իր ողջ գիտակցական կյանքում կատարում է հայ ազգի պատվերը, ուրիշ որեւէ պատվերի մասին խոսացողը սրիկա է:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 
ՀԱՑԸ  ԹԱՆԿԱՑՐԵԼ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի օր է՝ Աշտարակի բնակիչներից ահազանգեր է ստանում այն մասին, որ իրենց քաղաքում հացը 50 դրամով թանկացել է: Մասնավորապես, լավաշի 1 կիլոգրամը նախկինում վաճառվել է 450 դրամով, ու բավական երկար ժամանակ է՝ այն առաջարկվում է 500 դրամով, կես կիլոգրամանոց մատնաքաշը նախկինում վաճառվել է 150, այժմ՝ 200 դրամով: Ինչպես հայտնի է՝ ողջ հանրապետությունում հացի գների թանկացում արձանագրվեց անցած տարվա վերջին՝ դոլարի փոխարժեքի բարձրանալու եւ ալյուրի գների թանկանալու արդյունքում: Սակայն հետագայում դոլարի փոխարժեքի իջնելուց հետո ալյուրի գինը եւս նվազեց: Բայց հիմա ալյուրի գինը դեկտեմբերի սկզբի համեմատ թանկացել է մոտ 600 դրամով: Աշտարակի հացի շուկայում տիրող իրավիճակն աշտարակցիներից մեկը հետեւյալ կերպ պարզաբանեց. «Աշտարակում կա Սաքո անունով մեկը, որը հացի փուռ ունի, եւ հենց նա է ողջ քաղաքում հացի գինը թելադրում: Նրան է պատկանում նաեւ «Աշտարակ» սուպերմարկետը, որի հետնամասում էլ նրա հացի փուռն է»:

 

ԾԵԾԿՌՏՈՒՔ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ փետրվարի 2-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Արտաշատի Իսակովի փողոցի 74 շենքի մոտ: Ըստ մեր աղբյուրների՝ նշված հասցեում ապրող 19-ամյա Գեղամն ու 18-ամյա Սարգիսը նախ վիճել են իրար հետ, իսկ որոշ ժամանակ անց սկսել են շենքի բակում դաժանորեն ծեծել միմյանց: Շենքի բնակիչները փորձել են հանդարտեցնել կռվող կողմերին, բայց ապարդյուն: Ի վերջո, Գեղամը Սարգիսին ծեծելուց հետո փախել է շենքի տարածքից: Ըստ հարեւանների՝ հենց դեպքի օրը՝ ժամը 20-ի սահմաններում, ծեծի ենթարկված Սարգիսի եղբայրը Երեւան-Երասխ ճանապարհին կազմակերպել է եղբոր ծեծողի «բռնացնելու» գործընթացը: Սարգիսի եղբայրը ճանապարհին բռնացնելով Գեղամին՝ ինքն էլ նրան է ծեծի ենթարկել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը՝ հայտնելով, որ կռվի մասնակիցներին բնակության վայրից չբացակայելու ստորագրությամբ ազատ են արձակել:

 

ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ ՁԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ ֆինանսների նախարարությունը տուգանել է «Նեմո» ՍՊԸ-ի տնօրենին՝ ակվարիումային ձկներ ներկրելու եւ չհայտարարագրելու համար: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014թ. դեկտեմբերի 22-ին «Նեմո» ՍՊԸ-ի տնօրեն Արա Հովհաննիսյանի անունով Հայաստան է ներկրվել 225կգ ակվարիումային ձկներ, սակայն օրենսդրությամբ սահմանված ժամկետում մաքսային հայտարարագիր չի ներկայացրել: Արդյունքում Արա Հովհաննիսյանը 2015թ. հունվարի 14-ին տուգանվել է 50 հազար դրամի չափով: «Նեմո» ընկերությունը Հայաստանի հանրությանն առավել հայտնի է «Դելֆինարիայով», որը մոտ մեկ տարի գործելուց հետո ապամոնտաժվեց:




Լրահոս