ՓՄՁ-Ն ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իշխանությունները ստիպված եղան արդեն երկրորդ անգամ կասեցնել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում անցած տարվա հունիսին կատարված փոփոխությունները, սակայն ակնհայտ է, որ նրանք ուղիներ են փնտրում իրենց մոտեցումն առաջ տանելու համար: Ուստի հարց է ծագում՝ ինչո՞վ է այդքան կարեւոր տասնյակ հազարավոր ձեռներեցների դժգոհության առիթ դարձած մոտեցումը, եւ ի՞նչ խնդիր են ցանկանում լուծել ՀՀ իշխանությունները:

Ինչպես հայտնի է՝ նորամուծության իմաստն այն է, որ բոլոր տնտեսվարողները պետք է փաստաթղթավորեն իրենց շրջանառությունը, հակառակ դեպքում նրանք շրջանառության հարկ վճարողից կդառնան ավելացված հարկ վճարողներ, հետեւաբար նրանց ապրանքները մեխանիկորեն կթանկանան 20 տոկոսով, այսինքն՝ կարճ ժամանակում դուրս կմղվեն շուկայից: Պաշտոնապես այս մոտեցումը ներկայացվում է իբրեւ խոշորների ստվերի դեմ պայքարին միտված քայլ: Բայց Հայաստանի խոշոր տնտեսվարողները մոտ 40 պաշտոնյա-օլիգարխներ են, որոնք տվյալ դեպքում այդ մոտեցման հիմնական հեղինակն ու առաջ տանողներն են: Այսինքն՝ խոշորների դեմ պայքարելու մասին պնդումները, մեղմ ասած, ծաղրածույություն է:
Նշված 40 պաշտոնյա-օլիգարխները վերահսկում են Հայաստանի տնտեսության մոտ 80 տոկոսը: Դրա մեջ են մտնում նաեւ տարբեր տեսակի ապրանքներ՝ սննդամթերքից մինչեւ շինանյութ, վաճառող կրպակները եւ փոքր խանութները, սննդամթերք ու տարբեր տեսակի այլ ապրանքներ արտադրող փոքր ձեռնարկությունները: Վերջիններս վաղուց արդեն գործում են իրենց պարտադրված խաղի կանոններով. ապրանքաշրջանառության մեծ մասն իրականացնում են առանց փաստաթղթավորման, առանց ՀԴՄ կտրոններ տալու, եւ այսպես շարունակ: Նրանք գործնականում խոշորների ապրանքներն իրացնող են, ոչ ավելի, իսկ որ ամենակարեւորն է՝ ձեռներեցների այս խավը ընտրությունների ժամանակ հիմնականում հնազանդություն է դրսեւորում, քանի որ նրանցից յուրաքանչյուրի գլխին մահակ կա կախված, եւ որ պահին ցանկանա հարկային ծառայությունը, նրանց ունեցվածքը ձեռքներից կխլի:
Իսկ ՇՀՄ օրենքի դեմ բողոքողները մի ընդհանրություն ունեն. նրանք հիմնականում այն ձեռներեցներն են, որոնք տարբեր տեսակի խառն ապրանքներ են ներկրում Էմիրաթներից, Թուրքիայից եւ Չինաստանից: Նրանց թվում են նաեւ ոսկու արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող փոքր եւ միջին ձեռներեցները: Ձեռներեցների այս խումբն իր ապրանքը ներկրում է բացառապես ՀՀ իշխանությունների սահմանած խաղի կանոններով, սակայն առանց օրենքի էական խախտումների: Նրանք պահպանում են նաեւ շուկայի ստվերային կանոնները, ասենք՝ զգուշացված են, որ բջջային հեռախոսներ չպիտի ներկրեն, չեն անում, նրանց զգուշացրել են, որ իրենց ապրանքներն այս-այս բեռնափոխադրող ընկերությունների միջոցով պետք է ներկրեն, այդպես էլ վարվում են, ու այսպես շարունակ: Այս ձեռներեցները, որոնք Հայաստանի տնտեսության մոտ 20 տոկոսն են զբաղեցնում, միշտ կարողացել են այնպես անել, որ հնարավորինս անկախ լինեն: Այսինքն՝ մուծում են իրենցից պահանջվող գումարները, իսկ մնացած եկամուտն իրենցն է, եւ ոչ ոք չի կարող նրանցից խլել:
Թվում է, թե այս խումբը ՀՀ իշխանություններին չպետք է մտահոգի, ի վերջո, տնտեսության մեջ նրանց տեսակարար կշիռը շատ փոքր է, բայց փոխարենը նրանք մեծ թիվ են կազմում: Ինքնուրույն ձեռներեցների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց թիվը 400 հազարից ավել է (Հայաստանի զբաղվածների թիվը մոտ մեկ միլիոն 200 հազար է): Հայաստանում տեղի ունեցած վերջին մի քանի ընտրությունների փորձը ցույց է տալիս՝ այս զանգվածն ի վիճակի է խառնելու ՀՀ իշխանությունների հաշվարկները: Նրանց վրա ազդեցության արդյունավետ լծակներ, որպես այդպիսին, չկան. ո՛չ հարկայինից, ո՛չ քրեական հեղինակություններից առանձնապես չեն ընկճվում: Մինչ ՀՀ իշխանություններին հաջողվել է ընտրությունների արդյունքները վերահսկողության տակ պահել բացառապես կառուցվածքային ընդդիմության բացակայության շնորհիվ: Սակայն նույնիսկ նման պայմաններում 2013 թվականի նախագահական ընտրությունների օրինակը ցույց տվեց, որ ձեռներեցների այս խումբը ՀՀ իշխանությունների համար առավել քան վտանգավոր է, եւ կարող է վառոդի դերակատարում ունենալ:
Իշխանության պահպանման համար օդ ու ջրի պես հարկավոր է, որ մինչեւ հաջորդ համապետական՝ 2017 թվականի ԱԺ ընտրությունները, ՀՀ իշխանությունները կարողնան վերահսկողության տակ վերցնել ձեռներեցների այս խմբին՝ նրանց դարձնելով հարկայինից ու ոստիկանից վախվորած մնացած փոքր ձեռներեցների պես: ՀՀ իշխանություններին առայժ չի հաջողվում այս խնդիրը լուծել, քանի որ անհրաժեշտ իրավական լծակի դեմ հակազդեցությունը դեռեւս շատ ուժեղ է: Սակայն մեկ հաջողություն ՀՀ իշխանությունները կարողացան արձանագրել՝ իրենց ոչ իշխանական թեւին՝ ԲՀԿ-ին, գործուղեցին ձեռներեցների մոտ: Այս գործընթացի հետագա ուղին դեռ տեսանելի չէ, բայց եթե այն հաջողվի, ապա իշխանությունները կկարողանան բզկտել ձեռներեցների բողոքի գործողությունները, այնուհետեւ մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը կմշակեն եւ կյանքի կկոչեն խնդրի լուծման միջանկյալ տարբերակ, որը միանգամից հարցն օրակարգից չի հանի, բայց ժամանակի ընթացքում այն մեծամասամբ կլուծի՝ առնվազն զգալի պակասեցնելով ինքնուրույն ձեռներեցների թիվը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ՀԵՏԱՁԳԵՑԻՆ ՄԻՆՉԵՎ ՀՈՒԼԻՍ
Երեկ Հայաստանի խորհրդարանը քվեարկության դրեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի պարտադիր փաստաթղթավորման պահանջի կասեցում նախատեսող օրինագիծը: Սակայն, մինչ տեղի կունենար քվեարկությունը, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց խմբակցության անդամները ձեռնպահ են քվեարկելու. «ԲՀԿ-ն ասել է, որ ժամանակ ձգելը հարցի լուծում չէ: Չենք կարող կողմ քվեարկել ժամանակ ձգելուն»,- հայտարարեց Զոհրաբյանը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւս հայտարարեցին, որ իրենց խմբակցությունները ձեռնպահ են քվեարկելու: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու: «Մտահոգություն ունենալով, որ եթե օրինագիծը չանցնի, կմնա վատ տարբերակը, մենք կողմ ենք քվեարկում, որպեսզի այս օրինագիծն անցնի»,- ասաց Ռուստամյանը: Ի վերջո, օրինագիծը դրվեց քվեարկության եւ կողմ 75, դեմ 1 եւ ձեռնպահ 40 արդյունքներով ընդունվեց:

 

ՀԵՏԻՆ ԹՎՈՎ ՄՐՑՈՒՅԹ
«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը «Նաիրիտ-2» եւ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ների գլխավոր տնօրենների ընտրության մրցույթ անցկացնելու հայտարարություն է տարածել: «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրենի ընտրության մրցույթը պետք է կայանա մարտի 20-ին, իսկ դիմումների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է: Սակայն տեղեկացանք, որ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, մրցույթից առաջ ընկնելով, արդեն իսկ ընկերության տնօրեն է նշանակել Արամ Անանյանին, եւ հիմա ձեւական մրցույթ է հայտարարվել: Նախարարության պաշտոնական կայքէջում նույնպես նշված է, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրենը Արամ Անանյանն է: Անանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղի ունեցածը հետեւյալ կերպ ներկայացրեց. «Ես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եմ: Գուցե՞ բացթողում է եղել, չեմ կարող ասել»: Սակայն ընկերության աշխատակիցներից «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասացին, որ Անանյանը դեռեւս մի քանի ամիս առաջ է նշանակվել իր պաշտոնում: Հավանաբար հետո են իմացել, որ տնօրենին մրցույթով կարող են նշանակել:

 

ԵՎՍ ՉՈՐՍ ՏԱՐՈՎ
ՀՀ Կառավարության՝ այսօր կայանալիք նիստում կքննարկվի ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու հարցը: Նախագծով նախատեսվում է նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգել չորս տարի ժամկետով` մինչեւ 2019 թվականի փետրվարի 15-ը:

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԿՄԵԿՆԻ ՄՅՈՒՆԽԵՆ
Մյունխենի ամենամյա անվտանգության կոնֆերանսին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 5-7-ը կայցելի Գերմանիա: Մյունխենում նախատեսված է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

 

ՊԵՏՔ ՉԷՐ ՍԱԴՐԵԼ
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, խոսելով Բերձորում տեղի ունեցած դեպքերի մասին, երեկ ասել է. «Ես նույնպես գտնում եմ, որ դատապարտելի են այն երեւույթները, որոնք ուղղված են մարդու իրավունքներին, հատկապես, երբ դա վերաբերում է ազատամարտիկներին: Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր ազատամատիկի նկատմամբ ուժի կիրառումն անթույլատրելի է: Միեւնույն ժամանակ մեր մարտական ընկերները պետք է հասկանան՝ արդյո՞ք պետք է գնալ, եւ արդյո՞ք պետք է լարվածություն ստեղծել»: Լրագրողների հիշեցմանը, թե գեներալ Մանվել Գրիգորյանը հայտարարել է. «Արցախ արգելված է մուտիլովշիկների մուտքը», ՊՆ նախարարն արձագանքել է. «Ես գտնում եմ, որ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի ցանկացած քաղաքացու մուտքը ցանկացած տարածք թույլատրելի է, բայց այն պայմանով, որ բոլորը պետք է հասկանան, թե ինչ իրավիճակում են գտնվում Արցախը եւ ՀՀ սահմանամերձ Տավուշի մարզը, եւ արժի արդյոք գնալ այնտեղ եւ ներքաղաքական խառնաշփոթություն ստեղծել: Գտնում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա»:

 

ԿՀԱՆԴԻՊԻ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը փետրվարի 5-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու փետրվարի 6-ին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնազրույցը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

 

ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ Է
Փետրվարի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, խորը մտահոգություն հայտնելով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում վերջերս սրված իրադրության կապակցությամբ, վերահաստատել է ՀԱՊԿ անվերապահ աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Հանդիպմանն անդրադարձ է արվել գարնանը նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքներին։

 

ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) գործունեության դադարեցման մասին պայմանագրի վավերացման վերաբերյալ օրենքը: Պայմանագրով ԵվրԱզԷՍ-ի ու նրա բոլոր մարմինների գործունեությունը դադարեցվել է 2015 թվականի հունվարի 1-ից:

 

ՄՇԱԿՈՒՅԹ ՉՈՒՆԵՆ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն առաջարկել է մամուլին թույլ տալ հետեւելու խորհրդարանի հաշվիչ հանձնաժողովի աշխատանքին. «Եթե հանձնաժողովի նիստերը բաց լինեն, կցրվեն դրա աշխատանքի թափանցիկության շուրջ մեր կասկածները»,- հայտարարել է Արզումանյանը: Առաջարկությունը սատարել են «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Մինչդեռ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ այդ առաջարկությունը հնարավոր չէ ընդունել, քանի որ այդ հարցը կարգավորվում է օրենսդրական մակարդակով: Ավելի անկեղծ կլիներ, եթե Գ. Սահակյանն ուղղակի ասեր, որ իրենք ԱԺ աշխատանքների թափանցիկությունն ապահովելու «մշակույթ չունեն»:




Լրահոս