ԼՂՀ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԲԵՐՁՈՐԻ ԾԵԾԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Հանարապետության մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը Բերձորում տեղի ունեցածն իրենց վարկանիշը վտանգող դեպք համարեց՝ վստահեցնելով, որ իրենք շահագրգռված են այն բացահայտելու հարցում:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանին՝ Բերձորի հատվածում, ծեծկռտուք էր տեղի ունեցել «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած «100-ամյակն առանց ռեժիմի» դեպի Արցախ ավտոերթի մասնակիցների եւ ԼՂՀ ոստիկանների միջեւ: Իսկ ամեն ինչ սկսվել էր նրանից, որ «Հիմնադրամի» անդամները չէին անսացել արցախցիների հորդորին, որ Արցախում նմանօրինակ ավտոերթ չիրականացվի, եւ որոշել էին գնալ, ինչն էլ վերածվել էր ծեծկռտուքի:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կ. Անդրեասյանը փետրվարի 2-ին դիմել էր ԼՂՀ օմբուդսմեն Յուրի Հայրապետյանին՝ քաղաքացիների ոտնահարված իրավունքները վերականգնելու հարցով:
«Ժողովուրդ»-ը ՄԻՊ նամակի եւ կատարված միջադեպի մասին զրուցեց ԼՂՀ օմբուդսմեն Յուրի Հայրապետյանի հետ:
-Պարո՛ն Հայրապետյան, ինչպե՞ս կգնահատեք Բերձորում կատարվածը:
-Այնպիսի մի վիճակ է, որ երկու, երեք, հինգ օրվա ընթացքում հանգամանքները հնարավոր չէ պարզել, եւ մեր կողմից անլուրջ կլինի, եթե այս պահին ինչ-որ գնահատական փորձեմ տալ: Սա սովորական դեպք չէ, սովորական երեույթ չէ, որ մի քանի օրում կողմնորոշվես: Բազմաէպիզոդ դեպք է տեղի ունեցել: Մենք զբաղվում ենք, այն, ինչ կախված է մեզանից, այն, ինչ իմ լիազորությունների շրջանակում կա` հարցումներ ոստիկանությանը, դատախազությանը, նյութեր ստանալ, ուսումնասիրել, մենք օրենքով իրականացնում ենք մեր աշխատանքները: Նյութեր կան, որոնք ուղարկված են քննչական մարմին՝ գործ հարուցելու կամ նյութերով որոշումներ կայացնելու համար: Հիմա այն պահը չէ, որ մարդու իրավունքների պաշտպանը եզրահանգումներով հանդես գա: Քաղաքական գործիչները, հասարակական կազմակերպությունները կարող են խոսել այդ մասին, իսկ ես պարտավոր եմ խոսել միայն հետեւությունների մասին, իմ կողմից կայացրած որոշումների մասին, եթե ես բացահայտել եմ մարդու իրավունքների խախտումներ, դրանց վերականգնման աշխատանքներ եմ իրականացրել: Եթե այսօր ես որեւէ խախտման մասին խոսեմ, դրանով կխանգարեմ նաեւ քննությանը, դեմ կգնամ օբյեկտիվությանը:
-Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն այդ միջադեպի առիթով դիմել է Ձեզ, պատասխանե՞լ եք նրա նամակին:
-Դեռ չեմ հասցրել պատասխանել պարոն Կարեն Անդրեասյանին, քանի որ դեռ ուսումնասիրում ենք, ինչպե՞ս կարող ենք կիսատ-պռատ նյութերով պատասխանել պաշտպանին: Նշեմ, որ մինչ Կարեն Անդրեասյանի նամակը ստանալը, մենք արդեն երկու օր աշխատում էինք տեղի ունեցած մասով: Կրկնում եմ՝ մեզ ժամանակ է պետք:
-Արդյո՞ք այս միջադեպը չի անդրադառնա ԼՂՀ վարկանիշի վրա:
-Հավատացեք՝ գիշեր չկա, աշխատում ենք, մեր վարկանիշին վտանգող բան է տեղի ունեցել, մենք պարտավոր ենք բացահայտել: Եթե բացահայտվի, որ իրոք տեղի է ունեցել մարդու իրավունքների խախտում, իհարկե, կազդի մեր հեղինակության վրա:
-Տեսանյութերը համացանցում կան, որտեղ ակնհայտ երեւում է, որ ծեծում են մարդկանց, դա արդեն փաստ չէ՞:
-Մենք էլ ենք այդ բոլոր նյութերը նայում, ուսումնասիրում, բայց դրանք, օրինակ, կարող են լինել միակողմանի: Պարզ է, չէ՞, որ համացանցում հայտնված տեսանյութերը բոլորը չեն, հնարավոր է, որ համացանցում հայտնված նյութերը մոնտաժված լինեն: Ես չեմ ցանկանում որեւէ մեկին նեղացնել: Անգամ այս դեպքերում, եթե խախտում լինի մեր կողմից, ասել է թե՝ ԼՂՀ ոստիկանության կողմից, անգամ ոչ կոպիտ խախտումը կազդի մեզ վրա: Մենք բոլոր դեպքերում շահագրգռված ենք պարզելու, նպատակ չունենք թաքցնելու, ախր, թաքցնելն ավելի ուժեղ կազդի մեզ վրա: Ավելի լավ է բացահայտենք, ասենք, որ այս խախտումը դու ես արել, այս մյուս խախտումը նա է արել, եւ ամեն մեկն իր խախտման համար պետք է պատասխան տա, որ վաղը դա չկրկնվի:
-Խոսե՞լ եք կատարվածի մասին ԼՂՀ ոստիկանապետի հետ, ի՞նչ է նա պատճառաբանում:
-Բոլորի հետ խոսել եմ, դա մեր գործն է: Ում հետ պետք է եղել, երկրորդ, երրորդ անգամ կհանդիպենք, կխոսենք:
-Իսկ ծեծի ենթարկված քաղաքացիների հետ հանդիպե՞լ եք կամ պատրաստվո՞ւմ եք հանդիպել:
-Մեր աշխատանքները պլանավորված են, իմ խնդիրը պետական մարմինների հետ է, ես գործ ունեմ նրանց հետ: Բայց ընթացքում, իհարկե, քաղաքացիների կուսակցությունների, կազմակերպությունների կարծիքն էլ է պետք ունենալ, եւ այս բոլոր փաստերն ունենալով՝ կարողանանք ճիշտ եւ օբյեկտիվ եզրակացություն անել:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

 

ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆՈՎ ՀԱՐՑԸ ՉԻ ԼՈՒԾՎՈՒՄ

«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 4 կուրսանտներ, սպանելով իրենց ծառայակից Հայկազ Բարսեղյանին, նախ՝ ուսումնարանի բակում փոս են փորել՝ ցանկանալով թաքցնել դին, սակայն ավելի ուշ ինքնասպանության դրվագն են ծրագրել:

Հիշեցնենք, որ թեեւ հայոց բանակի կազմավորման 23-ամյակի առիթով ուժեղացված հսկողություն էր սահմանված ՀՀ ՊՆ բոլոր զորամասերում, այնուամենայնիվ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, կարծես թե, այնքան էլ ուժեղ հսկողություն չի եղել: Այդ մասին երեկ ակամայից խոստովանել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա ասել է, թե. «Ոգելիչ խմիչքների օգտագործում է եղել, այնուհետեւ նկատողություն էր արել, որ պետք է պահպանվի էթիկայի նորմերը՝ սնունդ ընդունելու ժամանակ: Վիճաբանություն է ծագել Հայկազ Բարսեղյանի եւ այլ կուրսանտի միջեւ: Եղել է ծեծկռտուք, որը վերածվել է սպանության»: Նախարարն, իհարկե, ասել է, թե կատարվածի հետեւանքով ռազմական ինստիտուտի մոտ 30 աշխատակից կազատվի աշխատանքից, այնուամենայնիվ, այնպիսի հանգստությամբ է խոսել, կարծես թե ինքը չէ ՀՀ ՊՆ աշխատանքների կազմակերպման պատասխանատուն: Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հունվարի 29-ին հայտարարություն տարածեց, թե առավոտյան ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել էր Հայկազ Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում՝ որպես նախնական վարկած տալով ինքնասպանությունը: Մինչդեռ հենց հաջորդ օրը պարզվեց սարսափելին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նշված օրը Հայկազ Բարսեղյանը Մովսես Ազարյանի, Նորիկ Սահակյանի, Գնել Թեւոսյանի, Վաչե Սահակյանի հետ տղաներից մեկի ծննդյան տարեդարձ են նշել ինստիտուտի ճաշարանում: Նրանք ալկոհոլ են օգտագործել, իսկ ավելի ուշ Հայկազը տղաներից մեկին «չփչփացնելով» հաց ուտելու համար նկատողություն է արել, որն էլ ճակատագրական է դարձել նրա համար: Սկսվել է լեզվակռիվ, իսկ ավելի ուշ որոշել են քննարկումը շարունակել իրենց ննջասենյակում, սակայն այնտեղ կրքերն ավելի են թեժացել, եւ տղաների միջեւ սկսվել է ծեծկռտուք: Վերջիններս հասկանալով, որ չեն կարողանում «կոտրել» Հայկազին, որոշել են կտրել նրա ձեռքի երակները, ինչի արդյունքում Հայկազը ուշագնաց է եղել: Տղաները, տեսնելով նրան անշնչացած, հասկացել են, որ մահացել է, եւ գիտակցելով կատարվածի լրջությունը՝ որոշել են թաքցնել դիակը:
Նրանք նախ ուսումնական զորամասի բակում փոս են փորել, որ տղայի դին թաքցնեն, սակայն հասկանալով, որ այդ կերպ կբացահայտվի, թե ովքեր են կատարել հանցագործությունը, որոշել են ինքնասպանության տարբերակը կազմակերպել՝ կարծելով, թե այդպես «ջրից չոր դուրս կգան»:
Եւ այս ընթացքում զորամասում չի եղել որեւէ պատասխանատու, որ ձայներ լսած լինի. ի վերջո, տղաները Հայկազի դին տարել, հասցրել են մարզահրապարակ ու կախել այնտեղ: Այսինքն՝ ուսումնական հաստատության ղեկավար Մարտին Կարապետյանը, որն ըստ պաշտպանության նախարարի՝ պրոֆեսիոնալ զինվորական է, չի տիրապետել իրավիճակին:
Ավելին՝ մեզ լուրեր հասան, որ Մ. Կարապետյանի 4 տեղակալներն ուսումնարանում ունեն իրենց «մաֆիան», եւ փորձում են իրենց կանոնները թելադրել, իսկ ղեկավարն անկարղ է նրանց դեմ ոչինչ անել: Ու, թերեւս, պատահական չէ, որ կուրսանտին դաժանաբար սպանածների մեջ է եղել նաեւ Գնել Թեւոսյանը, որը զորամասի պետի սպառազինության գծով տեղակալ, կոչումով գնդապետ Զարմիկ Թեւոսյանի որդին է:
Իսկ եթե 2013թ. պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ստորագրեր Մարտին Կարապետյանի հրաժարականի դիմումը, որը գրել էր ուսումնական հաստատությունում տեղի ունեցած սպանության առիթով, գուցե երկու տարի անց ուսումնարանում չխորանար ամենաթողության մթնոլորտը, եւ արդյունքում էլ չլիներ այս դաժան սպանությունը:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

 

 

 
ԴԻՊՈՒԿԱՀԱՐԻ ԿՐԱԿՈՑԸ՝ ԱՎԱՆԱԿԻՆ
Հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը: Երեկ էլ՝ ժամը 11:30-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի Մովսես գյուղում դիպուկահարի արձակած կրակոցի հետեւանքով վիրավորվել է գյուղի բնակիչ 85-ամյա Լեւոն Հովակիմի Անդրեասյանը: Վերջինս ծնկի հատվածում ստացած հրազենային վիրավորումով տեղափոխվել է Բերդի զինվորական հոսպիտալ:
Ինչպես Armlur.am-ին հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանը հայտնեց՝ Լեւոն Անդրեասյանին տեղափոխել են Երեւան՝ Կենտրոնական զինհոսպիտալ: Նրա վիճակը գնահատվել է միջին ծանրության: Կենտրոնական զինհոսպիտալից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հիվանդի վիճակն արդեն կայուն բավարար է:
Մովսես գյուղի ղեկավար Արարատ Ավալյանը Armlur.am-ի հետ զրույցում ներկայացրեց դեպքի հետ կապված մանրամասներ՝ նշելով, որ հակառակորդի գնդակը «ընդունելուց» հետո վիրավորված ծերունին ինքն է իր մեջ ուժ գտել, ընկած տեղից բարձրացել, նստել ավանակի սայլակին, կապել վիրավոր ոտքն ու տուն հասել: Ավելին՝ հրազենային վիրավորում է ստացել նաեւ ավանակը, բայց հավատարիմ կենդանին տիրոջը տուն է հասցրել: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը նշեց նաեւ, որ կրակոցի ժամանակ Լեւոն Անդրեասյանը եղել է գյուղից ներքեւ գտնվող իր այգում, որտեղ գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել:

 

ԵՐԵՎԱՆԻ ՃՈ ՊԵՏՆ ԱԶԱՏՎԵՑ
Երեկ ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից տեղեկացանք, որ Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նա գրանցվել է կադրերի ռեզերվում: Armlur.am-ի հետ զրույցում Երեւանի արդեն նախկին ՃՈ պետ Արսեն Արշակյանը հայտնեց, որ այս հանգամանքը կապված է նրա՝ ավելի բարձր պաշտոնի անցնելու հետ: «Պաշտոնս բարձրացվում է: Իսկ թե ինչ պաշտոն կզբաղեցնեմ, կհայտնեմ 2 օրից»,-ասաց Արսեն Արշակյանը:
Նշենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Արսեն Արշակյանի ու ՃՈ նորանշանակ պետ Արտակ Հարությունյանի միջեւ, մեղմ ասած, այնքան էլ ջերմ հարաբերություններ չեն եղել: Հավանաբար Արշակյանը նոր աշխատանքի կանցնի ՀՀ արտակարգ իրավիճակների եւ ՏԿ նախարարությունում:

 

ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը երեկ հայտարարություն է տարածել այն մասին, որ հունվարի 15-ի Գյումրիի բախումների քրեական գործով ձերբակալվել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Մարտիրոսի Ալեքսանյանը եւ տեղափոխվել Ախուրյանի ՁՊՎ: Լեւոն Բարսեղյանի փոխանցմամբ՝ գյուղացիները խիստ բորբոքված են այս ձերբակալության պատճառով, հետեւանքները դժվար կանխատեսելի են. «Երիտասարդին անցած օրերին մի քանի անգամ տարել են ոստիկանություն եւ հարցաքննել ոստիկանների հետ բախումների գործով»,- նշել է Բարսեղյանը:




Լրահոս