ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ ԴԺԳՈՀԵԼ Է ԲՀԿ-ԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքսի» հրապարակած փաստաթղթերից հերթականը վերաբերում է Քոչարյանի իշխանության ավարտին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին: Ուշագրավ է, որ 2006թ. փաստագրված երկու զեկուցագրերը, որոնք հեղինակվել են ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսի եւ ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Էնթոընի Գոդֆրեյի կողմից, քննարկում են ԲՀԿ ստեղծման ու գործունեության խնդիրները:

Փաստաթուղթն առավելապես կարեւորվում է այն պատճառով, որ թույլ է տալիս պատկերացում կազմել կոնկրետ գործիչների պահվածքի, քաղաքական առաջնահերթությունների ու իրական նպատակների շուրջ:
Այսպես՝ Էվանսը նկատում է, որ 2004թ. ամռանը հիմնելով ԲՀԿ-ն՝ դրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքական լուրջ հավակնություններ է սկսել ցուցադրել միայն երկու տարի անց: Դիվանագետը արձանագրում է, որ մարզերում կուսակցության գրանցած հաջողությունները գլխավորապես պայմանավորված են Հովիկ Աբրահամյանի՝ այդ շրջանում ՀՀ տարածքային կառավարման նախարար աշխատելու հանգամանքով: Դեսպանը հիշատակում է այդժամ ԲՀԿ ստեղծման գաղափարով ոգեւորված Վիկտոր Դալլաքյանին, ով պատրաստվում էր ակտիվ դերակատարություն ստանձնել ԲՀԿ ներսում:
Ուշագրավ է, որ ամերիկացիների առաջ Ծառուկյանի ու նրա կուսակցության քայլերից իր դժգոհությունն է արտահայտել ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը, ով ներկայումս հանդիսանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր: Վերջինս անձնական զրույցի ընթացքում նշել է, որ ԲՀԿ-ն մարզերում օգտագործում է վարչական հսկայական ռեսուրսներ, ինչը նույնիսկ լավ ֆինանսավորված կուսակցություններին մրցակցությունից դուրս է թողնում: Եվ այն, որ այսօր Արսենյանն, ըստ էության, համալրել է ԲՀԿ-ի շարքերը (թեեւ ունի սեփական կուսակցությունը՝ ՄԱԿ-ը), կարող է նշանակել, որ կա՛մ ԲՀԿ-ն այլեւս չի օգտագործում անհավասար մեթոդներ ու չի խոչընդոտում ազնիվ մրցակցությանը, կա՛մ էլ Արսենյանն ինքն է համակերպվել գործող խաղի կանոններին՝ շարունակելով մնալ վերոհիշյալ կարծիքին:
Ինչեւէ, Էվանսը 2006թ. արձանագրում է, որ Ծառուկյանը սերտորեն կապված է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ: Մի շարք ընդդիմադիրների ու Ծառուկյանի միավորումը Էվանսը համարում է անորոշ՝ մեծ փողն ու մեծ գաղափարներն «ամուսնացնելու» պոտենցիալով հանդերձ: Ի դեպ, նախկին դեսպանը հիշատակում է նաեւ ՕԵԿ-ին՝ արձանագրելով, որ այս կուսակցությունը Սերժ Սարգսյանի աջակցության բացակայության պարագայում լուրջ դժվարություններ կունենա անհրաժեշտ թվով ընտրողների իր կողմը գրավելու ու մեծ խաղացող դառնալու հարցում: Հատկանշական է, որ դիվանագիտական շրջանակներում դեռ 2006թ. սկզբներից էր հստակ ՕԵԿ-ի ու Սերժ Սարգսյանի «հաճախորդային» առնընչությունների հանգամանքը:
Այսուհանդերձ, շարունակելով ԲՀԿ-ի թեման՝ Գոդֆրեյն արդեն 2006թ. սեպտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել նախկին ընդդիմադիր Վիկտոր Դալլաքյանի հետ ու քննարկել քաղաքական իրավիճակը: Վերջինս պնդել է, որ Հայաստանում իշխանություն-ընդդիմություն պայքար այլեւս չկա, այն վերաճել է «կրիմինալ-հակակրիմինալ» մենամարտի՝ հանձին ՀՀԿ-ԲՀԿ դիմակայության: Նա հավելել է, որ վերոնշյալ պայքարի արդյունքում էլ պարզ կլինի՝ արդյո՞ք Հայաստանում կրիմինալին կհաջողվի մնալ իշխանության գլուխ:
Դիվանագետը, սակայն, տարօրինակ է համարում, որ Դալլաքյանը համառորեն առանձնացնում է Քոչարյանին, ինչը հակասության մեջ է այլ գործիչների պնդումների հետ, թե Սարգսյան-Քոչարյան զույգը միաձույլ է ու անբաժան: Նշենք, որ ժամանակին Սերժ Սարգսյանի «ղումար խաղալու» մասին հայտարարություններ անող Դալլաքյանը ներկայումս հանդիսանում է նրա պաշտպանն ու ԲՀԿ-ի ընդդիմախոսներից մեկը:
Հատկանշական է նաեւ Գոդֆրեյի մեկնաբանությունը, ըստ որի՝ ԱԺ-ի մեծամասնական տեղերը հիմնականում զբաղեցնում են ոչինչ չանող օլիգարխները, որոնք գնում են ընտրողների ձայները՝ որպես փոխհատուցում ստանալով խորհրդարանականի կարգավիճակ ու անձեռնմխելիություն:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 
ԾԻԳ-Ը ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԻ ԴԵՐԱՍԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳՈՒՄԱՐԸ

Հունվարի 29-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռով 5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվեց հայտնի եւ սիրված դերասան Վարդան Պետրոսյանը: Բացի այս՝ դատարանը բավարարեց տուժող կողմի՝ գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-ի աշխատակից Հայկազ Կարապետյանի ներկայացրած քաղհայցը՝ հօգուտ Վարդան Պետրոսյանից հասցված վնասի համար գումար գանձելու վերաբերյալ:

Տեղեկացնենք, որ տուժող կողմի՝ Արթուր Հակոբյանի վարած «Նիվա» ավտոմեքենան պատկանել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկին: Եւ դատարանը բավարարեց տուժող Արթուր Հակոբյանի 1 մլն 200 հազար դրամի չափով քաղհայցը: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրեն Գագիկ Խաչատրյանի հետ:
-Պարո՛ն Խաչատրյան, Վարդան Պետրոսյանի գործով դատավճիռը հրապարակվեց, եւ ԳՆ գյուղատնտեսական ԾԻԳ-ի հաշվին մեղադրյալի կողմից պետք է փոխանցվի 1 մլն 200 հազար դրամ: Ձեր պահանջն ի սկզբանե այդքա՞ն է եղել, թե՞ դատարանը փոփոխություն է կատարել:
-Ո՛չ, դա մեր պահանջն է: Մեքենան, որը վթարի է ենթարկվել, մեղավորը պետք է փոխհատուցի, որովհետեւ այն պետական գույք է: Մենք ուսումնասիրել ենք, թե վթարված մեքենայի համար որքան մասը կարող է փոխհատուցել ապահովագրական ընկերությունը: Մենք մեքենան գնահատել ենք, եւ մի մասը հնարավոր է՝ փոխհատուցի տվյալ ապահովագրական ընկերությունն իր թույլատրված սահմանի չափով, մյուս մասի համար մենք հայց ենք ներկայացրել ընդդեմ մեղավորի: Այսինքն՝ մենք ասել ենք այդ տարբերությունը, որպեսզի կարողանանք փոխհատուցված գումարով պետության ունեցվածքը վերականգնել եւ այն բերել իր նախկին տեսքին:
-Որքա՞ն է կազմում ընդհանուր գումարը:
-Եթե չեմ սխալվում, այն կազմում է 3 մլն դրամ: Նշեմ, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենա է, որը օգտագործվում է ԾԻԳ-ի կարիքների համար:
-Փաստորեն, ամբողջ գումարը չէ՞, որ պետք է վճարի գործով մեղադրյալը:
-Այո՛, իսկ մյուս մասը մենք կներկայացնենք ապահովագրական ընկերությանը:
-Պարո՛ն Խաչատրյան, հնարավո՞ր է, որ հենց ԾԻԳ-ը փոխհատուցի դերասանի փոխարեն:
-Մենք ի՞նչ միջոցներով կարող ենք ինչ-որ բան փոխհատուցել: Դա ընդհանրապես նախատեսված չէ, եւ դրա համար ստանում ենք աշխատավարձ: Մենք՝ ԾԻԳ-ի աշխատակիցներս, բյուջեի միջոցներն ենք օգտագործում, մենք ծրագիր իրականացնող ենք: Պետությունը մեզ պատվիրում է՝ ինչ-որ աշխատանքներ իրականացնել, որի համար գումար ենք ստանում:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

 

 
ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ՄԵՋ
2014թ. օգոստոսի 4-ին Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի պարբերական գնդակոծությունից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց սահմանամերձ Չինարի, Արծվաբերդ եւ Այգեձոր համայնքներ, ծանոթացավ այդ գյուղերի հիմնահարցերին:
Վարչապետը Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանին պատվիրել էր ներկայացնել սահմանամերձ համայնքի ուսանողների ցուցակը` նրանց ուսման վարձը փոխհատուցելու նպատակով: Հետագայում վարչապետի խոստումը վերաբերեց նաեւ Բերդի տարածաշրջանի սահմանագոտու այլ բնակավայրերի ուսանողներին: ՀՀ երիտասարդական հիմնադրամը ՀՀ Կառավարության, կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ կհոգա Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսես, Չինարի, Այգեպար, Այգեձոր, Վերին Կարմիրաղբյուր, Ներքին Կարմիրաղբյուր եւ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղերի ուսանողների ուսման վարձը:
Այդ որոշումը վերաբերում է 2015 թվականի երկրորդ կիսամյակին: Տավուշի մարզի սահմանամերձ այլ համայնքների ղեկավարները դժգոհություն են հայտնում, թե ինչու մարզի սահմանամերձ, Ադրբեջանի զինուժի կողմից պարբերաբար գնդակոծվող մյուս գյուղերի ուսանողները չեն կարող օգտվել այդ օգնությունից: Մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի 8 գյուղ ընդգրկված է Կառավարության կողմից հաստատված սահմանամերձ 31 համայնքների ցանկում, դրանք ազատված են հողի հարկից, այդ գյուղերի բնակիչները էլեկտրաէներգիայի եւ բնական գազի վարձերը զեղչված են վճարում: Սակայն հիշյալ գյուղերի ուսանողներն ուսման վարձի փոխհատուցման ցուցակում ներառված չեն: Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերից միայն Բերքաբերի ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

ԿԲԱՑԵՆ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ապրիլի 24-ին կլինի Հայաստանում: Երեկ այդ մասին նշել ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Անդրադառնալով Հայաստանում «Կարֆուր» հանրախանութների ցանցի առաջին մասնաճյուղի բացմանը` նա ասաց, որ նախապատրաստական աշխատանքները վերջնական փուլին են հասնում: Դեսպանի խոսքով՝ առաջին «Կարֆուր» հանրախանութը կբացվի մարտի սկզբին: Խոսելով Հայաստանում ներկրման մենաշնորհների եւ «Կարֆուր»-ի գործունեության համատեղելիության մասին` նա ասաց, որ «Կարֆուր»-ը միտում ունի ներկայացնել յուրահատուկ գյուղմթերքներ, դրանք ոչ թե թերի մշակված, այլ պատրաստի մթերքներ են, որոնք մրցակցությունից դուրս են ու ունեն հատուկ սպառող:

 

ԴՈԼԱՐ-ԴՐԱՄ
Rate.am կայքը շարունակում է ներկայացնել տարադրամի փոխարժեքը հայաստանյան բանկերում: Ըստ այդ տվյալների՝ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 475 դրամ, իսկ վաճառքի միջին փոխարժեքը՝ 478 դրամ: Եվրոյի առքի արժեքը կազմում է 543, իսկ վաճառքինը՝ 551 դրամ:




Լրահոս