ՆՈՐՄԱԼ ՉԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Հրազդան քաղաքում միայն մեկ օրում գրանցվել է շմոլ գազից թունավորման 2 դեպք: Փետրվարի 2-ին «Հրազդան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Հրազդան քաղաքի 2 ընտանիքների բնակիչներ: Ընդ որում, առաջին՝ Սարգսյանների 6 հոգուց բաղկացած ընտանիքի հոր՝ 68-ամյա Պարգեւ Սարգսյանի կյանքը փրկել չի հաջողվել: «Հրազդան» բժշկական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ հարց է՝ Պ. Սարգսյանը թունավորումից է մահացել, թե սրտի կանգից, քանի որ ախտորոշումը եղել է սրտի կանգ, իսկ թունավորումը, գուցե, համընկել է:

Ինչեւէ, արձանագրենք, որ ընտանիքի մյուս անդամներին նույնպես բուժօգնություն է ցուցաբերվել, քանի որ ախտորոշվել է թունավորում շմոլ գազի արտահոսքից: Իսկ, ահա, երկրորդ դեպքից տուժած ընտանիքի 3 անդամները՝ 1998թ. ծնված Սվետա Հայրապետյանը, 1986թ. ծնված Անի Սեւոսյանը եւ 1940թ. ծնված Արփինե Թորոսյանը, նույնպես ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել հիվանդանոցից: Ի դեպ, առաջինը բազմաբնակարան շենքի բնակարան է, երկրորդը՝ առանձնատուն: Երկու տներում էլ տեղադրված են եղել գազի վառարաններ:
Պատասխանատուների խոսքերով՝ Կոտայքի մարզում գազի ներտնային սպասարկումն անթերի է: Մինչդեռ մարզի բնակիչներից շատերը խոստովանեցին, որ շատ հաճախ այդ ծառայության գործառույթն իրենք են իրականացնում: Այն դեպքում, երբ պարտադիր սպասարկման մեջ ներառվում է տարեկան երկու անգամ բնակարանների այցելություն, միացումների ստուգում օճառափրփուրով, գազսպառող սարքերի միացման ստուգումներ, ծխաօդատար ուղիների հոսքի առկայության ստուգում եւ անհրաժեշտության դեպքում՝ դրանց մաքրում, գազսպառող սարքավորումների կարգաբերում, գազի թողարկումից առաջ ներտնային համակարգի վերաբերյալ պիտանելիության ակտի կազմում եւ գազսպառողների հրահանգավորում գազի անվտանգ շահագործման կանոնների մասին:
Փորձեցինք պարզել, թե վերջին դեպքերի գլխավոր մեղավորներն ովքեր են՝ բնակիչնե՞րը, թե՞ ծառայության գրասենյակը: «Էյ Ի Ջի Սերվիս» ՍՊԸ Կոտայքի ծառայության պետ Ս. Պողոսյանի հավաստմամբ իրենք անմիջապես արձագանքում են, երբ կանչ են ստանում բնակիչների կողմից, իսկ թունավորման դեպքերը գրանցվել են, քանի որ բնակիչների կողմից գազի շահագործման տեխնիկական կանոնները չեն պահպանվել: «Սարգսյաններն իրենք են վառարանը տեղադրել, պատը չեն ծակել ու ծխատար դուրս չեն հանել, բնական է, որ էդպես էլ կլիներ. շմոլ գազը տեղ չունի գնալու, լցվել է տուն»,- ներկայացրեց ծառայության պետը:
Ինչ վերաբերում է գրանցված երկրորդ դեպքին, ապա զարմանալիորեն դրա մասին մեր զրուցակիցը տեղյակ չէր: Եվ սա, թերեւս, ինքնին խոսուն գնահատական է:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Կոտայք




Լրահոս