«ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ ԱՄԵՆ ԺԱՄ ԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Գաբի Գալոյանը երկրպագուների համար անակնկալ է պատրաստում՝ փոփ ժանրի նոր երգի տեսքով, որի հիման վրա նկարահանվելիք տեսահալովակի պարային համարում ինքը եւս ներկայանալու է: Գաբին, ով միայնակ է իր քայլերն անում հայկական շոու-բիզնեսում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանում պրոդյուսերական պրոֆեսիոնալ դպրոց չկա, ուստի ինքը խուսափում է դիմել որեւէ մասնագետի: Երգչուհին անդրադարձել է նաեւ մայրիկի հետ ունեցած ստեղծագործական վեճերին, խոսել է քեռուց՝ Վանո Սիրադեղյանից՝ նշելով, որ երբեւէ չի փորձել նրա անունը շահարկել:

-Գաբի՛, տեւական ժամանակ է՝ լռում եք: Հիմա ստեղծագործական դադարի մե՞ջ եք, թե՞ այս ընթացքում նոր երգ եք պատրաստում:
-Ո՛չ, դադարի մեջ չեմ, հիմա պատրաստում եմ երկրորդ տեսահոլովակս, որը նկարահանվելու է փոփ ժանրի ռիթմիկ, պարային երգի հիման վրա: Ինքս էլ ներկայանալու եմ պարային համարում, այնպես որ, հիմա զբաղված եմ պարապմունքներով:
-Դուք նշել եք, որ ժողովրդական երգը Ձեր տարերքն է: Այնուամենայնիվ, այն Ձեր երգացանկում, կարծես, չի գերակշռում…
-Ժողովրդական երաժշտությունը զիջել է փոփին այն երգերի դեպքում, որոնց հիման վրա տեսահոլովակ է նկարահանվել: Իսկ, օրինակ, մեր բենդը հանդիսատեսին ներկայանալու է ֆոլկ ժանրի շրջանականերում: Պարզապես ես ունեմ երկու տարբեր լսարաններ, մեկը պահանջում է ժողովրդական, մյուսը՝ կոմերցիոն գործեր, երկուսին էլ հնարավորություններիս սահմաններում բավարարում եմ: Իսկ փոփն իմ երգացանկում գերակշռող չի կարող դառնալ, քանի որ ժողովրդական երգն իմ արյան մեջ է, եւ ինչ էլ որ կատարենք, միեւնույնն է, բոլորս գալու ենք, հանգենք դրան:
-Բայց թվում է, որ Հայաստանում ժողովրդական երգը սիրող երգիչները մշտապես այդ արվեստի շրջանակներում մնալու եւ ստեղծագործելու հնարավորություն չունեն:
-Ցավում եմ, օրինակ, որ ժողովրդական երաժշտությունը մեր հեռուստաընկերությունների եթերում գերակշռողներից չէ: Այնուամենայնիվ, թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում կա մի սերունդ, որը ժողովրդական արվեստ է պահանջում: Կուզենայի՝ գար մի ժամանակ, որ կոտրվեր կարծրատիպը, եւ բոլորս ժողովրդական երգերի պահանջարկ ձեւավորեինք:
-Գաբի՛, ինչո՞ւ եք խուսափում պրոդյուսեր ունենալուց, դաշտում միայնակ գործելը դժվար չէ՞:
-Չեմ ուզում թերագնահատել ոլորտի մասնագետներին, բայց իմ կարծիքով Հայաստանում պրոդյուսերական դպրոցը զարգացած չէ, այսինքն՝ այն մակարդակի վրա չէ, որ ես ուզենայի որեւէ պրոդյուսերի հետ աշխատել: Եթե այդ դպրոցը մեզ մոտ պրոֆեսիոնալ լիներ, եւ այն չաշխատեր խնամի-ծանոթ-բարեկամի սկզբունքով, որը ես չեմ համարում կիրթ մոտեցում, գուցե դիմեի մասնագետի օգնությանը: Բայց հիմա ցանկություն չունեմ ձեւականորեն այդ քայլին դիմել:
-Գիտենք, որ Ձեր ծնողները եւս երաժիշտներ են: Ձեր հայրը՝ Սահակ Գալոյանը, Հայաստանում առաջին ազգագրական անսամբլի ղեկավարն էր, Ձեր մայրը եւս ժողովրդկան երգչուհի է… Նրա հետ ստեղծագործական վեճեր ունենո՞ւմ եք:
-Շատ եւ միշտ (ծիծաղում է): Ինքը կողմ է մաքուր, անաղարտ երգեցողությանը, իսկ ես իմպրովիզների, փոփոխությունների սիրահար եմ: Նախընտրում եմ երգի նորովի մատուցումը՝ չկորցնելով դրա հիմքը, մեղեդին, մայրիկիս համար, սակայն, դա անընդունելի է…
-Հետաքրքիր է, որ երբեւէ չեք շեշտել Ձեր քեռու՝ Վանո Սիրադեղյանի անունը: Դիտավորյա՞լ եք խուսափում դրանից:
-Իմաստ չեմ գտել դա անելու համար… Եթե նա այստեղ լիներ, իմ կարիերայում որեւէ բան չէր փոխվելու: Միշտ ինքս եմ արել ամեն բան, անգամ մայրիկիս թույլ չեմ տվել, որ ինձ օգնի…
-Ձեր քեռին էլ էր լավ երգում, ճի՞շտ է, փաստորեն, երգելու ձիրքը Ձեզ ընտանիքից է փոխանցվել…
-Այո՛, նա էլ էր լավ երգում, իմ բոլոր մորաքույրները, մորեղբայրները, պապիկս, տատիկս եւս օժտված են այդ շնորհով…
-Իսկ Վանո Սիրադեղյանին դեռ սպասո՞ւմ եք…
-Մենք նրան միշտ ենք սպասում, ամեն ժամ… Եվ կարոտում ենք… Անընդհատ, միշտ էլ սպասելու ենք…

 

 

 

 

ԱՍՏՂԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՖԵՅՔԵՐԻ

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգանալուն ու սոցցանցերի ընձեռած հնարավորությունների ընդլայնվելուն զուգընթաց ավելանում է դրանց օգտատերերի թիվը: Համացանցի գրեթե անսահմանափակ հնարավորություններից օգտվելու առիթը բաց չեն թողնում նաեւ հայտնիները: Սակայն սոցցանցերում ակտիվ գործունեություն ծավալող հայտնիներից հետ չեն մնում նաեւ նրանց անունով ներկայացող կեղծ էջերն ու պրոֆիլները:

Ամենաշատ «կեղծված» աստղերից մեկը՝ Սիլվա Հակոբյանն, օրինակ, բազմիցս փորձել է մասնագետի օգնությամբ պայքարել ֆեյքերի դեմ. «Մենք այդ ուղղությամբ շատ ենք աշխատել, բայց կեղծ էջերը վերջնականապես փակելու գործընթացը շատ տանջալից է: Անգամ նամակներով դիմել ենք Ֆեյսբուքին, սակայն հասկացել ենք, որ դա երկարաձգվող պրոցես է»,-«Ժողովուրդ»-ին տեղեկացրեց երգչուհու պրոդյուսեր Հակոբ Հակոբյանը:
Իսկ, ահա, տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանում տարածում ունեցող սոցցանցերից Ֆեյսբուքն, օրինակ, օգտատերերին ընձեռում է ֆեյքերի դեմ բողոքելու բավական արդյունավետ մեխանիզմ: «Եթե տվյալ աստղը սոցցանցում ունի իր պրոֆիլը կամ էջը, եւ երբ խնդիրն առնչվում է հայտնի մարդկանց անունն ու լուսանկարներն ապօրինի կերպով կիրառելու դեպքերին, Ֆեյսբուքը շատ արագ վերացնում է ֆեյքերին»,-մեզ հետ զրույցում հավաստիացրեց մասնագետը:
Երգչուհի Սոֆի Մխեյանը եւս բազմիցս հայտնվել է ֆեյքերի թիրախում: Նա էլ նամակով դիմել է Ֆեյսբուքին, եւ վերջինիս կողմից արագ արձագանք ստացել. «Ավելի վաղ նկատել եմ իմ անունով կեղծ էջերի, որտեղից սխալ, տհաճ ինֆորմացիա էր տարածվում: Ես, իհարկե, չեմ կարող վերահսկել բոլորին, բայց միանգամից սոցցանցի ադմինիստրացիային տեղեկացնում եմ այն ֆեյքերի մասին, որոնք խախտում են իմ իրավունքները, սոցցանցն էլ արագ շտկում է խնդիրը»,-«Ժողովուրդ»-ին հայտնեց երգչուհին:
Պարզվում է, սակայն, որ ոչ բոլոր օգտատերերը կարող են այս խնդրով բողոք հղել Ֆեյսբուքին: «Դրա համար հայտնի անձն ինքը Ֆեյսբուքում պետք է ակտիվ ներկայացված լինի: Եթե ֆեյքը նրանից շուտ գրանցված, ընկերների լայն շրջանակ ձեռք բերած լինի, այդ պարագայում Ֆեյսբուքին դժվար կլինի ապացուցել, որ ինքն է իրական օգտատերը: Նման դեպքերում կարող է օգտակար լինել անձնական կայք ունենալը: Եթե դրա վրա իրական պրոֆիլ տանող հղում լինի, սոցցանցի ադմինիստրացիան, միանշանակ, ճիշտ կկողմնորոշվի»,-բացատրեց Ս. Մարտիրոսյանը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

 

ՏՈՒՆԸ ԿԱՆԳՈՒՆ Է
Կոմիտաս վարդապետի (Սողոմոն Սողոմոնյան) ծննդավայր Քյոթահիայում դեռեւս կանգուն է նրա հայրական տունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական yenikutahya.com.tr լրատվական կայքը: Այն Կոմիտասի կենսագրության որոշ փաստեր է ներկայացրել՝ հայտնելով, որ հայ դասական երաժշտության հիմնադիրը մոտ 4 հազար հայերեն, քրդերեն, թուրքերեն ժողովրդական երգեր է հավաքել, նոտագրել եւ փոխանցել հաջորդ սերունդներին: Կայքը նշում է, որ 7 հազար տարվա պատմություն ունեցող Քյոթահիան կարող է զարգացնել զբոսաշրջությունը նաեւ Կոմիտասի թողած ժառանգության հաշվին: «Գնելով Կոմիտասի տունը՝ այն կարելի է վերածել երաժշտական թանգարանի, ամեն տարի Կոմիտասի անվան դասական երաժշտության փառատոններ եւ այլ միջոցառումներ կազմակերպել»,- գրում է թուրքական կայքը:

 

100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ Ֆեյսբուք սոցցանցում մեկնարկել է ֆլեշ-մոբ ակցիա, որին միացել են նաեւ հայտնիները: Ակցիայի մասնակիցները լուսանկարվել են իրենց դեմքին եւ թեւին «Armenia» եւ «100» գրություններով: Լուսանկարները սեւ ու սպիտակ են: Նշենք, որ մինչ այժմ ֆեյսբուքյան ակցիային միացել են երգիչներ Էմմին, Դավիթ Բադալյանը, Նիկ Եգիբյանը, Ժաննա Ավետիսյանը: Նրանց հետեւել են նաեւ սոցցանցի մի շարք այլ օգտատերեր:

 

ԹԱԳԸ ԽԼԵԼ Է
Բրազիլիայի շրջաններից մեկում տեղի ունեցած գեղեցկության մրցույթի ժամանակ թագը հանձնելու արարողության պահին երկրորդ տեղը զբաղեցրած գեղեցկուհի Շեյսլախ Հայալան անսպասելի կերպով խլել է մրցույթի հաղթող «Միսս Ամազոն»-ի թագը: Նա հայտարարել է, որ իր մրցակից 20-ամյա Քերոլ Տորեդոն անարդար կերպով է հասել հաղթողի տիտղոսին եւ պարզապես գնել է թագը: Հայալան լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ արել է այն, ինչ թելադրել է իր սիրտը. «Մանաուսում ամեն բան փողն է որոշում, իսկ ես ցանկանում էի ցույց տալ, որ Ամազոնում այդպես չէ»,-բացատրել է նա: Առաջին տեղը զբաղեցրած Քերոլ Տորեդոն չի մեկնաբանել կատարվածը:




Լրահոս