«Գոմում այրվեցին մայրս, տատս, իմ բոլոր բարեկամները, այդ պահից ես դարձա ընդհանրապես որբ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դավիթ Գրիգորյանը ներկայացնում է իր հոր` Արամ Սերոբի Գրիգորյանի «Իմ վրեժը» խորագրով պատմությունը: Այստեղ նկարագրվում է, որ Մուսաբեգի հրոսակները եկել, շրջապատել են իրենց հարազատ Խասգյուղը, իսկ հաջորդ օրը գյուղի տղամարդկանց կանչել ոստիկանություն` իբր ժողովի: Հաջորդ օրը ճամփեզրի մոտի ձորակը լցված է եղել գյուղի տղամարդկանց մերկանդամ դիակներով: Պատմության հերոսը կորցրել է ընտանիքի 12 անդամին ու Մշո դաշտի իրենց գյուղից հասել Արևելյան Հայաստան` յուրովի լուծելով իր անձնական վրեժը Ցեղասպանության կազմակերպիչներից, հայտնում է armeniangenocide100.org-ն:

«Այդ օրը ոչ մի չարագուշակ կանխազգացում չէր անհանգստացնում ինձ: Երբ Մուսաբեգի հրոսակները եկան ու շրջապատեցին իմ հարազատ Խասգյուղը, մենք չէինք էլ պատկերացնում, թե մեզ ինչ է սպասվում: Հաջի Ֆելոն իր հրոսակներով փակեց դեպի Սասուն տանող ճանապարհը: Շրջապատման հաջորդ օրը գյուղի տղամարդկանց կանչեցին կորդո (ոստիկանություն) իբր ժողովի: Գիշերը նրանք չվերադարձան (մեզ էլ թվում էր, թե ժողովը դեռ շարունակվում է): Նոր էինք դուրս եկել գյուղից, երբ մեզ շրջապատեցին ասկերներն ու զինված խուժանը, որոնք մահակներով ու խարազաններով սկսեցին ծեծել մեզ, ստիպելով արագ քայլել: Շատ չէինք հեռացել գյուղից, երբ առաջին շարքերում քայլող գյուղացիները դուրս եկան ճանապարհից ու լաց ու կոծով լցվեցին ճամփեզրի մոտի ձորակը: Մենք էլ վազեցինք…

Ձորակը լցված էր մեր գյուղի տղամարդկանց մերկանդամ դիակներով: Մենք էլ փնտրեցինք ու գտանք հորս հաղթանդամ դիակը: Այդ օրը ես, տասներկու տարեկան հասակում, որբացա հորիցս: Ասկարները չթողեցին երկար սգալ, մեզ ծեծելով հանեցին ճանապարհի վրա և քշեցին դեպի Էրշտեր գյուղը: Գյուղ հասնելուն պես մեզ բաժանեցին առանձին խմբերի և մտցրեցին նախօրոք պատրաստված գոմերն ու մարագները: Մի քուրդ, հրապուրվելով իմ հորեղբոր տղայի՝ Մելքոնի կնոջ Հրանուշի գեղեցկությամբ, նրան առաջարկեց իր կինը դառնալ: Հրանուշը հայհոյեց քրդին, վերջինս հրացանով կրակեց Հրանուշի կրծքին: Այդ խիզախ կինը հոգին ավանդեց գոմում, իմ Սանամ տատու ծնկին: Մեզ շինություններ լցնելուց հետո դռները փակեցին, որից հետո դռների արանքներից և երդիկներից նավթ լցնելով մարդկանց կրակի տվեցին…

Ես գոմի մսուրում կանգնած բերանս սեղմել էի մի քարի, ավելի շատ ծծում էի քարը, քան շնչում: Ես պարզ պատկերացնում էի, որ մնալով գոմում ես կենդանի-կենդանի կայրվեմ: Որոշեցի մի հնար գտնել ու դուրս փախչել գոմից, թեկուզ դրա համար ինձ կարող էին գնդակահարել: Գետինը շոշափելով գտա մի փայտի կտոր, որի սուր ծայրով գոմի պատի մի քարի կողքերը փորփրելով կարողացա քարը հանել ու դուրս պրծնել, հետս էլ չորս տղա հասցրեցի դուրս հանել: Տղաներով գաղտագողի բարձրացանք գոմի կտուրը, որպեսզի ասկերները մեզ չնկատեն: Կտուրից մեր առջև բացվեց մի սարսափելի տեսարան,-կողք կողքի այրվում էին թվով 14 շինություն՝ մարդկանցով լցված: Իսկ ոտքերիս տակ գոմում այրվեցին մայրս, տատս, իմ բոլոր բարեկամները: Այդ պահից ես դարձա ընդհանրապես որբ…

Մանրամասները` այստեղ:

 




Լրահոս