«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է «Կասեցում» նախաձեռնության ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առևանգմանը: Հայտարարությունում ասվում է.
«ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի առևանգումը և նրա դեմ կիրառված դաժան բռնությունը պատահականություն չէր։ Այն իշխանությունների կողմից քաղաքական ընդդիմության դեմ, որպես վերջին միջոց, սանձազերծած ստոր ահաբեկչական գործողությունների շղթայի հերթական մի օղակն է։
Պատահական չէ, որ նախ բռնությունների ենթարկվեցին հասարակական կազմակերպությունների, փոքր քաղաքական ուժերի անդամներ, իսկ այնուհետև իշխանական ահաբեկչության թիրախ դարձան համաժողովրդական շարժման մեջ ընդգրկված հոծ քաղաքական կազմակերպությունների՝ ազատամարտիկների դաշինքի, Հայ Ազգային Կոնգրեսի, իսկ այժմ արդեն նաև ԲՀԿ-ի ներկայացուցիչներ։
Բռնությունը, որպես միջոց, միշտ չէ, որ դրա հեղինակի ամրության ու ինքնավստահության արտահայտություն է, իսկ իշխանության դեպքում՝ ճիշտ հակառակն է։ Դավադիր ու փոքրոգի ահաբեկչական այս ակտերը այլ բան չեն, քան խուճապի մատնված ռեժիմի հոգեվարքային ջղաձգում։
Ժողովուրդը երբեք չի ների նենգ ահաբեկչական այս գործելակերպը, որ անհատների դեմ ուղղված լինելով, ըստ էության, մարտահրավեր է ողջ հասարակությանը։ Իշխանության այսպիսի գործողությունների միակ համարժեք պատասխանը ժողովրդի և քաղաքական ուժերի միահամուռ ընդվզմամբ շուտափույթ իշխանափոխության իրականացումն է, սահմանադրական կարգի վերականգնումը, օրինակարգ իշխանության հաստատումը, իրավունքի և օրենքի գերակայության ապահովումը»։