ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ԿԱՅԱՑԱՎ, ԲԱՅՑ ԱՐԴՅՈՒՆՔՆ ԱՅՆ ՉԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովը երեկ, ի վերջո, տեղի ունեցավ: Ի սկզբանե հայտարարվել էր, որ այն պետք է համախմբեր ոչ իշխանական քաղաքական եւ հասարակական ուժերին: Սակայն գործնականում տեղի ունեցավ շարքային քաղաքական միջոցառումը, որն աչքի չընկավ ո՛չ մասնակիցների կազմով եւ ո՛չ էլ թվով:

Անցած տարվա վերջին, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց հունվարին ընդլայնված խորհրդաժողով հրավիրելու մասին, այդ քայլն ընկալվեց որպես քաղաքական դաշտի օրակարգը թելադրողի դերակատարությունը ստանձնելու գործընթացի սկիզբ: Ուստի ենթադրվում էր, որ տարբեր ուժերի մասնակցությամբ կայանալիք խորհրդաժողովը լուրջ քաղաքական միջոցառում է լինելու, որն էլ կանխորոշելու է Հայաստանի քաղաքական դաշտում հնարավոր հետագա զարգացումները:
Սակայն երեկ տեղի ունեցավ շարքային քաղաքական միջոցառում: ԲՀԿ կազմից դուրս խորհրդաժողովին մասնակցում էին մի քանի մարդ կուսակցություններ` Հայաստանի լիբերալ կուսակցութան նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը եւ «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը: Հասարակական սեկտորը խորհրդաժողովում ընդհանրապես ներկայացված չէր: Մասնակիցների շարքերում հնարավոր չէր գտնել քիչ թե շատ հայտնի հասարակական կազմակերպության ներկայացուցչի կամ անհատ գործչի: Այսինքն՝ միջոցառմանը մասնակցում էին այն մարդիկ, ովքեր անցած տարվա աշնանը կանգնած էին ոչ իշխանական եռյակի հանրահավաքի հարթակում:
Այս տեսանկյունից կարող ենք արձանագրել, որ խորհրդաժողովն այնքան էլ չստացվեց:
Բայց մի պահ մոռանանք մասնակիցների մասին եւ անդրադառնանք խորհրդաժողովի բովանդակային կողմին: Ըստ այդմ, միջոցառման առանցքային ելույթը կազմակերպչի` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսքն էր: ԲՀԿ առաջնորդի ելույթից նրա կողմից ֆինանսավորվող կայքերը հիմնականում երեք հատված էին երեկ շրջանառում: Այն է՝ «Վերջին շրջանի մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ Գյումրիի ողբերգությունը, սահմանային ընդհարումների հաճախացումը, անտանելի գնաճը, ֆինանսական շուկայի անկայունություններն այն վերջին կաթիլներն էին, որոնք պետք է հուշեն իշխանություններին, որ ժողովուրդը կանգնած է հզոր պոռթկման շեմին: Մեկ անզգույշ քայլ, նույնիսկ մեկ անզգույշ բառ կարող են հարյուր-հազարավոր մարդկանց հանել փողոց, եւ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի արդյունքում: Մի բան է հստակ՝ դա կլինի անկառավարելի, հզոր ալիք»,-ասաց Ծառուկյանը: Այս հատվածը շրջանառվում էր, իբրեւ տեսեք՝ Ծառուկանը զգուշացնում է, որ վե՛րջ, ժողովրդի համբերության բաժակը լցվել է: Հաջորդ շրջանառվող միտքն առաջիկայում հանրահավաք կազմակերպելու մասին հատվածն էր. «Առաջիկայում խոշոր հանրահավաքներ են լինելու մարզերում, եւ համապետական հզոր հանրահավաք՝ Երեւանում: Մեր դիրքորոշումը հստակ է՝ ժողովրդի պահանջը պետք է լինի հրամայական մեզ բոլորիս համար»: Այսինքն՝ ԲՀԿ առաջնորդն առաջիկայում ծրագրում է համապետական մեկ հանրահավաք կազմակերպել, որից առաջ հանրահավաքներ կկազմակերպվեն մարզերում: Համապետական հանրահավաքների շարքի հետ չշփոթել:
ԲՀԿ առաջնորդն իր ղեկավարած գործընթացի հիմնական նպատակը հետեւյալ կերպ ձեւակերպեց. «Սա նշանակում է, որ մեր՝ օր օրի թափ առնող շարժման միջոցով, մեր ամենօրյա աշխատանքի եւ ցանկացած պահի լեցուն փողոցների եւ հրապարակների միջոցով ստիպելու ենք գործող իշխանություններին վերջապես զգալ սեփական պատասխանատվության բաժինը, հրաժարվել անպատասխանատու եւ նեղ խմբակային շահերից եւ պլաններից»: Այս հատվածը որոշ դեպքերում առանձին լրատվամիջոցները շրջանառում էին, թե իբր Ծառուկյանը հայտարարել է, որ իշխանություններին ստիպելու են արտահերթ ընտրություններ անցկացնել: Իրականում նա ոչ միայն ոչինչ չի ասել արտահերթ ընտրությունների մասին, այլեւ ավելին՝ իր խոսքում չի թաքցրել, որ իրենց վերջնական նպատակը հերթական ընտրություններն են: «Այս մարտավարությունը պետք է շարունակվի, մինչեւ նոր ընտրությունների արդյունքում կձեւավորվի ժողովրդի իրական մանդատով օժտված նոր իշխանություն»,- հայտարարել է Ծառուկյանը: Նոր ընտրությունները լինում են հերթական ընտրությունները, հավանաբար, խոսքը 2017-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական հերթական ընտրությունների մասին է:
ԲՀԿ-ն ներկայացնող գործիչներն իրենց ելույթներում նշում էին, որ Հայաստանին անհրաժեշտ է իշխանափոխություն, բայց նրանցից ոչ մեկը չհայտարարեց, որ իրենց նպատակն արտահերթ ընտրություններն են:
Ի դեպ, Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովի մասնակիցների մեջ բավական ուշագրավ դեմքերի կարելի էր հանդիպել: Մասնավորապես, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանի հարեւանությամբ նստած էր մի երիտասարդ` Արարատ Արզումանյանը: 2013-ի փետրվարին նա ԵՊՀ միջազգային հարաբերությունների մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող էր, երբ նույն ԲՈՒՀ-ի ուսխորհուրդի հանրապետական կուսակցության անդամների հետ հարձակվել էր փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների դեմ բողոքող եւ դասադուլ պահանջող ուսանողների վրա: Այսինքն՝ Ծառուկյանի կողքին էին մարդիկ, որոնք «երեկ» Սերժ Սարգսյանի իշխանությունն էին պաշտպանում, նրա համար պատրաստ էին կոկորդ կրծել, իսկ այսօր դարձել են «հեղափոխական առաջամարտիկ»:
Հ.Գ. Խորհրդաժողովը տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանին պատկանող նորաբաց «Մուլտի Գրանդ Հոթել» հյուրանոցի` շեյխերին վայել ճոխությամբ կահավորված դահլիճում: Մարդիկ ոսկեզօծ պատերի ներքո ժողովրդի դարդերը եւ սոցիալական ծանր պայմաններն էին քննարկում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 

ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ
Նախօրեին Տավուշի մարզի Այգեպար գյուղը կրկին ադրբեջանական կողմից ռմբակոծվել է: Համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանի խոսքերով՝ գիշերը գյուղի ուղղությամբ տասնյակ կրակոցներ են արձակվել, ինչից մեծ վնասներ են կրել այգեպարցիները: Համայնքապետի փոխանցմամբ՝ հիմնական վնասները հասցվել են տներին, ինչի մասին Տավուշի մարզպետարանին տեղյակ են պահել: «Փա՛ռք Աստծո, մարդիկ չեն տուժել: Բայց վերջին շրջանում էլի ակտիվ է սահմանին: Էս պահին հանգիստ է. հիմնականում գիշերներն են կրակում»,-armlur.am-ի հետ զրույցում ասել է գյուղապետը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ԱԳՆ-ից պարզել, թե այս գերատեսչությունն ինչ է անում, որպեսզի ադրբեջանական կողմը դադարի խախտել հրադարի ռեժիմը: «Արտաքին գործերի նախարարությունը տարբեր ուղղություններով եւ մակարդակներով աշխատում է տեղեկացնելու միջազգային հանրությանը: Այսօր (երեկ) նախատեսված է արտաքին գործերի նախարարի հանդիպումը համանախագահների հետ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ԱԳ նախարարի մամլո խոսնակ Տիգրան Բալայանը: Իսկ թե որքանով այդ ամենը կզսպի ադրբեջանական կողմի սադրանքները, ցույց կտա ժամանակը:

 

ՉԵՆ ՀԵՐՔՈՒՄ
Ազգային ժողովը երեկ` քառօրյայի վերջին օրը, քննարկեց շահութահարկի նվազեցում նախատեսող օրինագիծը: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասաց, որ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների արդյունքում ՀՀ մի շարք կազմակերպություններ, որոնց բանկային հաշիվներին արտահանումներից մուտքերը կլինեն 50 միլիարդ եւ ավել դրամ, ապա այդ կազմակերպություններից կգանձվի ոչ թե 20, այլ 2 տոկոսի շահութահարկ: ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ ինքը դեմ է առաջարկվող փոփոխություններին, իսկ իր դիրքորոշումը պարզաբանեց հետեւյալ կերպ. «Հնարավոր է ստեղծվի մի մոնոպոլ օֆիս, եւ արտահանման բնագավառում մենաշնորհային իրավիճակ կառաջանա»: Որքան էլ տարօրինակ հնչի, բայց փաստ է, որ Միրումյանը նման հնարավորությունը չբացառեց: «Մենք ինչքան իջեցնենք այդ շեմը, այնքան ձեր նշած մտահոգությունն ավելի կմեծանա: Երկու տոկոս սահմանելը բոլորի համար նշանակում է պետեկամուտների լուրջ կորուստներ, որին մենք այսօր պատրաստ չենք»,- ասաց ֆինանսների փոխնախարարը:

 

ՆՎԱԶԵԼ Է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում շինարարության ոլորտում 2014 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 4.3 տոկոս անկում: Շինարարության ոլորտում անկումների հետեւանքով կտրուկ նվազել են շինանյութի արտադրության ծավալները: Մասնավորապես, 2014 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցեմենտի արտադրության ծավալները նվազել են 4 հազար տոննայով, գաջի արտադրությունը` 22.2, տուֆինը՝ 23.3 տոկոսով:

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՌՈՒՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ֆրանսիան համաձայն չէ, որ Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին: Այս մասին երեկ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը. «Եկեք անկեղծ լինենք, Ֆրանսիան կողմնակից չէ, որ Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին: Մենք պետք է ճշմարտությունն ասենք մեզ շրջապատող երկրներին»,- ասել է Ֆրանսիայի նախագահը: Նա ընդգծել է, որ այս հայտարարությունն անում է «ռուսների համար, որոնք անհանգստացած են այս հարցով»:

 

7 ԴՐՎԱԳ` ՃՈՅՏԻՆ
Հարկային պարտավորությունները չկատարելու մեջ եւ ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու համար կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղադրանք է առաջադրել 7 դրվագով: Գործարարի փաստաբան Կարեն Սարդարյանը NEWS.am-ին ասել է. «Իմ պաշտպանյալը դատարանում հայտարարեց, որ եթե պետությանը փող է պետք, ինքը պատրաստ է տալ, բայց ինքը մեղավոր չէ: Հակոբ Հակոբյանը մասնավորապես ասաց. «Ես գույք ունեմ, որն ավելի թանկ է, քան այս մեղադրանքի ծավալը, գույքս վերցրեք կալանքի տակ, եթե պարզվի, որ ես մեղավոր եմ, ապա գույքս կառգրավվեք»: Բայց դատարանը դա էլ հաշվի չառավ, ու կալանքի որոշում կայացրեց»:

 

ՆՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կենթարկվի կրկնակի դատաբժշկական փորձաքննության։ «Ծանոթանալով փորձաքննության եզրակացությանը՝ Մանուկյանը նշել է, որ ճիշտ չի գնահատված առողջությանը պատճառված վնասի աստիճանը», – «Ազատությանը» փոխանցել են քննչական կոմիտեից՝ հավելելով, որ Մանուկյանը միջնորդություն է ներկայացրել՝ նշանակել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն, ինչը քննիչի կողմից բավարարվել է։

 

ՀԱՆԴԻՊԵՑԻՆ
Ռուսաստանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Մոսկվայում երեկ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի երկկողմ հանդիպումը: Երկու երկրների վարչապետներն անդրադարձել են տնտեսության մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացմանը եւ այդ համատեքստում կարեւորել ԵՏՄ շրջանակում տարբեր բնագավառներում համատեղ ծրագրերի եւ նոր նախագծերի իրականացումը:

 

ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ ԵՆ
Ռուսաստանում հայտարարվել է պահեստային զինծառայողների հավաքագրում՝ 2 ամիսների ընթացքում ռազմական ուսուցում անցնելու համար: Կառավարությանը հանձնարարված է ապահովել զորակոչն ու պահեստազորում գտնվող քաղաքացիների ծառայության անցկացումը: Հավելենք, որ ռազմական հավաքագրումներ անցկացնելու մասին հրամանները պետության ղեկավարի կողմից ստորագրվում են ամեն տարի:




Լրահոս