ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԴԱՏԱՎՈՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 3-ին արդարադատության խորհրդի դռնփակ նիստում որոշվել է կարգապահական պատասխանատվության ենթարկել մեծանուն գրող Հրանտ Մաթեւոսյանի եղբոր որդու սպանության գործը քննող դատավոր Աղասի Մկոյանին: Դատավորը ստացել է նախազգուշացում:

Հիշեցնենք, որ նշված օրը ՀՀ Վճռաբեկ դատարանում ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունների հիման վրա կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հրավիրված հատուկ նիստին, բացի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղասի Մկոյանից, քննարկվել է նաեւ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանի հարցը: Նշենք, որ դատավորների միջնորդությամբ խորհուրդը որոշել է նրանց հարցը քննարկել դռնփակ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Աղասի Մկոյանը հայտնեց, որ նիստի ընթացքում որոշվել է իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկել` նախազգուշացում հայտարարելով:
-Պարո՛ն Մկոյան, առաջին անգա՞մ եք կարգապահական պատասխանատվության ենթարկվում:
-Առաջին անգամն է, ու հուսով եմ, որ վերջինը կլինի:
-Ի՞նչ սխալ էիք գործել, որ որոշեցին Ձեր հարցն արդարադատության խորհրդում բարձրացնել:
-Սխալը ոչ թե դատավարական գործի հետ է կապված, այլ դատավորի վարքագծի կանոնների հետ: Այսինքն՝ պետք է խորհրդակցական սենյակում որոշում կայացնեի, բայց արձանագրային կարգով ասեցի, որ այդ միջնորդությունը մերժում եմ արձանագրային կարգով եւ խորհրդակցական սենյակ չեմ գնացել: Հրապարակել եմ որոշումը, նոր եմ գնացել խորհրդակցական սենյակ, երեւի դա էր իմ սխալը: Այդ պահը նկարել, հրապարակել էին, ու, ըստ էության, կարգապահական հանձնաժաղովը տեսել էր: Բայց պետք է նշեմ, որ այդ քայլով ոչ մեկի իրավունքը չի խախտվել:
-Չգիտեի՞ք, որ նման որոշում կայացնելու համար պետք է խորհրդակցական սենյակ գնալ, թե՞ մտածել եք՝ ով կիմանա:
-Չէ, օրենքն այդտեղ բաց է: Այսինքն՝ քրեական դատավարության օրենսգրքի 313 հոդված 2-րդ մասն ասում է. «Գործը լրացուցիչ քննության ուղարկելու, կարճելու կամ կասեցնելու, խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու, բացարկների, փորձաքննություն նշանակելու մասին որոշումները դատարանը կայացնում է խորհրդակցական սենյակում, եւ դրանք պետք է շարադրված լինեն առանձին փաստաթղթերի ձեւով` ստորագրված դատարանի ամբողջ կազմի կողմից»: Այստեղ նշված է կարճմանը, իսկ ես մերժելու էի: Օրենքում նշված չէ, որ մերժման որոշում էլ է կայացվում խորհրդակցական սենյակում, մերժման դեպքում էլ է պետք գնալ խորհրդակցական սենյակ:
-Իսկ փորձեցի՞ք ՀՀ արդարադատության խորհրդում արդարանալ, մատնանշել օրենքի բացը:
-Ո՛չ, ես գտել եմ, որ ունեի սխալ եւ ընդունեցի այն:
-Կոնկրետ կասե՞ք Ձեր վարույթում գտնվող որ գործի քննության ընթացքում սխալ թույլ տվեցիք:
-Սխալը թույլ եմ տվել Թովմա Մաթեւոսյանի սպանության գործի շրջանակներում:
-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հրանտ Մաթեւոսյանի եղբոր որդու սպանության գործով ամբաստանյալի պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ Դուք ամեն ինչ անում եք՝ այս գործն ավարտին հասցնելու համար, քանի որ սովորաբար քննել եք քաղաքացիական գործեր, եւ վերջին 7-8 ամիսն է, ինչ քննում եք քրեական գործեր, ուստի հիմա կրկին փորձում եք վերադառնալ Ձեր հին գործին, դրա համար արագացնում եք քրեական վարույթների քննությունը:
-Այդ պաշտպանն է գործը միտումնավորը ձգձգում, երկրորդ պաշտպանի հետ չի ներկայանում դատական նիստին: Օրինակ՝ փետրվարի 12-ին նիստ եմ նշանակել, ասում է, որ այլ գործ ունեմ, հետաձգեք: Ճիշտ է՝ ես քաղաքացիական գործը քննող դատավոր եմ եղել, բայց նաեւ քննել եմ քրեական գործեր, այսինքն՝ ամեն ինչ խառը քննել եմ:
-Արդյո՞ք ճիշտ է՝ քաղաքացիական գործը քննող դատավորը քննի նաեւ քրեական գործեր:
-Չէ՛, սխալ չէ: Ինձ համար անծանոթ ոլորտ չէ քրեականը, ուղղակի 6-7 տարի զբաղվել եմ քաղաքացիական գործերով, տեղափոխվեցի քրեական, բայց զգացի, որ իմը քաղաքացիական է, ու որոշեցի տեղափոխվել: Պետք է տեղափոխվեի փետրվարի 2-ին, սակայն հետաձգել են միչեւ ապրիլի 2-ը, որպեսզի վարույթումս գտնվող գործերը ավարտեմ:
-Եթե երկրորդ անգամ այլ սխալ թույլ տաք, ի՞նչ է Ձեզ սպասվում:
-Մեկ տարվա ընթացքում սա մարում է: Եթե խելոք չմնացի, կենթարկեն ավելի խիստ պատժի՝ աշխատավարձի պահումով, տարբեր աստիճաններ կան:
Իսկ, ահա, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանը «Ժողովուրդ»-ին հայնտեց, որ 18 տարվա դատավոր է եւ կարգապահական տույժ երբեք չի ունեցել. «Օրենքը թույլատրում է, համապատասխան հոդված կա: Եթե առաջին անգամ որեւէ լուրջ խախտում թույլ չի տալիս դատավորը, ապա նրա հարցը քննարկելով՝ բավարարվում են: Ուստի որոշվել է կարճել ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը»:

 

 

 

 

 

ԴԵՍՊԱՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՆԱԽԿԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՈՐԴՈՒՆ

ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին պատկանող «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ դատական հայց է ներկայացրել Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդուն` Արմեն Նազարյանին պատկանող «Բիզնես լիդեր հոլդինգ» ՍՊԸ -ի դեմ:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014թ. հոկտեմբերի 23-ին Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին պատկանող ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդուն պատկանող ընկերության դեմ: «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ն Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան դիմելով՝ «Բիզնես Լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ից պահանջում է 5 միլիոն 563 հազար 453 ՀՀ դրամ: Ավելին՝ ինչպես պարզեցինք՝ 2014թ. հոկտեմբերի 24-ին «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ «Բիզնես լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ի գույքի դրամական միջոցների վրա արգելանք դնելու համար: Գործը քննող դատավոր Սիմիզար Հովսեփյանը բավարարել է միջնորդությունը: Սակայն պատմությունն այսքանով չի ավարտվել. Երեւանի նախկին ոստիկանապետի որդու ընկերության ներկայացուցիչը հունվարի 27-ին դիմել է դատարան՝ ՍՊԸ-ի դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությամբ: Եւ այս հարցը քննելու համար նշանակվել է հատուկ նիստ:
Ինչպես պարզեցինք՝ Արմեն Նազարյանը միջնորդել է վերացնել «Բիզնես Լիդեր Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շարժական գույքերի, դրամական միջոցների եւ բանկային հաշիվների դրված արգելանքը եւ հայցագնի չափով արգելանքը թողնել միայն ընկերության սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք.Երեւան, Հակոբ Հակոբյան փողոց 3/15 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա հետեւյալ պատճառաբանությամբ, որ վերը նշված հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրային արժեքը կազմում է 367 մլն 360 հազար 435 ՀՀ դրամ, իսկ հողամասի կադաստրային արժեքը՝ 14 մլն 646 հազար180 ՀՀ դրամ: Այսինքն՝ 5 մլն դրամի համար այդքան բանն արգելանքի տակ դնելը աբսուրդ է: Բայց քանի որ մի կողմում Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի եւ Սերժ Սարգսյանի հովանավորյալ Արմեն Սարգսյանն է, իսկ մյուս կողմում՝ պաշտոնաթող գեներալ Նազարյանի որդին, ուստի դատավոր Սիմիզար Հովսեփյանը մերժել է գույքն արգելանքից հանելու միջնորդությունը:
Այսօրվա դրությամբ Երեւանի նախկին ոստիկանապետի որդու ընկերության դրամական միջոցներն արգելանքի տակ են: Հիշեցնենք, որ հունվարի 26-ին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ներսես Նազարյանը, անդրադառնալով իր որդու բիզնեսի խնդիրներին, «Մոսկվիչկա» սուպերմարկետների դատարկվելու հարցին, տարակուսել էր. «Ո՞վ այսօր բիզնես չունի, ո՞վ այսօր պրոբլեմ չունի բիզնեսում, կա՞ տենց մեկը»:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

 

ՔԱՐ ՆԵՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հունվարի 15-ին Գյումրիի ինքնաբուխ բողոքի ակցիայի ժամանակ առաջացած բախումների քրեական գործով ձերբակալվել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ 21-ամյա Մնացական Ալեքսանյանը եւ տեղափոխվել Ախուրյանի ՁՊՎ:
Ձերբակալված երիտասարդի հայրը՝ Մարտիրոս Մնացականյանը, երեկ ողջ օրը գտնվել է Շիրակի մարզի դատախազությունում եւ հանդիպում է պահանջել Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի հետ:
Armlur.am-ի հետ զրույցում Մարտիրոս Մնացականյանը վստահեցրեց, որ եթե որդուն բաց չթողնեն ոստիկանական բաժանմունքից, ինքն իր հետագա քայլերի համար պատասխանատու չէ: Ձերբակալվածի հայրը նշեց նաեւ, որ ինքը միայն ցանկանում է հարցին արագ լուծում տալ եւ Շիրակի դատախազություն էր գնացել Ր. Ասլանյանի հետ բանակցելու նպատակով: «Այսօր առավոտից դատախազությունում եմ: Ո՛չ մի նորություն, ո՛չ մի բան դեռ չկա: Ես հաստատ գիտեմ, բոլորին էլ ասում եմ, որ էրեխաս ոչ մի բան էդ օրը չի արել, ընդհակառակը, կռվողներին էր բաժանում, հանգստացնում»,-զայրացած ասաց մեր զրուցակիցը: Մեր հարցին՝ ինչո՞ւ են իրավապահները հենց նրա որդուն ընտրել ձերբակալության համար, Մարտիրոս Ալեքսանյանը նշեց. «Որովհետեւ որդիս Ասկերանում ծառայել է, երկու դիվերսիա է հետ մղել ու պարգեւատրվել: Ու հիմա էլ ամբողջ գյուղն է ոտքի ելել: Դատախազի հետ չէինք կարողանում հանդիպել, ուժային կառույցների հետ ինչ-որ խորհրդաժողովի էր: Կեսօրից հետո միայն միջանցքում մի կերպ հանդիպեցի, ասում ա, թե աժիոտաժ մի ստեղծեք, ամեն ինչ օրենքի սահմաններում կլինի»:
Մարտիրոս Ալեքսանյանը նշեց նաեւ, որ այսքանն ասելուց հետո Րաֆֆի Ասլանյանը հրաժարվել է լսել իրեն, իսկ որդու փաստաբանին էլ ասել է, թե այսօր կեսօրին պարզ կդառնա՝ Մնացականն ազատ կարձակվի, թե կկալանավորվի: «Փաստորեն, յոթանասուներկու ժամ պետք է պահեին: Ու մեղադրանքն էլ խուլիգանության հոդվածով են դրել, իբր զենքանման իրեր գործադրելով՝ խախտել է հասարակական կարգը»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

 

ՓՈՂ ԵՆ ՈՒԶՈՒՄ
Երեկ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները Հանրապետության հրապարակում հանդես եկան բացօթյա ասուլիսով եւ ներկայացրին հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած միջադեպի մանրամասները: Փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը հայտնեց, որ միջադեպի արդյունքում իրենք 35 հազար դոլարի վնաս են կրել, եւ խնդրեց աջակցել տուժածներին: Նշենք՝ մինչ ասուլիսի մեկնարկը, հրապարակ էին բերվել դեպքի օրը վնասված եւ ջարդուխուրդ եղած ավտոմեքենաները, որոնք ոստիկանները տեղափոխեցին տուգանային հրապարակ: Այս ընթացքում բերման ենթարկվեցին «Հիմնադիր խորհրդարանի» նախագահի տեղակալ Հայկ Գրիգորյանն ու քարտուղարության անդամ Գեւորգ Սաֆարյանը:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




Լրահոս