Հայաստան-Ֆրանսիա դիվանագիտական հարաբերությունների սկիզբը դրվել է դեռեւս 1992թ. փետրվարի 24-ից: Երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի մասին ակնառու կերպով վկայում են վերջին երկու տասնամյակների փոխադարձ դիվանագիտական այցերը, առեւտրային եւ մշակութային կապերը, ինչու չէ, նաեւ աշխարհում խոշորներից համարվող հայ համայնքի առկայությունը, որի անդամների թիվը կազմում է 900 հազար: Ֆրանսիան մեկն է այն 22 երկրներից, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ու թեեւ 2006թ. հոկտեմբերին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն այդպես էլ կյանքի չկոչվեց, այդուամենայնիվ, Ֆրանսիան շարունակում է մնալ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում Հայաստանի բարեկամ երկրների առաջին շարքերում: Եվ այդ մասին է վկայում նաեւ այն փաստը, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին լինելու է Երեւանում` հայ ժողովրդի կողքին:
Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ` «Ժողովուրդ» օրաթերթը նախաձեռնել է հարցազրույցների շարք եւ այդ առիթով մի քանի հարց ուղղել Հայաստանում Ֆրանսիաի արտակարգ եւ լիազոր դեսպան ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, ով տակավին վերջերս է ստանձնել իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
-Մեծարգո՛ դեսպան, Դուք Հայաստանում ներկայացնում ենք Ձեր երկիրը: Խնդրում ենք ասել, թե ի՞նչ գիտեք Հայոց ցեղասպանության մասին, եւ, ընդհանրապես, ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը պատմական այդ արյունալի իրադարձության հանդեպ:
-Օրեր առաջ՝ հունվարի 28-ին, Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների առաջ Հանրապետության Նախագահ Օլանդը եւս մեկ անգամ արտահայտեց Ֆրանսիայի դիրքորոշումն այս հարցի առնչությամբ: Նա նկարագրեց իրականացված ջարդերի գործընթացի տարբեր փուլերը: Նախ՝ զանգվածային սպանություններ՝ սկսած 1915-ի ապրիլի 24-ից, հետո՝ աքսոր դեպի Սիրիա, որի ճանապարհին շատ տեղահանված գերեվարվածներ զոհվեցին, վերջապես՝ ճամբարներ՝ «կանխագիտությամբ այլ ճամբարների», որտեղ հայերը մահացան հյուծվածությունից, քաղցից եւ ցրտից:
Դատելով ջարդերի ընդունած չափերից եւ այն փաստից, որ միայն հայ լինելը բավական էր սպանվելու համար, կասկած չկա, որ կատարվածը ցեղասպանություն էր: 2001-ի հունվարի 29-ին Ֆրանսիան նոր ուժ հաղորդեց ցեղասպանության ճանաչմանը՝ այն ճանաչելով օրենքի ուժով: Խոսքի ազատությունը, որն այդքան կարեւորում է Ֆրանսիան, ոչ մի պարագայում չի կարող ընկալվել որպես «մարդկության դեմ հանցանքի ժխտում» թույլատրող պատրվակ, ինչպես դա ցույց տվեցին վերջին շաբաթների ողբերգական դեպքերը:
-Որպես Հայաստանի հետ դիվանագիտական եւ բարեկամական սերտ հարաբերություններ ունեցող եւ հայ ժողովրդի բարեկամ երկիր՝ Ձեր կողմից Հայոց ցեղասպանությանը նվիրված որեւէ անդրադարձ լինելո՞ւ է՝ միջոցառման կամ հիշատակման այլ ձեւով:
-Իհարկե: Միջոցառումներ են նախատեսված ողջ երկրում: Ի դեպ, դրանց մեկնարկը տրվեց հունվարի 28-ին տեղի ունեցած ընթրիքի ժամանակ: Հանրապետության Նախագահի ելույթը զետեղվեց համացանցում, լուսաբանվեց ֆրանսիական մամուլի ազդեցիկ օրգանների կողմից: Փետրվար-մարտ ամիսներին կկազմակերպվեն համերգներ, ցուցահանդեսներ, գիտաժողովներ, թատերական բեմադրություններ եւ հավաքներ: Ապրիլի 24-ը՝ Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում նախատեսված տարբեր միջոցառումներով հանդերձ, ինքնըստինքյան կլինի հարյուրամյակի շուրջ համախմբման կիզակետը: Մշտարթուն հիշողությանն ուղղված այս մոտեցումը կշարունակվի մինչեւ տարեվերջ, կնշանավորվի Ցեղասպանության վերապրածներին նվիրված հուշարձանի բացումով:
-Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի նախագահի կողմից կատարված այն քայլը, որ նա ապրիլի 24-ին շուրջ 102 պետությունների նախագահների հրավիրել է Թուրքիա՝ մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառմանը: Մինչդեռ Գալիպոլիի մարտերը սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին եւ շարունակվել մինչեւ 1916 թվականի հունվարի վերջը: Ձեր կարծիքով՝ այդպիսով Թուրքիան ի՞նչ նպատակ է հետապնդում: Կարծիք կա, որ այս ձեւով Թուրքիան փորձում է շեղել աշխարհի ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից եւ հայ ժողովրդի վշտից:
-Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում ոգեկոչման արարողությունների կարգը եւ անցկացման ամսաթիվը: Նման ընտրությունը չի կարող մեկնաբանվել այլ երկրի պաշտոնական ներկայացուցչի կողմից :
-Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ պետք է անեն Հայաստանի բարեկամ պետություններն ու նրանց դիվանագիտական ներկայացուցչությունները՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ հատուցմանը հասնելու համար:
-Նախապես հայտարարելով, որ 2015-ի ապրիլի 24-ին լինելու է Երեւանում, նախագահ Օլանդն առանց երկիմաստության ուղերձ է հղել աշխարհի իր գործընկերներին: Ֆրանսիան հպարտանում է այդ ուղին ցույց տալու համար: Անցյալ տարի Հանրապետության Նախագահն իր գոհունակությունը հայտնեց նախագահ Էրդողանի՝ հայերին ուղղված ցավակցությունների համար՝ ընդգծելով, որ դա միայն առաջին քայլն է, եւ պետք է ավելի հեռուն գնալ: Մի կարեւոր նախադասություն մեջ բերեմ Նախագահի՝ հունվարի 28-ի ելույթից. «Ճշմարտության ջանքերը պիտի շարունակվեն /…/ ժամանակն է փշրել արգելքները, ժամանակն է, որ երկու ազգերը, Հայաստանը եւ Թուրքիան նոր մեկնակետ գտնեն»: Սրանից զատ՝ Նախագահը կրկնեց իր ցանկությունը հայ-թուրքական վերաբացված սահմանի մասին՝ համաձայն 2009-ին՝ Ցյուրիխում, նաեւ Ֆրանսիայի ներկայությամբ, ստորագրված արձանագրությունների: Երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր նախաձեռնություններն արժանի են միջազգային հանրության խրախուսանքին եւ սատարմանը:
Զրուցեց ԹԱՄԱՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԵՐԿԱՐԱՁԳԵԼ ՕՐԵՆՔԸ
Երեկ ՀՀ Կառավարության շենքի առջեւ մի խումբ տաքսու վարորդներ բողոքի ակցիա անցկացրին: Նրանք պայքարում են լիցենզավորման կարգում Կառավարության կողմից կատարված փոփոխությունների դեմ: Ըստ այդ փոփոխությունների՝ լիցենզիա ստանալուց հետո վարորդները պարտավորվում են ամսական 12 հազար դրամ հարկ վճարել:
Նոր կարգի գործողությունը տարածվում է մարդատար-տաքսի ավտոմեքենայով ուղեւորափոխադրում իրականացնող բոլոր կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ ֆիզիկական անձանց վրա: Հիմնավորումն էլ այն է, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքով կպարզեցվի լիցենզավորման գործընթացը, եւ կնվազի կոռուպցիոն ռիսկը: Տեղեկացնենք, որ մասնավոր վարորդների համար նախատեսված պետական տուրքն ամսական կազմում է 12 հազար, իսկ տաքսի ծառայություններում՝ 30 հազար դրամ, որից 9.5 հազարն արտոնագրման վճարն է, 19.5 հազարը՝ եկամտահարկը: Բացի այս՝ 4 մեքենայից ավել ունեցող տաքսի ծառայությունների համար տարեկան տուրքը նախատեսված է 200 հազար դրամ: Ավելին՝ նոր կարգի համաձայն՝ տաքսի մեքենայի մեջ պետք է կահավորված լինի: Ի դեպ, մարզերում գործող տաքսի վարորդներն ամսական վճարելու են 5 հազար դրամ:
Կառավարության շենքի առջեւ հավաքված տաքսու վարորդները գործադիր մարմնից պահանջում էին, որպեսզի մինչեւ հուլիս օրենքը կասեցվի: Կարապետ Ավագյանը, ով երկար տարիներ է, ինչ տաքսու վարորդ է աշխատում, «Ժողովուրդ»-ին ներկայացրեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում տաքսիից օգտվողների թիվն ուղիղ կեսով կրճատվել է: «Բայց հիմա ստիպում են. հաշվիչ պետք է գնենք, թե դա ինչ պարտադիր է, ես չեմ հասկանում, մեքենայի վրա կիլոմետրերը պարզ երեւում են: 50 հազար դրամ արժե հաշվիչը: Ոչ ոք չի հասկանում տաքսու վարորդին, չէ՞ որ ամսվա մեջ մի քանի անգամ ավտոպահեստամասեր են թանկանում, գազը վերջերս թանկացավ, բայց չգիտես ինչու՝ տրանսպորտի սակագինը մնում է նույնը»,- մտահոգվեց տաքսու վարորդ Կարապետը:
Նկատենք, որ բողոքի ակցիային մասնակցող վարորդների մեծ մասն անտեղյակ էր օրենքի մանրամասներից: Եւ նրանք իրենց հուզող հարցերով դիմեցին տրանսպորտի եւ կապի նախարարին՝ Գագիկ Բեգլարյանին: Վերջինս վարորդների հետ զրույցի ընթացքում հայտարարեց. «Այսօր 20 հազարից ավել վարորդներ կան, ովքեր ուրախությամբ ընդունել են օրենքը: Եւ տաքսու վարորդների խնդրանքով անհրաժեշտություն կար օրենքում հավասարություն պահպանել: Ավելին՝ վարձը 2 անգամ ավելի է էժանացել, քան նախկին օրենքով էր: Վճարում եք 12 հազար դրամ եւ վերջ: Այսինքն՝ նախկինում եղած ծախսերը վերացել են, օրինակ՝ հաշվապահի, տեխզննման, ավտոկայանատեղիի վճարները, դրանք հանվել են: Վեց ամսվա ընթացքում բոլորը կլինեն օրինական դաշտում»:
Ավելի ուշ «Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց. «Մենք պահանջում ենք, որ օրենքը կասեցվի մինչեւ հուլիս ամիս»: Նա նաեւ հայտարարեց, որ նախարար Բեգլարյանը տաքսու վարորդներին խաշի է հրավիրել՝ լարվածությունը թուլացնելու նպատակով:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՌԱՆՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ
Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Սարիգյուղը Հայաստանի անկախանալուց հետո խմելու ջրի մեծ խնդիր ունի: Խորհրդային տարիներին Սարիգյուղը Ջողազի ջրամբարի մոտից խմելու ջուր էր ստանում: 1990-ական թվականների երկրորդ կեսին Ջողազի ջրամբարի պատվարի տակ գտնվող աղբյուրից փախստականների նորվեգական խորհրդի ֆինանսավորմամբ կառուցված միկրո-ՀԷԿ-ի միջոցով Սարիգյուղը եւ Սեւքարը ջուր ստացան, սակայն շուտով փոքր ՀԷԿ-ը դադարեց գործել:
Այնուհետեւ Սարիգյուղում խմելու ջրագծի կառուցման ծրագիր իրականացվեց, սակայն գործը կիսատ մնաց: 2004 թվականից Սարիգյուղ համայնքը ղեկավարող Կոմիտաս Էլլարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ներկայումս գյուղի բնակչությունը խմելու ջուր է ստանում գյուղի կենտրոնում գտնվող միակ աղբյուրից, իսկ Սարիգյուղի հին աղբյուրը չի գործում: Համայնքի միակ ծորակի մոտ հաճախ կարելի է տեսնել ջրի հերթի կանգնած մարդկանց: Սարիգյուղի բնակիչներն իրենց բակերում ջրի ցիստեռներ ունեն, որտեղ հավաքված անձրեւաջրերն օգտագործում են կենցաղային նպատակներով: Սարիգյուղցիներից նրանք, ովքեր անձնական օգտագործման ավտոմեքենա ունեն, դրանց մեջ մշտապես ջրի տարաներ են պահում, որպեսզի Իջեւանի տարածաշրջանի աղբյուրներից դրանք լցնեն:
Ռուսաստանում բնակվող սարիգյուղցի Հենրիկ Եգանյանն իր միջոցներով գյուղի զոհված ազատամարտիկների հիշատակին հուշարձան է կառուցել, որի հուշաղբյուրը, սակայն, ջրազուրկ Է: Գյուղապետ Էլլարյանն ասաց, որ ջրի խնդիրը փոքր-ինչ լուծելու համար նախատեսում են առաջիկայում գյուղից դեպի Նոյեմբերյան տանող ճանապարհի եզրին գտնվող խորքային հորից ջուր մղել Սարիգյուղ: Դա պետք է արվի համայնքի սուղ բյուջեի միջոցներով: Կ. Էլլարյանի խոսքերով` եթե հաջողվի պետական բյուջեից ֆինանսավորվող հրատապ ծրագրերի մեջ ներառել այդ գործը, մեծ աջակցություն կլինի համայնքին: Նա հայտնեց, որ նախատեսվում է Հայաստանի Կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» (ԻՖԱԴ) պետական հիմնարկի ֆինանսավորմամբ իրականացնել Սարիգյուղից դեպի Իջեւան տանող ճանապարհին, Սարիգյուղի ավտոգազալցավորման ճնշման կայանի մոտ խորքային հորեր փորելու եւ դրանց ջուրը Սարիգյուղ մղելու ծրագիրը: Գյուղապետի խոսքերով` այդ ծրագիրը փետրվարի վերջին կքննարկվի Հայաստանի Կառավարությունում եւ հավանության արժանանալու դեպքում կիրականացվի 2016թ.:
1154 բնակիչ ունեցող, հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին 6 զոհ տված Սարիգյուղը խմելու ջրի բազմաչարչար հարցը լուծելու համար Հայաստանի Կառավարության աջակցության կարիքն ունի: Օգնություն, որը տարիներ շարունակ չի ցուցաբերվում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ