Ի՞նչ պետք է աներ Գագիկ Ծառուկյանը, սպասվո՞ւմ էր, որ պետք է զենք բաժաներ. Արամ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 5-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովի, արձանագրած արդյունքների և հետագա ծրագրերի մասին Armlur.am-ը զրուցեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ, ով վերջին շրջանում համագործակցում է ԲՀԿ-ի հետ և ներկա էր խորհրդաժողովին:

– Պարո՛ն Հարությունյան, Գագիկ Ծառուկյանի կազմակերպած խորհրդաժողովից հետո տարբեր կարծիքներ հնչեցին: Օրինակ՝ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը  հայտարարեց, թե իր սպասելիքները չեն արդարացել և նույնիսկ մտածում է «Համաժողովրդական շարժումը» լքելու մասին: Դուք ի՞նչ տպավորություն եք ստացել, Ձեր սպասելիքներն արդարացվե՞լ են:

– Տարբեր կարծիքներ հնչեցին: Ի վերջո հարթակ էր տարբեր կարծիքներ հայտնելու համար, և ելույթներ եղան: Առաջիկայում կամփոփվի այդ ամեն ինչը: Ես չգիտեմ, թե Տիգրան Կարապետյանն ինչ էր ակնկալում: Իմ սպասելիքներն արդարացվել են:

– ԲՀԿ առաջնորդի ելույթից ի՞նչ տպավորություն ստացաք: Նա ի՞նչ է պատրաստ անել:

– Գագիկ Ծառուկյանի ելույթը հստակ կարելի է ասել՝ ամփոփումն էր այն ամենի, ինչ մինչ այդ պահը կար: Ինքն, ըստ էության, երկրի վիճակը նկարագրեց, նաև առաջարկություններ ներկայացրեց իշխանություններին: Նա նաև չբացառեց, որ եթե իշխանությունները կրկին մերժեն բոլոր առաջարկները, արտահերթ ընտրություններ կլինեն: Ես չգիտեմ ուրիշ ինչ պետք է աներ Ծառուկյանը կամ խորհրդաժողովը, որ չարեց: Դա ի վերջո այն հանդիպումն էր, որն ի մի էր բերելու բոլոր մոտեցումները: Գագիկ Ծառուկյանի ելույթը շատ լավ ելույթ էր, հստակ: ԲՀԿ-ին միշտ մեղադրում են արագ գործողությունների չդիմելու մեջ: Հենց դրանով է այդ շարժումը տարբերվում նախկիններից, քանի որ նախկինների սխալները հաշվի է առել: Ավելին ի՞նչ պետք է աներ Ծառուկյանը: Սպասվո՞ւմ էր, որ ինքը պետք է զենք բաժանի ու ասի՞` գնում ենք Բաղրամյան 26:

– Շատերը նրա ելույթը մեղմ անվանեցին:

– Ի վերջո, «Համաժողովրդական շարժման» կենտրոնում ԲՀԿ-ն է` իր մոտեցումներով: Եվ քանի որ սա ընդհանուր շարժում է, այնպես չէ, որ մեկիս մոտեցումը պետք է լինի որոշողը: Դրա համար այդ տարբեր մոտեցումները պետք է ի մի բերվի: Ամսի հինգին մեկնարկ ենք տվել քաղաքական ակտիվացման, համոզված եմ, որ հանրահավաքներն էլ այնպես չէ, որ պետք է հենց այնպես արվեն: Իշխանությունն էլ այլ ելք չունի, որովհետև որևէ ռեսուրս չունի, իսկ ժողովուրդն էլ իրեն չի վստահում, արտաքին աշխարհում վարկաբեկված են: Ես իմ ելույթում ասացի, թե ռուսական առածն ասում է, որ «ձուկը գլխից է հոտում», իսկ հայկական առածն ասում է, որ պետք է «գլխից բռնել», իսկ Սահմանադրության 49-րդ հոդվածն ասում է, թե ով է պետության գլուխը: Այսինքն, «Համաժողովրդական շարժման» պահանջները պետք է ուղղված լինեն պետության գլխին, քանի դեռ այդ գլուխն ի վիճակի է հրամաններ արձակել:

– Բայց այսքան ժամանակ իշխանությունը, կարծես թե, զիջումների չգնաց, նույնիսկ 12 կետերը չկատարեց:

– Իշխանություններն արդեն գնացել են զիջումներ: Առաջին հերթին Սահմանադրական բարեփոխումները հետաձգեցին, 12 կետերին անդրադարձան:  «Համաժողովրդական շարժումն» արդեն ասաց, որ այդ պահանջները նաև ժողովրդի պահանջներն են: Մենք տեսնում ենք իշխանության ջղաձգումները, Երանոսյաններին մեջ գցելը, այդ ծեծ ու ջարդը: Տարբեր միջոցներով փորձում են ճնշել, համոզված եմ, որ դա էլ չի հաջողվելու և հակառակը` ավելի է ամրապնդելու համաժողովրդական շարժման շարքերը:

– Դուք իշխանության փոփոխություն ե՞րբ եք սպասում: Կլինեն հերթական ընտրություններ, թե` արտահերթ:

– Հույս ունեմ, որ 2015թ. մենք ունենալու ենք արտահերթ ընտրություններ, որովհետև այլևս այսպես շարունակել չի կարելի: Ժողովրդի վիճակն օր օրի վատանում է, իսկ արտագաղթի չափերն էլ մեծանում:

 

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս