Այսօր Նոր Նորքի 4-րդ զանգվածում ինքնահրկիզված 47-ամյա Աննա Բադալյանի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին Armlur.am-ին հայտնեց Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի բժիշկ Ներսիսյանը: Վերջինիս փոխանցմամբ` Աննա Բադալյանը մարմնի մակերեսի 95 % այրվածք է ստացել, իսկ դա անհամատեղելի է կյանքի հետ:
Ինչ վերաբերում է 9-ամյա երեխային, նա «բաց գանգուղեղային վնասվածք և մարմնի տարբեր մասերի հատվածների այրվածք» ախտորոշումներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Նա այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրան վիրահատել են, վիճակը կայուն ծանր է:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել այսօր` 05:00-ին: Քննչական կոմիտեից հայտնում են, որ բնակարանից հայտնաբերվել և առգրավվել է բջջային հեռախոս։ Հյուրասենյակում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ բազմոցին կիպ պատի վրա՝ երկտողանի հայատառ գրառում՝«մեր մահվան պատճառը էդ սր-ն է» , որից վերցվել են պատի քերուկներ։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Քննությամբ պարզվել է, որ մայրը մուրճով հարվածներ է հասցրել դեռահաս որդու գլխին. արարքը որակվել է սպանության փորձ:
Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 9-ամյա տղային գանգուղեղային վնասվածքներ պատճառելու և բնակարանը հրկիզելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ Ա. Բադալյանը 2015թ. փետրվարի 9-ին՝ ժամը 04-ի սահմաններում, կողպել է իրենց բնակարանի մուտքի դուռը և պատուհանները, որից հետո, սպանելու դիտավորությամբ, մուրճով բազմաթիվ հարվածներ հասցրել դեռահաս որդու կենսական կարևոր օրգանի՝ գլխի շրջանում։
Հարվածների հետևանքով երեխային պատճառվել են գանգուղեղային բաց վնասվածքներ։
Սպանության դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով կինը հրկիզել է բնակարանը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանացագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ առաջացած հրդեհը մարելու նպատակով դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցները և Ա. Բադալյանին ու Ֆ. Նահապետյանին դուրս են բերել բնակարանից։
Ձեռք բերված նոր ապացույցների հիման վրա՝ արարքը որակվել է որպես երեխայի նկատմամբ սպանության փորձ և հարուցվել քրեական գործ՝ մոր կողմից երեխային սպանելու փորձ կատարելու և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է մուրճը՝ արյան հետքերով եւ բենզինի հոտով պոլիէթիլենային տարա։