Մյունխենի ամենամյա անվտանգության համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը , ըստ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, հարթ չի ընթացել: Հնչող հարցերից նա երբեմն շփոթվել է և, ըստ էութան, կրկնել բազմիցս հնեցրած իր ձևակերպումները: Ալիևի մյունխենյան ելույթի տպավորություններով կիսվել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
-Ընդհանուր տպավորությունը այն է, որ Ադրբեջանի նախագահը վերջնականապես կորցնելով թե՛ հարգանքը միջազգային հանրության նկատմամբ, և թե՛ ինքնահարգանքը, այլևս ուրիշ տարբերակ չունի, քան աշխարհին ևս մեկ անգամ թյուրիմացության մեջ գցել և ներկայանալ բացարձակ ստով: Բայց չի կարելի այդքան անտրամաբանական և անհետևողական ստել: Ի տարբերություն մի քանի տարի առաջվա իրավիճակի, երբ հակամարտության կողմերին հավասարեցնող գնահատականներ էին հնչում, կամ հնչում էին հարցեր՝ ով է կրակում, ով է նախահարձակ լինում, այսօր արդեն ամեն ինչ այնքան պարզ է, որ ,,դադարեցրեք կրակել,, մակարդակի պարզունակ անտրամաբանական սուտը ասողին պարզապես ծիծաղելի է դարձնում: Վկայակոչենք Մինսկի խմբի հմանախագահների` Մամեդյարովի հետ վերջին հանդիպման ժամանակ, ուղղակիորեն Ադրբեջանի հասցեին հնչեցված գնահատականները այն մասին, որ Ադրբեջանը պետք է կատարի հակամարտության խաղաղ կարգավորման գործում ստանձնած իր պարտավորությունները և դադարեցնի սահմանին անցյալ տարվանից սկսած լարվածության աճը: Ինչպես տեսնում ենք, հայկական դիվանագիտությունը հասել է մի հանգրվանի , երբ առաջին անգամ խախտվեցին պարիտետային գնահատականները և բաքվին ասացին՝ դու ես լարվածության մեղավորը: Այս պարագայում Ալիևը դեռ շարունակում է բարձրաձայնել, թե հայկական կողմը մարտավարություն է կիրառում՝ կրակում է և մեղքը գցում Ադրբեջանի վրա: Ադրբեջանի նախագահի ընտրած ձևը հենց ջայլամի քաղաքականությունն է, որ կա՝ գլուխն ավազի մեջ մտցնել…, քանզի մտածում է , թե շատ դժվար է համադրել իր իսկ ռազմական հռետորաբանությունը, բազմաթիվ օր ու մեջ հնչող հայտարարությունները՝ Ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին, միլիարդավոր դոլարների սպառազինությունները , բանակցային գործընթացում վերջին մի քանի տարում ցուցաբերած պահվածքը, դիպուկահարների ետ քաշելու, հետաքննության մեխանիզմներ մշակելու անհամաձայնությունը և այն իրավիճակը, որն այսօր առկա է սահմաններում և շփման գծում:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ամեն ինչ ասված է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարարությունում արված հայտարարության մեջ, որ ,,մենք պատերազմ հրահրելու որևէ պատճառ չունենք և երբեք նախահարձակ չենք լինում, սակայն մեր հանդեպ ձեռնարկված ցանկացած միջադեպի հետևել և հետևելու է հատուցման գործողություն,,:
Իհարկե, Ադրբեջանի նախագահը լավ գիտի, որ Աղդամը և Ֆիզուլին խաղաղ հայ բնակչության համար անվտանգության գոտիներ են, և 1994թ. հրադադարը ստորագրելիս նրա հայրը նույնպես դա իմացել է, ուստի այսօր չարժե չքմեղանալ և զարմանք բեմադրել: Չարժե այլևս այդքան տրտնջալ նաև ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի շուրջ՝ այդ խաղը հնացավ: Նախագահ Ս. Սարգսյանը չափից ավելի մանրամասն պարզաբանեց այդ խնդիրը ՝ վերջակետ դնելով թեմային:
Ալիևը դժգոհում է երկակի ստանդարտներից՝ կոչ անելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը մոտենալ այնպես, ինչպես Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, քանի որ երկու դեպքում էլ, իր կարծիքով, տեղի է ունեցել նույն սցենարը՝ օկուպացիա և սեպարատիզմ: Կարծում եմ, այդ մասով լավագույն պատասխանը Ալիևին տվեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով հիշեցրեց, որ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ առաջնահերթ է ազգերի ինքնորոշման իրավունքը: Հիշեցրեց նաև , որ ՄԱԿ-ը իր դեկլարացիայում սահմանել է միջազգային իրավունքի երկրները, որոնք ուզում են, որ իրենց ինքնիշխանությունը հարգվի. պետք է հարգեն այդ երկրներում ապրող ազգերի իրավունքը և թույլ չտան ինքնորոշման իրավունքի կանխումը՝ բիրտ ուժի օգտագործման ճանապարհով:
Շնորհակալություն, Սերգեյ Վիկտորովիչ, ինքնորոշման համար պայքարող բոլոր ժողովուրդների անունից: