ԻՄԻՏԱՏԻՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունը երեկ հաղորդագրություն տարածեց այն մասին, որ  ոստիկանության անձնագրային եւ վիզաների  վարչության  Արագածի  անձնագրային խմբի  առաջատար մասնագետ Գայանե Հովհաննիսյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, փաստաթղթերում կատարել է կեղծիքներ: Մասնավորապես, նա առանց համապատասխան փաստաթղթերի առկայության եւ մտացածին հիմքերով,  2011թթ. մայիսի  4-ի ամսաթվով մի քաղաքացու տվել է ՀՀ անձնագիր, նույն տվյալներով  եւս երկու անձնագիր տալով 2012թ. ապրիլի 18-ին եւ մայիսի   30-ին: Սա շատ ուշագրավ տեղեկատվություն է այն առումով, որ վերջին խորհրդարանական ընտրությունների ամենամեծ կեղծարարությունը կապված էր հենց անձնագրային տվյալների եւ ցուցակների ուռճացվածության հետ: Հիշեցնենք, որ անձնագրային տվյալների հսկայածավալ կեղծիքների  բացահայտման հետ է կապվում նաեւ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությունը, ով, ըստ որոշ չհերքված տեղեկությունների,  2008թ. ՀՀ նախագահական ընտրություններից հետո բացահայտել էր մի քանի տասնյակ հազարի կեղծ անձնագրերի շրջանառության փաստը: Ինչպես տեսնում ենք, մինչ օրս ո՛չ Մհերյանի սպանությունն է բացահայտվել, ո՛չ էլ անձնագրերի հետ կապված  վարկածն է հերքվել: Սակայն վերջին խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմությունը, հատկապես Հայ ազգային կոնգրեսը, առավել հետեւողական եղավ բոլոր միջազգային կառույցներին հենց կեղծ անձնագրերի շրջանառության փաստերը մատնացույց անելու հարցում: Իսկ Սերժ Սարգսյանն, ինչպես գիտենք, ցանկանում էր, որ այս ընտրություններն ու դրանց տրված արձագանքը լինեին «աննախադեպ», ինչը, սակայն, չհաջողվեց` նաեւ անձնագրային կեղծարարության փաստերի բարձրաձայնման շնորհիվ: Եվ քանի որ առաջիկայում նախագահական ընտրություններն են, իշխանությունները ստիպված են  միջազգային կառույցներին ցույց տալ, որ քայլեր են կատարում  անձնագրային կեղծիքների բացահայտման ուղղությամբ: Արագածի  անձնագրային խմբի  առաջատար մասնագետ Գայանե Հովհաննիսյանի ձերբակալությունը պետք է դիտարկել հենց այս համատեքստում, ինչը, սակայն, դժվար թե համոզիչ դիտվի:  Որեւէ մեկի, անգամ միջազգային  կառույցների համար,  գաղտնիք չէ, որ Հայաստանում  պետական հիմնարկության, այն էլ` անձնագրային եւ վիզաների վարչության   առաջատար մասնագետը չի կարող նման  քայլեր կատարել առանց ղեկավարության առնվազն համաձայնության, եթե ոչ` հանձնարարության: Ուստի, եթե իշխանությունները ուզում են իսկապես համոզել, որ իրենք քայլեր են անում անձնագրային կեղծարարության բացահայտման ուղղությամբ, պետք է քանդեն շղթայի ավելի բարձրաստիճան օղակները: Ինչը, սակայն, նրանք ոչ մի դեպքում չեն անի, քանի որ դա կարող է հասնել մինչեւ իշխանական բուրգի ամենավերին հատվածը: Եվ այս առումով բավական հատկանշական է այն, որ անձնագրերի վարչության աշխատակցի տված կեղծ անձնագրերից միայն մեկն է տրվել խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Այդպիսով, հավանաբար, իշխանությունները ուզում են ցույց տալ, որ անձնագրային կեղծարարությունը միշտ չէ, որ կապված է ընտրությունների հետ:




Լրահոս