9 փետրվարի 2015 թվական, Երևան. Beeline-ը շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները: Մասնավորապես, 2015թ.-ի փետրվար ամսին մեկնարկել են ֆիքսված կապի թվայնացման և գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման աշխատանքները Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքում և Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամասում:
Թվայնացման աշխատանքների ավարտից հետո, որը նախատեսվում է մինչև ս.թ. մարտի 22-ը, Սառնաղբյուր համայնքի և Վանաձորի Տարոն-2 թաղամասի բնակիչներին հասանելի կլինեն նոր որակի թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի ծառայությունները: Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն սարքավորումների փոխարինման և վերազինման աշխատանքներ, կտեղադրվեն օպտիկամանրաթելային մալուխներ, իսկ գործող բաժանորդային գծերը կվերամիացվեն նոր թվային կայանին:
«Անցյալ տարվա ընթացքում Beeline-ը նշանակալի միջոցներ ներդրեց լարային ենթակառուցվածքի զարգացման համար, որը մեծապես նպաստեց գերարագ լարային ինտերնետի աշխարհագրության ընդլայմանը: Մենք կշարունակենք մեր ենթակառուցվածքների զարգացման գործընթացը` Beeline-ի պարզ և հարմար ծառայություններն դարձնելով էլ ավելի որակյալ ու մատչելի», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ 2014 թ. ընթացքում Beeline-ը թվայնացրել է Հայաստանի 16 բնակավայրերի հեռախոսային ցանց, մոնտաժվել է ավելի քան 3500 հեռախոսագիծ և լայնաշերտ ինտերնետի ծառայությունների ավելի քան 1000 նոր պորտ: Ընկերության ձեռքբերումներից է նաև ֆիքսված հեռախոսակապի ծառայության սակագների նշանակալի նվազեցումը։