ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ՝ Գյումրիի բնակիչ, 24-ամյա Ժենյա Սարիբեկյանի մահվան դեպքի առթիվ։
2015 թվականի փետրվարի 8-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Չարենցի փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է նույն տան 24-ամյա բնակչուհու դին։
Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Ժ.Սարիբեկյանն ինքնասպանություն է գործել տանը՝ հյուրասենյակի կահույքից գլխաշորով կախվելու միջոցով: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նկատի ունենալով, որ նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ նույն օրը քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։
Քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ աղջկա մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու ուղղությամբ։