ՊԱՇՏՈՆԸ ԳԵՂԵՑԻԿ Է ԻՐ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՂՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը օգոստոսի 6-ից կաշխատի ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտում որպես փոխտնօրեն: Տիկին Բախշյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ինքը շարունակելու է իր օբյեկտիվ կեցվածքը` քննադատելով բոլոր արատավոր երեւույթները, եւ պաշտոնն այդտեղ կապ չունի:
-Տիկի՛ն Բախշյան, ինչպե՞ս համաձայնեցիք ընդունել այդ պաշտոնը, այն դեպքում, երբ տակավին վերջերս ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից մեկն էիք, եւ այժմ էլ՝ ընդդիմադիր համարվող քաղաքական ուժի անդամ:  
-Տարօրինակ է, որ նման հարց եք ինձ տալիս: Ես գնում եմ նախ իմ ցանկությամբ եւ շատ ուրախ եմ, որ այդ պաշտոնն են առաջարկել, ես համոզված եմ, որ ամեն մի պաշտոն գեղեցիկ է իր պաշտոնավարողով, դա վերաբերվում է նախագահից մինչեւ չգիտեմ ով: Ինձ այդ պաշտոնն առաջարկվել էր հունիսի սկզբին պարոն Աշոտյանի կողմից, ես ասել էի, որ կմտածեմ: Ես մտածեցի, ուսումնասիրեցի, չնայած որպես կրթության ոլորտի մարդ՝ գիտեի, թե ինչ պետք է անեմ: Բայց, այնուամենայնիվ, այսպես ասած՝ «մուշտարու» աչքով ուսումնասիրեցի այդ գործունեությունը, խնդիրները, որոնք առկա են կրթության ոլորտում, որոնք ես թե՛ տնօրեն եղած ժամանակս, թե՛ անցած 5 տարիներին որպես պատգամավոր շոշափել եւ փորձել էի այդ ամենի լուծումը գտնել: Ես կարծում եմ, որ իմ լիազորությունների շրջանակում կարող եմ ե՛ւ տեղում ուսումնասիրել, ե՛ւ լուծումներ առաջարկել իմ գործընկերներին: Իներցիան շատ է, պետք է այդ իներտ վիճակից դուրս գալ:
-Կուսակցության հետ քննարկե՞լ եք Ձեր որոշումը, «Ժառանգություն»-ում  կո՞ղմ էին, որ Դուք այդ պաշտոնը ստանձնեք:
-Դա իմ որոշումն էր, եւ ես բոլորովին այդ պարտավորությունը չունեմ, որ քննարկեմ, դա քաղաքական պաշտոն չէ, իմ մասնագիտական ոլորտին վերաբերող առաջարկ է, որը ես ընդունեցի: Բայց այդքանից հետո ես նախապես մեր «Ժառանգության» գործընկերների եւ մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, այո՛, խոսել եւ ասել էի, որ սիրով կընդունեմ, եթե նման առաջարկներ լինեն: Դա դեռ նոր-նոր այն ժամանակներն էին, երբ ես արդեն ԱԺ պատգամավոր չէի: Ես ասել էի, որ պետք է աշխատեմ կրթության ոլորտում:
-Մտավախություն չունե՞ք, որ հնարավոր է՝ Ձեզ մեղադրեն իշխանության հետ համագործակցելու, «խաղեր տալու» մեջ: Գուցե հասարակությունը Ձեր այս քայլը սխալ հասկանա:
-Հասարակությունը թող նախ մտաբերի, թե այս 5 տարիների ընթացքում, երբ ես քաղաքական ընդդիմադիր հավաքական ուժի ներկայացուցիչ էի, ինչպես եմ համագործակցել կրթության եւ գիտության նախարարության հետ: Ե՛ւ քննադատել եմ, ե՛ւ օգնել եմ, ե՛ւ եղել եմ «Հանրակրթության մասին» օրենքի ենթահանձնաժողովի նախագահ: Հասարակությունը պետք է հիշի, որ կրթությունն ապակուսակցական ոլորտ է, եւ այնտեղ որքան քիչ կուսակցական խնդիրներ լինեն, այնքան կօգտվի ոլորտը, նաեւ պետք է հիշեն, թե ես որքան եմ քննադատել իշխանություններին կրթության ոլորտը քաղաքականացնելու համար:
-Իսկ կշարունակե՞ք այդ քննադատությունն այն պարագայում, երբ իշխանություններից եք այդ պաշտոնը ստացել:
-Անպայման: Իհարկե, կրթության կառավարումը՝ նախարարի պաշտոնը, քաղաքական է, բայց դրանից ցածր աստիճանները պետք է լինեն միայն պրոֆեսիոնալ: Ես շարունակելու եմ պնդել, որ համալսարանի խորհրդի նախագահը հանրապետության նախագահը չի կարող լինել, դա սխալ է, որ վարչապետը չի կարող Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ լինել: Դրանք օբյեկտիվ շահերից բխող պահանջներ են, դա իմ քմահաճույքը չէ, եթե ուզում ենք կրթության ոլորտը շտկել, որպեսզի այդտեղ դպրոցի տնօրենի  գործունեությունը գնահատվի միայն այդ դպրոցի աշակերտների գիտելիքների որակով, այլ ոչ թե ընտրություններին ինչքան տոկոս են ապահովել իշխանության համար, դրա մասին պետք է անընդհատ խոսել:
-Տիկի՛ն Բախշյան, վերջին շրջանում «Ժառանգության» պատգամավորները խուսափում են տեսակետ հայտնելուց: Անհասկանալի է նաեւ կուսակցության առաջնորդի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքը. նա այդպես էլ չի հայտարարում` ինքը ցանկանում է խորհրդարան գնալ, թե ոչ…
-Ուղղակի ամառ է, հանգստանում են, ես մնացած հարցերին չեմ կարող պատասխանել: Րաֆֆի Հովհաննիսյանը մեր դաշտում կա, մնացած հարցերն ինձ մի՛ ուղղեք:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս